Լավագույն դեղաբույսերը քրտնարտադրությունը նվազեցնելու և տհաճ հոտից ազատվելու համար

Քրտինքի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր խնդիրներով, որոնց թվում են ինչպես քրտնագեղձերի աշխատանքի խանգարումներն ու չափազանց առատ քրտնարտադրությունը, այնպես էլ տարբեր հիվանդությունները: Սակայն անկախ այս խնդրի պատճառից դրանից հարկավոր է անպայման ազատվել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղաբույսերը, որոնք կօգնեն պայքարել առատ քրտնարտադրության ու տհաճ հոտի դեմ:

Եղեսպակ

Եղեսպակը հիանալի միջոց է քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար: Կարելի է ամեն օր մի բաժակ եղեսպակով թեյ խմել, ինչը կօգնի նվազեցնել քրտնագեղձերի ակտիվությունը: Բացի այդ, կարելի է եղեսպակի թուրմով շփել թևատակերն ամեն անգամ ցնցուղ ընդունելուց հետո կամ շաբաթական 2-3 անգամ այս բույսի եփուկով լոգանք ընդունել:

Ուռենու կեղև

Թևատակերի տհաճ հոտից ազատվելու արդյունավետ միջոց է նաև ուռենու կեղևը: Այն հարկավոր է թրմել, այնուհետև քամել, ավելացնել մի փոքր բորաքս (բուրա) և օգտագործել լուծույթն օրական մեկ անգամ մաքուր մաշկը շփելու համար:

Կիտրոն

Առատ քրտնարտադրության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը կիտրոնի հյութի ու կերակրի սոդայի խառնուրդն է, սակայն ակնհայտ տարբերությունը նկատելու համար հարկավոր է օրական երկու անգամ դրանով շփել մաքուր մաշկը:

Թանթրվենի

Քրտինքի տհաճ հոտի ու առատ քրտնարտադրության դեմ կարելի է պայքարել նաև թանթրվենու միջոցով: Պարզապես հարկավոր է բույսի թարմ տերևներին (մի բուռ) ավելացնել մեկ լիտր ջուր և եռացնել 10 րոպե, այնուհետև ստացված թուրմն օգտագործել օրական 1-2 անգամ մարմնի առավել շատ քրտնող հատվածները շփելու համար:

Հազրեվարդ

Շատ արդյունավետ է նաև հազրեվարդը: Հարկավոր է 3 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 3 ճաշի գդալ չորացրած հազրեվարդ ու թրմել, այնուհետև ստացված թուրմն ավելացնել լոգանքի ջրին և 15 րոպե լոգանք ընդունել: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ:

Աղբյուր՝tert.am/medicine/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика