Իրավիճակը պարզվեց Մոսկվան հայտնեց իր դիրքորոշումը

Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկվա ասուլիսում մի շարք հայտարարություններ արեց, որոնք վերաբերվում են Արցախի շուրջ վերջին իրադարձություններին: Մինչ այդ, նա ասաց, որ Ռուսաստանի համար հավասարապես կարեւոր են Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ռուսաստանը գործում է համանախագահների կազմում.

«Այս հարցում անում ենք ինչպես համատեղ քայլեր մեր գործընկերների հետ, այնպես էլ առանձին քայլեր: Այս մեխանիզմները կան, աշխատում են: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա», ասել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգը ակտիվորեն քննարկվում է կարգավորման գործընթացում: Մայիսի 30-ից Ադրբեջանը սկսեց խախտել Դուշանբեում «Պուտինի հովանու ներքո» ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանին չկրակելու վերաբերյալ:

Բաքուն նախ հայտարարեց իր սպայի մահվան մասին, որից հետո սպանեց հայ զինծառայողի: Հայկական կողմն ապացույցներ ներկայացրեց այն մասին, որ ադրբեջանցի սպան հայկական կողմի կրակոցից չի սպանվել: Միեւնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ պարգեւատրման է ներկայացրել այն զինծառայողներին, ովքեր վրեժ են լուծել հայ զինծառայողի սպանության համար:

Այս իրադարձությունների կապակցությամբ հայկական կողմը հայտարարեց, որ նման միջադեպերից խուսափելու համար պետք է իրականացնել 2016-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմի տեղակայման վերաբերյալ:

Դա ըստ էության Արցախ-Ադրբեջան, կամ ավելի լայն առումով՝ Հայաստան-Ադրբեջան նոր սահմանի միջազգային ճանաչման ակտ է, որը Բաքուն չի ընդունում: Դա ձեռնտու չէ նաեւ Մոսկվային, որը Վիեննայի օրակարգը չեղարկելու հարցում սերտ գործակցել  է Բաքվի հետ: Մոսկվան ու Բաքուն հենց 2016-ին հասան նրան, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը առնվազն չպնդեց այդ մեխանիզմների գործարկումը որպես բանակցության պայման:

Թե ինչի դիմաց էր նախկին իշխանությունը համաձայնվել դրան՝ այդպես էլ պարզ չդարձավ, քանի որ դրանից հետո էլ սահմանին շարունակվում էին սպանությունները: Թեեւ, Ժնեւում Ալիեւի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ լարվածությունը կթուլանա:

Այս «թեման» շարունակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Պաշտոնական Երեւանը սկզբնական շրջանում նույնպես չէր պնդում Վիեննայի օրակարգը, սակայն պարզ դարձավ, որ դրա պայմանը Դուշանբեի պայմանավորվածությունն էր չկրակելու մասին:

Այդ պայմանավորվածությունը փաստացի պահպանվեց մինչեւ հունիսի 1-ը, որից հետո Երեւանը հայտարարեց Վիեննայի մասին: Բաքուն փորձում է դուրս գալ Դուշանբեի պայմանավորվածությունից, ակնհայտորեն դիմելով Ռուսաստանի օգնությանը: Միեւնույն ժամանակ, Դուշանբեն Ալիեւի դեմքը պահելու միակ միջոցն էր, եւ անհասկանալի է, թե ինչ քայլեր ունի Բաքուն դրանից հետո:

Պատերազմի երաշխիքներ ներկայում չկան, եւ ՀՀ ՊՆ հայտնի հայտարարությունն էլ ցույց տվեց, որ երաշխիքներ չկան նաեւ այն մասով, որ ռազմական գործողությունների դեպքում հայկական կողմը կանգ կառնի Բաքվին պետք եղած ժամանակ, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այս իրադարձությունների ֆոնին, ՌԴ դեսպանի հայտարարությունները կարելի է գնահատել որպես ուղերձ Երեւանին ու Բաքվին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Ռուսաստանին դրել է ուղիղ պատասխանատվության տակ, Արցախում ռազմական էսկալացիայի հարցում, նշելով, որ Ռուսաստանն ի վիճակի է դա թույլ չտալ: Դեսպանն ասում է, որ ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից:

Մյուս կողմից, Կոպիրկինը Բաքվին ակնարկում ու զգուշացնում է, որ չի կարող կանխել Վիեննայի օրակարգը, եթե Ադրբեջանը դուրս գա Դուշանբեի պայմանավորվածությունից: Պետք է ասել, որ դեսպանը լիովին իրատեսական պարզաբանել է իրավիճակը եւ Ռուսաստանի դիրքորոշումը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика