Ինչ չեն խոստովանում իշխանությունները գազի գնի չարագույժ առեղծվածը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն չէր բացառել, որ կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելով: Իր հերթին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում խոսելով գազի գների թանկացման թեմայով, վստահեցրել է, որ կապույտ վառելիքը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու: Թե ինչ կլինի հետո, փոխվարչապետն, ըստ էության, դժվարացել էր կանխատեսումներ անել՝ չբացառելով, որ «Գազպրոմ Արմենիան», այնուամենայնիվ, գազի գնի վերանայման հայտ կներկայացնի:

Գազի գնի շուրջ ստեղծված խորհրդավոր իրավիճակը, որն առաջացել է ստացվող տեղեկությունների ու իշխանությունների կողմից դրանց տրվող ինքնատիպ մեկնաբանությունների արդյունքում, հուշում է, որ բոլոր դեպքերում Հայաստանի բնակչությանը չի հաջողվելու խուսափել գազի գների թանկացման մոտալուտ հեռանկարից: Եթե նույնիսկ ենթադրենք էլ, որ մինչև ապրիլի 1-ը բնակչության համար գազի գները մնալու են նույնը, խնդրի էությունը դրանից չի փոխվելու. մի քանի ամիս ուշ, թե շուտ, այնուամենայնիվ, ազգաբնակչությունը ստիպված է լինելու իր փխրուն ուսերին առնել խոստացված տնտեսական հեղափոխության հետ ոչ մի կերպ չներդաշնակվող թանկացումների բեռը:

Նշենք, որ անցած տարվա վերջին տեղեկություն էր ստացվել այն մասին, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին. Հայաստանի սահմանին ռուսական գազի սակագինը 2019թ.-ի հունվարի 1-ից կազմել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց՝ նախկին 150 դոլարի փոխարեն, իսկ ըստ որոշ գնահատականների՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան կտրվածքով սուբսիդավորման համար պահանջվում է լրացուցիչ առնվազն 30 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի հայաստանյան սպառողների համար գազի սակագինը մնա անփոփոխ:

Գազի գների հարցը, որը Հայաստանի համար իսկապես կենսական նշանակության խնդիր է, գրեթե մշտապես շահարկման առարկա է հանդիսացել հատկապես ներկայումս իշխանություն հանդիսացող նախկին ընդդիմության համար: Տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սպառողներին՝ այդ թվում բնակչությանը մատակարարվող գազի սակագինը հնարավոր կլինի նվազեցնել, եթե հնարավոր դառնա վերացնել, այսպես կոչված, գազի մաֆիան: Չնայած իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ նոր իշխանություններն ի վերջո կբացահայտեն առեղծվածը, և գազի գնանկում կարձանագրվի, սակայն ապարդյուն:

Ավելին՝ հանկարծ պարզվեց, որ այն իրավիճակը, որն այժմ կա գազի գների հարցում, բացառապես իշխանությունների «հերոսական մաքառումների» արդյունք է և դրա համար հարկավոր է նրանց միայն ծափահարել: Մինչդեռ, ինչպես նշում են, մի շարք փորձագետներ, Հայաստանի համար գազի գների փոփոխության չենթարկվելու փաստը մեծապես պայմանավորված է միջազգային շուկայում տեղի ունեցած կտրուկ փոխակերպումներով: Ավելին՝ հնչում է կարծիք նաև այն մասին, որ ստեղծված մակրոտնտեսական իրավիճակում կարելի կլիներ անգամ գնի նվազում ակնկալել, եթե Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ կառավարությունն ավելի հմուտ գտնվեր:

Մասնավորապես՝ մատնացույց է արվում Մոլդովայի օրինակը, որի համար ռուսական գազային հսկան կապույտ վառելիքի գինը իջեցրել է 15%-ով, և ակնկալվում է առաջիկայում գնանկումը հասցնել 30%-ի, և սա մի պարագայում, երբ Մոսկվայի ռազմավարական դաշնակից է հայտարարված ոչ թե Քիշնևն, այլ՝ Երևանը. գազի գնի հարցը ՌԴ համար միշտ էլ եղել է ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական խնդիր, և գնային քաղաքականության միջոցով է նաև, որ Մոսկվան սովորաբար իր իրական վերաբերմունքն է արտահայտում այս կամ այն երկրի նկատմամբ: Այս առումով գազի գնի բարձրացումը պետք է նախևառաջ համարել որպես յուրատեսակ գնահատական՝ ՀՀ նոր իշխանություններին՝ անմիջապես Կրեմլից, որը, փաստորեն, բավական մտահոգիչ է ու արմատապես հակասում է հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին իշխանությունների կողմից պատմվող առասպելներին. հարաբերությունները, մեղմ ասած, անամպ չեն:

Մինչդեռ այսօր իշխանությունները կամ առնվազը նրանց առանձին ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, նույն իմքայլական Բաբկեն Թունյանը, ջանում են հարցը մինչև վերջ չպարզաբանված թողնել՝ հրաժարվելով «գուշակություններով զբաղվել» ու գազի գնի բարձրացումից «շատ մեծ ողբերգոթյուն չսարքել»: «Երբեմն ավելի լավ է թանկացմանը համաձայնել, բայց չզիջել պետական ակտիվները կամ ինքնիշխանության որոշակի էլեմենտներ»,-լրատվականներից մեկի հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել էր Թունյանն ու համոզմունք հայտնել, որ գազի գնի վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելը անհեռանկար զբաղմունք է:

Իրականում անհեռանկարային են այն արդարացումներն ու պատճառաբանությունները, որոնցով փորձ է արվում սքողել անհրապույր իրականությունը: Այո՛, միգուցե ոմանց համար գազի գների թանկացումը մեծ ողբերգություն չի կարող դառնալ, սակայն հուսախաբ դարձած ժողովրդին, որին, ինչպես հայտնի է, խոստացվել է տնտեսական հեղափոխություն ու կենսամակարդակի աճ, այն իսկապես տհաճ հետևանքներով է սպառնում. բացի 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի գործոնով պայմանավորված հարյուրավոր ապրանքատեսակների մասով գնաճից՝ բնակչությունը ստիպված է լինելու դիմակայել նաև գազի գնի աճին ու դրանից բխող տնտեսական վատ հետևանքներին, ինչը, նկատի ունենալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, ծանր է անդրադառնալու մարդկանց բացարձակ մեծամասնության վրա՝ հաշվի առնելով մանավանդ աշխատավարձերի ու թոշակների չնչին, բայց թմբկահարված բարձացումները:

2020 տնտեսական տարին խոստանում է ծանր լինել՝ չնայած իշխանությունների մանիպուլյատիվ լավատեսությանը: Ոչ միայն բնակչության համար գազի գների թանկացումն, այլև ասենք պլանավորված պետական կապիտալ ծախսերի թերակատարումը, պլանավորված ծրագրերի չիրականացումը, ոչ համակարգված տնտեսական քաղաքականության իրականացումը (այդ թվում և էներգետիկ ոլորտում), որոնց ականատես ենք դարձել 2019-ին, 2020-ին Հայաստանը կարող են կանգնեցնել անդունդի եզրին, քանի որ չկա որևիցե երաշխիք, որ կառավարությունն ի վիճակի կլինի վերացնել նախորդ տարվա իր թերացումներն ու չկրկնել դրանք: Այս ամենի հետևանքով ոչ միայն անկում կապրի բնակչության կենսամակարդակն, այլև, որպես հետևանք, նաև իշխանությունների քաղաքական վարկանիշը, որն առանց այն էլ նախանձելի դիրքերում չէ, և այս իմաստով 2020-ը փորձաքարային կարող է դառալ ոչ այնքան ժողովրդի, որքան ՀՀ քաղաքական ղեկավարության համար:

Վարդգես Սարգսյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика