Ինչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ինչ կտա այդ խաղը երեխաներին Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում․ Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը։ «Հայկական ժամանակի» աշխատակիցներից մեկի դուստրը տիկնիկ է նվեր ստացել: Տուփը բացելուց հետո են պարզել, որ տիկնիկը հղի է: Հնարավոր է հեռացնել ռետինե փորիկն ու այնտեղից դուրս բերել նորածին տիկնիկ:

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում։ Օգտակա՞ր է հղի տիկնիկով խաղալը, թե՞ վնասակար: Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը: Ի՞նչ է տալիս ընդհանրապես տիկնիկների հետ խաղը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:

«Տիկնիկը խաղի մեջ աղջիկ երեխային օգնելու նպատակ ունի, որպեսզի նա խնամելու հմտություններ ձեռք բերի և հետո, լինելով ապագա մայրիկ, կարողանա շփում ունենալ երեխայի հետ: Եվ պարզ է՝ պետք է լինի այնպիսի տիկնիկ, որը կնմանվի փոքր երեխայի, կունենա խաղի մեջ այն բոլոր պարագաները, որոնցով պիտի տիկնիկին, օրինակ, բարուրեն, խնամեն, լողացնեն, սանրեն, հարդարեն: Ի՞նչ հմտություն կարող է տալ հղի տիկնիկի հետ խաղը: Գուցե՝ միայն բժշկի մասնագիտությունն ընտրելու կողմնորոշում, դա էլ միայն մասնագիտական կողմնորոշման տարիքում»,- ասաց հոգեբանը:

Իսկ, ընդհանրապես, ի՞նչ հմտություն կարող է տալ հասուն կին մարմնավորող տիկնիկի հետ խաղը: Այսօր շուկայում գերակշռող են 20-25 տարեկան կնոջ մարմնաձևերով տիկնիկները: Ի՞նչ կարող են խաղալ երեխաները դրանց հետ: Հարցին ի պատասխան Իսրայելյանը նշեց, որ սեռապես խիստ արտահայտված արտաքինով տիկնիկի հետ խաղը երեխային օգտակար ոչինչ չի տալիս.

«Կարող է դեռահասությանը մոտ տարիքում, երբ աղջիկ երեխայի մոտ կձևավորվի ցանկություն՝ շոր կարելու, մազ հարդարելու և ապագայում այդպիսի մասնագիտություն ընտրելու, գուցեև տիկնիկները կարող են ծառայել որպես մուլյաժ, բայց փոքրիկների համար՝ ոչ: Այն կարող է նաև լինել վնասակար: Տիկնիկը նման է իր մայրիկին, տատիկին, բայց երեխան դրա հետ խաղում է, խնամում է և օգտագործում է՝ ինչպես ուզի: Այս դեպքում մեծի-փոքրի դերերը փոխվում են: Երեխայի ձեռքում մեծ մարդ է, որի հետ, ինչպես ուզի, կխաղա: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, ճիշտ չէ: Հարաբերությունների աղճատում է»:

Իսրայելյանը նշեց, որ տիկնիկի հետ երեխան սկսում է խաղալ 2.5-3 տարեկանից, և խաղերի միջոցով է ճանաչում իրեն՝ որպես կարող ուժի: Խաղերի միջոցով է նա ձևավորում իր շփումն աշխարհի հետ: «Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում։ Հղի տիկնիկ արտադրող ընկերությունները նշում են, որ դրանց միջոցով ծնողներն ավելի հեշտ են բացատրում իրենց երեխաներին, որ շուտով փոքրիկ քույրիկ-ապերիկ են ունենալու, սակայն հոգեբանի դիտարկմամբ, այն բացատրությունը, որ նա փորիկից է ծնվում, արդեն իսկ երեխաների մոտ ինչ-որ վախ է ծնում:

«Ես չեմ կարծում, որ նման տիկնիկը կօգնի, որ երեխաները չվախենան, որովհետև նրանք պատկերացնելու են, որ նույնը իրենց մայրիկի հետ կկատարվի: Սա ավելորդ վախային ուշադրություն է մեծական կյանքին: Իսկ քանի որ ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ պետք է սեռակառուցման գործընթացը լինի, նա պիտի պատկերացնի իրեն, որպես մայրիկի, հազիվ թե ուզի այդ ամենը պատկերացնել տիկնիկով, խաղա տիկնիկի հետ:

Հղի տիկնիկը միայն կարող է կիրառվել մասնագիտական կողմնորոշման տարիքում, երբ ապագա բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ լինելու համար որևէ հաստատությունում, որտեղ մասնագիտացման ուղղվածությամբ խաղեր են կազմակերպվում, այն ներկայացվի որպես մուլյաժ: Միայն այս իրավիճակում կարող են այս խաղերը դրական լինել»:

Փոքրիկ երեխայի համար, նրա խոսքով, շատ վաղ է խաղալ այնպիսի խաղ, որում տիկնիկին պիտի բացի և միջից դուրս բերի նորածին ու հետո էլ, չգիտես ինչու, հետ դնի տեղը: Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից:

«Երկարատեւ խաղի դեպքում նա անպայման պիտի հարց տա՝ այսպիսի բան կա՞, թե չկա, ես ինչու եմ սա խաղում: Պատրա՞ստ է ծնողը պատասխանել այդ հարցերին: Եթե երեխան բարուրում, հարդարում է իր տիկնիկին, և հարցնում ծնողին, թե ինչու է ինքը դա անում, ծնողը կարող է շատ հանգիստ պատասխանել, որ դա անում է՝ սովորելու համար, որպեսզի երբ երեխա ունենա, կարողանա հագցնել, բարուրել, տանել զբոսանքի, մեքենայի մեջ դնել: Խաղը բացատրելի է: Իսկ հղի տիկնիկի հետ խաղը դժվար է բացատրել. թե ինչ հմտություն ենք ձևավորելու ու թե ինչու է դա իրեն պետք»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամերիկացի մասնագետները նշում են, որ այս խաղալիքներում պահպանված չեն մարդու մարմնի բնական չափաբաժինները: Ոտքերն անասելի բարակ են, եւ առհասարակ, բացի մեծ փորից, ուրիշ ոչինչ չի հիշեցնում հղիության մասին: Կարո՞ղ է սա ձևավորել թյուր պատկերացում, որ հղիությունը կարող է ընթանալ բացարձակ առանց գիրացման, և կարող է հետագայում ապագա մայրիկը, ենթագիտակցորեն ձգտելով դրան, վնասի իրեն և մանկանը: Դիտարկմանն ի պատասխան՝ Իսրայելյանն ասաց.

«Բոլոր այն առարկաները, որոնք որոշակի տարիքում մեր խաղերին մասնակցում են, անգիտակցականի մեջ տեղավորվում են որպես գիտելիք: Եվ եթե որևէ խաղ բնության հետ ունի հակասություն (եթե խաղը առաջացնում է երեխայի մեջ բնությունը ճանաչելու վախ, մերժում), պարզ է, որ մեծ տարիքում դա ի հայտ կգա:

Եվ բնության հրաշքը՝ մարդ ստեղծելու, մարդու ծննդի, արդեն երկար տարիներ ողջ աշխարհում բերել են վախի, մերժման դաշտ: Ինքն իրենով բնությունն օգնում է երիտասարդ կնոջը, ապագա մայրիկին լինել ավելի ուժեղ, նպատակային, մարդ ստեղծելու համար, սակայն մեր ժամանակաշրջանում արդեն կա հղիության, ծննդաբերության նկատմամբ վախ: Հղի տիկնիկների հետ խաղալուց այս առումով միայն պետք է զերծ մնալ»: Տիկնիկի միջոցով մենք ձգտում ենք երեխային տալ մեզ համար նախընտրելի մարդու կերպարը, սակայն այսօր խնդիր է նաև բնականին մոտ, գեղեցիկ տիկնիկներ գտնելը: Դիտարկման հետ հոգեբանը համաձայն է.

«Երեխաները բնազդով գեղեցիկը, հաճելին տարբերում են, բայց նաև պիտի կարողանան մեծերի հետ միասին գնահատել և սովորել՝ որն է գեղեցիկ, որը՝ տգեղ, որը մաքուր, որը՝ փնթի: Ընդհանրապես, խաղը և խաղալիքը երեխայի համար առաջին գործունեության պարագաներն են, և շատ կարևոր են, որ մենք կարողանանք երեխային օգնել ունենալ՝ որպես հասուն մարդ՝ գործունեություն: Եվ այդ գործունեության հաջողված ապացույցը մասնագիտորեն, լիարժեք մեծահասակ լինելն է, որն էլ ձևավորվում է մանկական խաղերով, խաղալիքների միջոցով աշխարհը ճիշտ գնահատելով»:

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում (տեսանյութ)

Հայաստանում հղի տիկնիկներ են վաճառվում

Опубликовано Հայկական ժամանակ օրաթերթ Среда, 22 января 2020 г.

Աղբյուր՝ armtimes.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика