Ինչ է էկզեման, տեսակներն ու զարգացման պատճառները

Էկզեման մաշկային հիվանդություն է, որը կարող է շատ տհաճ զգացողությունների առաջացման պատճառ դառնալ: Այս հիվանդության բուժումը կարող է բավական բարդ լինել, սակայն բուժման բացակայության դեպքում հիվանդությունը կարող է քրոնիկ բնույթ ստանալ:

Այս սուր կամ քրոնիկ մաշկային հիվանդությունը դրսևորվում է մաշկին առաջացած բշտիկներով ու բորբոքումներով: Ընդ որում, բորբոքումները կարող են ախտահարել ինչպես մաշկի առանձին օջախներն, այնպես էլ մաշկն ամբողջությամբ:

Էկզեմայի տեսակները

Իսկական էկզեմա. էկզեմայի սուր փուլն է, որը զարգանում է շատ արագ: Այս տեսակի դեպքում նախ ի հայտ է գալիս մաշկի կարմրածություն, այնուհետև քոր ու բշտիկներ: Ժամանակի ընթացքում բշտիկները բացվում են և վերածվում խոնավ ու դեղնավուն կոշտ շերտով պատված խոցերի:

Մանրէային էկզեմա. այս դեպքում էկզեման զարգանում է մանրէներով ախտահարված մաշկին և խոցերի հատվածում ի հայտ են գալիս հիվանդության սուր օջախներ: Մաշկը պատվում է կոշտ շերտով, որի տակ գտնվում է խոնավ ախտահարված մաշկը: Էկզեմայի այս տեսակն առավել հաճախ զարգանում է պարանոցի, դեմքի ու ձեռքերի մաշկին:

Սնկային էկզեմա. սա էկզեմայի ամենահազվադեպ հանդիպող տեսակն է, որը միայն ախտանշաններով ախտորոշելը բավական դժվար է: Ի տարբերություն իսկական էկզեմայի՝ սնկային էկզեմայի ախտահարած հատվածների եզրերը սահմանափակ են լինում:

Ատոպիկ էկզեմա. էկզեմայի այս տեսակը զարգանում է տարբեր ալերգենների ազդեցության ֆոնին: Առավել հաճախ հանդիպում է տարբեր ալերգիաներով տառապող մարդկանց մոտ:

Պրոֆեսիոնալ էկզեմա. հիվանդության այս տեսակը զարգանում է քիմիական կամ արդյունաբերական նյութերի հետ շփման հետևանքով: Այն բավական հեշտ է բուժվում և սովորաբար ախտանշաններն անհետանում են անցանկալի նյութի հետ շփումը դադարեցնելուց հետո:

Հիվանդության զարգացման պատճառները

Էկզեմայի զարգացման պատճառները կարող են տարբեր լինել: Սովորաբար այս հիվանդությունը պայմանավորված է լինում այնպիսի գործոններով, ինչպիսին են. օրգանիզմի ալերգիկ ռեակցիան կենցաղային քիմիայի կամ սննդամթերքի նկատմամբ, վարակները,

էնդոկրին համակարգի խանգարումները,սթրեսը, դեպրեսիաներն ու հուզական լարվածությունը:

Էկզեմայի բուժումը

Որոշ դեպքերում էկզեման զարգանում է որպես առանձին հիվանդություն, սակայն լինում են նաև դեպքեր, երբ այն զարգանում է իմունային համակարգը թուլացնող որևէ հիվանդության ֆոնին:

Էկզեմայի բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի խիստ հսկողության տակ: Հարկ է հիշել, որ միջոցներ չձեռնարկելու դեպքում էկզեման ինքնուրույն չի բուժվի և կարող է քրոնիկ բնույթ ձեռք բերել, ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին ու հետևել նրա բոլոր ցուցումներին:

Հիվանդության բուժումը ենթադրում է ոչ միայն դեղորայքի գործածություն, այլև կենսակերպի փոփոխություն ու առողջ ապրելակերպ: Էկզեմայի բուժման ամենակարևոր նախապայմաններից մեկը սննդակարգից ու շրջապատից ալերգենների բացառումն է: Բացի այդ, շատ հաճախ հիվանդությունը զարգանում է հոգեկան անկայուն վիճակի ֆոնին, ուստի այս դեպքում հարկավոր է նաև ազատվել անհանգստության աղբյուրից:

Էկզեմայի բուժման ընթացքում հիվանդները պետք է հիշեն, որ ոչ մի դեպքում չի կարելի քորել մաշկը, իսկ եթե քորն անտանելի է, ապա հարկավոր է պարզապես հակահիստամինային դեղամիջոցներ ընդունել: Չի կարելի նաև վնասել կամ ծակել բշտիկները, քանի որ դա կարող է հանգեցնել վարակման ու հիվանդության նոր օջախների առաջացման:

Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել բժշկի ցուցումները, քանի որ միայն մասնագետը կարող է նշանակել անհրաժեշտ բուժումը: Հարկ է հիշել, որ հիվանդությունն ինքնուրույն չի բուժվի, այլ ձեռք կբերի քրոնիկ բնույթ և հետագայում կրկին ի հայտ կգա, ուստի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика