Թափառող շները, որոնց կարելի է հանդիպել ամեն բակում ու փողոցում, սովորական երևույթ են դարձել: Երբեմն դրանցից շատերի վարքը ոչ բարեհամբույր է լինում` ուղղակի սպառնալիք ներկայացնելով մարդու առողջության և նույնիսկ կյանքի համար։
Ստորև AdMe.Ru կայքն ի մի է բերել մասնագետների տված մի շարք օգտակար խորհուրդներ, որոնց անհրաժեշտ է հետևել շան հարձակման և ագրեսիվ վարքի դրսևորման դեպքում.
Փորձեք չկորցնել ինքնատիրապետումը
Շները զգում են մարդու վախը: Իհարկե, դժվար է միանգամից հանգստանալ, երբ կողքիդ ագրեսիվ տրամադրված շուն է: Սակայն, պետք չէ գոռալ, ձեռքերը տարուբերել կամ փորձել փախչել: Թվարկված բոլոր գործողությունները կմատնեն Ձեր վախն ու շան համար հարձակվելու ազդակ կլինեն:
Դանդաղեցրեք քայլելու կամ վազելու արագությունը
Եթե շունը Ձեզ վրա փորձում է հարձակվել վազելու ժամանակ, ապա թուլացրեք արագությունը, կամաց շրջվեք հակառակ կողմն ու շարունակեք արագ քայլերով առաջանալ` աչքի պոչով հետևելով շանը:
Այս դեպքում ճիշտ կլինի նաև անշարժ կանգնել, ձեռքերը մարմնին ուղղահայաց պահել ու այդպիսով` դադարել շան համար հարձակման ցանկալի թիրախ լինել:
Մի նայեք նրա աչքերի մեջ
Շան հետ ուղիղ տեսողական կապը կարող է մեծացնել կենդանու ագրեսիան: Շունը նման հայացքն ընկալում է որպես սպառնալիք ու հարձակվում առաջինը: Շանը պետք է տեսադաշտում պահել, սակայն դրան ուղիղ չնայել: Այդ դեպքում նա կհասկանա, որ Դուք վտանգավոր չեք ու կհանդարտվի:
Շեղեք կենդանուն
Հարձակման դեպքում կարող եք շանը նետել Ձեր կոշիկը, պայուսակը կամ որևէ այլ բան, որը հնարավոր է կրծել: Մինչ կենդանին զբաղված կլինի նոր օբյեկտով, Դուք կարող եք արագ հեռանալ:
Վստահ ձայնով հրամայեք հեռանալ
Եթե շունը շարունակում է ագրեսիվ վարք դրսևորել, շրջվեք դեմքով դեպի նրան, բայց ուղիղ աչքերին մի նայեք: Այնուհետև հրամայեք նրան հեռանալ: Կարևոր է, որպեսզի Ձեր ձայնն այդ պահին վստահ ու իշխող հնչի, բայց ոչ թե բղավոցի նման լինի: Վստահությամբ արտասանված բառերը լսելուց հետո շունը կզգա Ձեր ուժն ու կնահանջի: