Ինչու են օտարազգիների հետ ցանկանում ամուսնանալ հայ աղջիկները. մտահոգիչ տենդե՞նց, թե՞ օրինաչափություն

Միջեթնիկ,խառն ամուսնությունները միշտ էլ եղել են Հայաստանում, սակայն այսօր ավելի հաճախ ենք լսում նման դեպքերի մասին:

Armdaily.am-ը թեմայի մասին զրուցել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ:

«Անշուշտ,կա աճող տենդենց: Նախկինում օտարներին նախնտրում էին հիմնականում ամուսնական տարիքն անցած կանայք, ովքեր 30-35 տարեկան էին և հայկական ամուսնական շուկայում ավելի քիչ պահանջված էին: Քանի որ այդ տարիքում նրանք
ամուսնական շուկայում խնդիրներ ունեին,դրա համար իրենց անձնական կյանքը փորձում էին դասավորել օտարազգի տղամարդու հետ: Պատկերը հիմա փոքր ինչ այլ է: Այժմ երիտասարդ աղջիկներնն էլ են հաճախ ամուսնանում այլ ազգի տղամարդու հետ, նրանք լեզուների են տիրապետում,աշխատում են տարբեր ոլորտներում,որտեղ շփում,համագործակցություն կա դրսի հետ: Միջեթնիկ ամուսնությունների աճին խթանող գործոններից մեկն էլ դա է. տարբեր երկրների հետ կապերն ավելի ակտիվ են դարձել, շփումն ավելի հասանելի: Ծանոթության տարածված ձև է նաև սոցցանցերում ծանոթանալը,որը հաճախ ավարտվում է ամուսնությամբ:

Կա ևս մեկ միտում. օտարազգի տղամարդկանց հետ ամուսնացած կանանց քույրերը, բարեկամուհիները, ընկերուհիները նույնպես ամուսնանում են օտարազգի տղամարդկանց հետ: Կարծես իրենց համար ստեղծում են օղակ, և գնալով այդ օղակը մեծանում է:

Շատ ժամանակ երիտասարդ աղջիկներն ամուսնանում են օտար տղամարդկանց հետ,քանի որ կա թյուր կարծիք,որ նրանք հարուստ են: Երբ փեսացուն օտար է,միշտ ներկայանում է որպես հարուստ, եթե հայաստանցի է լինում,բնականաբար և աղջիկը, և աղջկա ծնողներն ամենայն մանրամասնությամբ ճշտում են նրա մասին ամեն ինչ: Դա կարծրատիպ է, որ օտարն անպայման հարուստ պիտի լինի: Նախկինում ծնողներն ընդդիմանում էին իրենց աղջկա՝ օտարի հետ ամուսնանալուն, իսկ հիմա բոլորովին դեմ չեն,քանի որ կարծում են, որ իրենց աղջկա սոցիալական,ֆինանսական վիճակը կբարելավվի:
Խորհրդային շրջանում ավելի շատ տղամարդիկ էին օտար կանանց հետ ամուսնանում,իսկ հետխորհրդային շրջանում արդեն կանայք ևս բավականին նախաձեռնող են այս հարցում»,-ասաց Պողոսյանը:

Պատասխանելով հարցին,թե կա տենդեց ամուսնանալ մահմեդականների հետ,ազգագրագետն ասաց.
«Անցյալում մահմեդականի հետ ամուսնանալը տաբու էր,շատ հազվադեպ էր լինում,երբ հայ աղջիկը ամուսնանում էր այլ մահմեդականի հետ: Հիմա որոշակիորեն այս արգելքը շրջանցվում է,գրանցվում են նման դեպքեր,ուղղակի ոչ շատ հաճախ: Քանի որ կան մտածելակերպի,աշխարհայացքի տարբերություններ կան,նման քայլ անելուց առաջ պետք է լավ մտածել: Մահմեդական տղամարդը օրինականորեն կարող է մի քանի կին ունենալ, և լավ չի լինի իհարկե,որ հայ աղջիկը դառնա օրինակ 3-րդ կին: Սա պիտի մտահոգվելու տեղիք տա: Այլ դավանանք ունեցող կողակից ընտրելիս պետք է հաշվի առնել նաև,որ կենցաղային,մշակութային,արժեհամակարգային տարբերություններ կան և դրանք հաղթահարելը բարդ է:

Կա միֆ,որ եթե օտարների հետ ամուսնանում են արյունը մաքրվում է,սերունդն ավելի լավն է դառնում,բայց նման գենետիկ ուսումնասիրությունների ես ծանոթ չեմ: Հաճախ ասում են,երբ մենք այլ ազգից հարսնացու ենք բերում,դարձնում ենք մերը,բայց երբ մեր աղջիկներն են ամուսնանում օտար տղամարդու հետ աղջիկն է դառնում նրանցը: Իրականում երկու դեպքում էլ մտահոգություն կա,քանի որ հայտնի չէ,թե 2-րդ,3-րդ սերունդը ինչ էթնիկական պատկանելության կդասվի: Սա խնդիր է, հաճախ ենք տեսնում,որ օտարների հետ ամուսնացածներն արդեն 2-րդ սերունդի ժամանակ ձուլվում են:

Հարցին,թե որ ազգերի ներկայացուցիչների հետ են ավելի հաճախ ամուսնանում հայերը,Պողոսյանը պատասխանեց.
«Հայերն առավելապես ամուսնանում են գերմանացիների, ֆրանսիացիների, իտալացիների,իռլանդացիների, ռուսների հետ: Ավելի քիչ են ամուսնությունները հնդիկների,արաբների,պարսիկների,սևամորթների հետ: Իհարկե միջեթնիկ ամուսնությունների արդյունքում բազմաթիվ երջանիկ ընտանիքներ կան,բայց եթե այս տենդենցը շարունակի աճել,մտահոգվելու առիթ կունենանք»:

armdaily.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика