Գրիգոր Դանիելյանը, Աննա Մանուչարյանը, Բորիս Բաղդասարովը, Մարիամ Ալեքսանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Գոշը, Սաթենիկ Հազարյանը, Լիանա Հակոբյանը, Եվա Զոհրաբյանը, Ինստագրամից հայտնի Վինգը և այլք շուտով հանդես կգան «Արմենիա» հեռուստաընկերության հումորային նոր հեռուստասերիալում։
«Դեպի ճամբար» աշխատանքային վերնագրով նախագծի պրոդյուսերներըդերասաններ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանն են։ Գրիգորը նախագծի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին և հայտնել, որ պատմությունը մի տղայի մասին է, որին ուղարկում են ճամբար, որտեղ էլ ծավալվում են գործողություններն ու զավեշտալի իրավիճակները։
«12 մասանոց հումորային հեռուստասերիալ է, որի գործողությունները ծավալվում են ճամբարում։ Նկարահանումներն իրականացնելու ենք Հանքավանում։ Օգոստոսի 15-ից ամբողջ թիմով կմեկնենք Հանքավան և կվերադառնանք նկարահանումների ավարտից հետո։ Նախագիծը համարվում է սերիալ, ոչ թե սիթքոմ, քանի որ սիթքոմը ենթադրում է տաղավարային նկարահանում»,- ասաց Գրիգորը ու հավելեց, որ սցենարական աշխատանքներով զբաղվում են ինքն ու Գարիկ Սեփխանյանը։ Նախագծում աշխատելու է «Ֆուլ հաուսի» տեխնիկական անձնակազմը։
Ըստ նրա՝ նախագծի թիրախային լսարանը բազմաշերտ է․ ««Դեպի ճամբարը» 6+ է։ Սցենարը մաքուր է, կարող են դիտել տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները։ Երեխաների մեջ մանկական պատմություն է ծավալվում, իսկ ավագ դերասանները մարմնավորում են ճամբարի աշխատակիցներին։ Կարծում եմ՝ պատմության մեջ և՛ փոքրերը հետաքրքրություն կգտնեն, և՛ մեծերը»։
Կրտսեր դերասանների մեծ մասին հեռուստադիտողներն առաջին անգամ կտեսնեն էկրանին։ Գրիգորը նշեց, որ քասթինգն արել են իր և կնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի հիմնած «Տրիո ստուդիոյի» սաների շրջանում։ Ճամբար մեկնող տղային, որից սկիզբ է առնում պատմությունը, մարմնավորում է Գրիգորի որդին՝ Ալբերտոն։ Վերջինս իր դերասանական առաջին քայլերն արել է «Նվագախմբի երեխաները» երաժշտական սիթքոմում։
«Ալբերտոն առաջին անգամ չէ եթերում, իր մասնակցությամբ նախորդ նախագծերի ստեղծագործական կազմում ես ներգրավված չեմ եղել։ Թե՛ «Նվագախմբի երեխաներում», թե՛ «Հումորի լիգայում» նա ընդգրկվել է՝ մասնակցելով քասթինգի։ Ես չեմ միջամտել իր գործերին, որովհետև կարևորում եմ ինքուրույն ճանապարհ անցնելը։ Ժամանակին ինքս ամեն ինչ 0-ից եմ սկսել, ինձ ոչ ոք առաջ չի քաշել։ Ուզում եմ, որ տղաս էլ սովորի ինքուրույն լինել։ Մյուս կողմից ես այս ասպարեզում եմ աշխատում և կամա, թե ակամա, ասոցիացում լինելու է։ Ամեն դեպքում քասթինգի ժամանակ մենք իրեն դիտարկել ենք ոչ թե որպես իմ տղա, այլ ստուդիայի սան։ Տղայիս առաջ քաշելու կամ գլխավոր դեր տալու խնդիր չկար։ Երբ նախագիծը եթերում լինի, մարդիկ էլ կտեսնեն որ պատմությունը սկսվում է իրենից, սակայն միայն իր շուրջ չի ծավալվում։ Առաջնահերթություն է տրվում նաև մյուս երեխաներին ու դերասաններին։ Բազմաթիվ այլ պատմություններ կան, ինքը դոմինանտ կերպար չէ նախագծում»,- ասաց Գրիգորը։
Սա Գրիգորի դեբյուտային պրոդյուսերական աշխատանքն է։ Նա կատակեց որ «գլխացավերն» ավելացել են, բայց խնդիրներ չեն առաջանում, քանի որ երկար տարիերի հեռուստատեսային փորձն իրեն շատ է օգնում։
Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան