Թող Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հեռախոսով վիճեն, ինչքան ուզում են, բայց խնդիրները չհանեն հանրային մակարդակի Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ես իսկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի վիճաբանության մեջ խնդիր եմ տեսնում: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստան-Արցախ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ:

«Ինչո՞ւ-ն բազմաթիվ է՝ սկսած տարիքային խնդիրներից: Նույնիսկ ծնողների և զավակների միջև խնդիրներ կան, հայրերի և որդիների միջև խնդիրներ կան, սերունդների խնդիր կա,- ասաց նա՝ նշելով, որ այդ առումով էլ Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև խնդիրները մարդկային են,-ընդհանուր ընկերներ կան, անցած ճանապարհ կա: Այդ անցած ճանապարհում ճիշտ և սխալ արված քայլեր կան:  Նոր եկած իշխանությունը նոր է քայլեր անում և սխալներ չունի: Տա Աստված, որ սխալ չունենա: Բայց դա շատ բարդ է»:

Ըստ Արամ Սարգսյանի՝ ղարաբաղյան իշխանությունները երկար ճանապարհ են անցել, անցել են բազմաթիվ փորձությունների միջով, և այդ առումով սխալներ արած կլինեն:

«Ու պետք չէ դրանք երես տալով խնդիրներ լուծել: Պետք չէ տարիքային բաժանում անել,  Հայաստան-Ղարաբաղ բաժանում անել, հեղափոխություն և Արցախյան հերոսամարտ բաժանումներ անել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հակադրությունները օգտակար չեն մեզ համար:

Արամ Սարգսյանը նկատեց, որ Բակո Սահակյանի թիմակիցները համարում են, որ Նիկոլ Փաշինյանն անփորձ է, և դա ցուցադրում են: «Բակո Սահակյանը պետք է թիմում այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ այդ խնդիրներն ընդհանրապես թիմը չտեսնի:

Հավատացեք, նախկինում էլ է եղել Հայաստանի և Ղարաբաղի մոտեցումների տարբերություն: Այդ մոտեցումները բուռն վեճերի առիթ են դարձել, բայց հանրային դաշտ չեն տեղափոխվել: Հավատացեք, որ «դավադրություն», «հողեր ծախել»,  «իշխանափոխություն» բառերը ադրբեջաներեն թարգմանվում են:

Դուք պատկերացրեք, որ ինչ հրճվանք է ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևը, երբ այստեղի իշխանությունները ասում են, որ պետք է տեսնեն, թե ինչերի շուրջ են բանակցել նախորդ իշխանությունները և ինչեր են խոստացել:

Ադրբեջանի նախագահը կարող է ասել, թե տեսեք՝ ինչ բանակցող եմ ես եղել, ուր եմ հասել և ինչեր եմ պոկել Հայաստանից: Իսկ  գիտեք, թե դա ինչ դուխ կամ դուխով գլխարկ է տալիս Ադրբեջանի զինվորականներին»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցում ինքը շարունակելու է այսօրվա իշխանություններին քննադատել:

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, կարող էր գնալ Ղարաբաղ կամ Բակո Սահակյանին կանչեր Հայաստան, այստեղ վիճեին, ինչքան ուզում էին: «Թող հեռախոսով վիճեն, ինչքան ուզում են, բայց այդ խնդիրները չհանեն հանրային մակարդակ: Նստեն, ընդհանուր եզրեր գտնեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика