Երկու ապօրինություն` մեկ մաքսավորի ոդիսականում. Փաշինյանի ցաքուցրիվ կառավարումը. Թերթ․am

Օրերս տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին աշխատանքի վերականգնել իր հրահանգով ազատված ՊԵԿ աշխատակցին։ Նախ, ֆիքսենք, որ վարչապետն իրավասու չէր մաքսային աշխատակից Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու, դրա համար էլ պարտադրեց նրան, որ դիմում գրի, իսկ օրեր անց, հասկանալով իր քայլի ամբողջ աբսուրդը, ասաց՝ թող դիմում չգրեր։ Այսինքն՝ այդչափ անլրջացրեց իր, թեկուզ ապօրինի հանձնարարականը, հիմա էլ ասում է՝ վերականգնեք։ Ասել է թե՝ կարող եմ լինել դաժան, կարող եմ լինել մեծահոգի, նայած տրամադրության։

Այդ երիտասարդը, ասում են, ուրախությամբ համաձայնել է վերադառնալ աշխատանքի։ Մինչդեռ, եթե ինքնասիրություն ունենար, կամ էլ ճար, որ կարողանար առանց աշխատանք վեց ամիս գոյատևել ու պահել իր ընտանիքը, գուցեև չհամաձայներ։ Իսկ այդ ընթացքում աշխատանք ճարելն էլ այդքան հեշտ գործ չէր, երբ նրան ազատել էր հեղափոխական առաջնորդը։ Կարող էր նաև հուսահատ երկիրը լքած լինել, հասկանալով, որ հեղափոխական ժամանակներում իրեն ոչ ոք գործի չի ընդունի։ Բայց դե այսօր էլ Փաշինյանին պետք է բարի երևալ, խեղճ մաքսավորն ի՞նչ գիտեր, թե երբ դա տեղի կունենար։ Թվում է թե այս «հեփի էնդից» հետո այլևս կարիք չկա թեմայի վրա ծանրանալու, բայց ընդհակառակը, հիմա ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի այս զավեշտալի պատմությունը, քանի որ սա հեռու գնացող ակնարկ է Փաշինյանի կողմից։

Հասկանանք՝ ինչի՞ց ծագեց խնդիրը։ Վարչապետը, մտնելով մաքսատան աշխատասենյակներից մեկը և տեսնելով ընկած դրոշը՝ բարկացավ և սենյակում գտնվող աշխատակցին ասաց՝ դիմում կգրես, ապա հանձնարարեց աշխատանքից հեռացնել այդ սենյակի մյուս աշխատակիցներին, դա հետագայում բացատրելով, որ պետական դրոշը ոտքերի տակ գցած ոչ մի քաղաքացի չպետք է աշխատի ՀՀ կառավարման համակարգում։ Իսկ ի՞նչ է օրենքն ասում պետական դրոշի և այն «ոտքերի տակ գցելու» մասին։ ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ պետական դրոշն անարգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Այսինքն, դրոշն անարգելու փաստով պետք է սկսվեր վարույթ՝ հասկանալու համար՝ Հայկ Մարտիրոսյա՞նն է անարգողը, թե՞ ոչ, և հետո իրականացվեր նախաքննություն, իսկ դատական քննությունից հետո կայացվեր դատական ակտ։ Այսինքն՝ մաքսավորի հարցը չէր կարող միայն դիմումի համաձայն ազատվելով ավարտվել, քանի որ նա թույլ էր տվել քրեորեն հետապնդելի արարք, ինչը սակայն տեղում չէր պարզել ու չէր էլ կարող պարզել վարչապետը։

Մաքսային ծառայողը համարվում է պետական ծառայող, ըստ այդմ՝ պաշտպանված է ՀՀ օրենքներով՝ Աշխատանքային օրենսգիրք, «Մաքսային ծառայության մասին» օրենք, «Հանրային ծառայության մասին» օրենք։ Բացի այդ, աշխատանքային օրենսգրքով սահմանվում է, թե որ դեպքերում և ով կարող է անձին ազատել աշխատանքից, ասվում է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, նշվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում աշխատողի հետ պայմանագիրը կարող է լուծարվել։ Հարկ է ուշադրություն դարձնել «գործատու» բառի վրա, մեր պարագայում գործատուն ՊԵԿ-ն է, որի նախագահն էլ նշանակում և աշխատանքից ազատում է մաքսային ծառայության աշխատակիցներին, հետևաբար՝ մաքսային ծառայողին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատելու հրահանգ չէր կարող տալ։

Այս նույն տրամաբանությամբ Փաշինյանը կարող է ոճրագործ Նաիրի Հունանյանին ներել, կամ առնվազն նրա մոտ հույս արթնացնել, որ կարող է ներվել։ Վարչապետը կարող է ցանկացած կոռումպացվածի ներել, եթե նա ծառայում է նոր իշխանություններին, կարող է պատժել ցանկացածին, եթե նա դեռ համառում է Փաշինյանի «կրոնն ընդունելու» հարցում։ Ինչպես դա տեսնում ենք Հրայր Թովմասյանի առիթով մեղադրյալներ հայտարարվածների ճակատագրի պարագայում, երբ իրավապահ համակարգի որոշ կամակատարներ շեֆին ծառայելու համար տանիք կբարձրանան, անգամ ամենամութ նկուղը կիջնեն, միայն թե մի բան գտնեն՝ վարչապետին իրենց հավատարմությունը հավաստելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, իրավիճակը փոխվի ու Փաշինյանը հասկանա, որ Հրայր Թովմասյանին ճնշելն արդեն իրեն ուղղակի հարվածում է՝ երկրի ներսից ու դրսից, և ՍԴ նախագահը «ներվի», ինչպես մաքսատան աշխատակիցը, ռեպրեսիվ ապարատի շղթայի բոլոր օղակները, որ քափուքրտինք կտրած Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի անդամների վրա գործեր են «կարում» ի՞նչ վիճակում են հայտնվելու, այդ «կարերն» ի՞նչ արագությամբ են քանդելու՝ դարձյա՞լ քափուքրտինք կտրած։

Վարչապետի ապօրինի հրահանգով մարդկանց ապօրինաբար ասֆալտին պառկեցնող ուժայինների ղեկավարները հիմա ո՞ւր են՝ պատժվեցին Փաշինյանի ձեռքով, դատվելու են նրա պաշտոնանկությունից հետո։ Գուցե այս մաքսավորի վերականգնման դեպքն ու ուժայինների ղեկավարների պաշտոնանկությունները, վերջապես, շատերին մտորելու տեղիք տան, եթե չասենք սթափեցնող կոչի արժեք ունենան, որ եթե օրենքով չեն պատժում, չպետք է ուրախանալ անօրեն խրախուսանքից, քանզի չգիտես դա, երբ կավարտի ու ինչ ավարտ կունենա։

Դպրոցական տարիներից աղոտ հիշում եմ, որ ավատատիրական պետություններում, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունում, իշխանական համակարգում գործում էր ենթակայության՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքը, մասնավորապես՝ բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո: Փաստորեն մեզանում նույն սկզբունքն է հիմա, նույնն էր անգամ շուրջ մեկուկես հազարամյակ առաջ, բա Փաշինյանը մեր երկիրն ի՞նչ սկզբունքով է կառավարում, որ կարծում է, թե բոլորը ճորտ են ու բոլորն իր ճորտերն են։

Վարդգես Սարգսյան, աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика