«Երբեք որևէ մեկից որևէ միտք չեմ գողացել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին

Սոնա Շահգելդյանն այս ընթացքում հագեցած առօրյա ունի՝ ժամանակ է տրամադրում ինչպես որդու հետ զբոսանքներին, նրա դաստիարակությանը, այնպես էլ աշխատանքային նորություններով ներկայանալուն։

Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ միանգամից մի քանի աշխատանք ունի՝ երաժշտական նորություններից զատ շարֆերի նոր հավաքածու է ներկայացնելու, բացի այդ, խոսեց ընտանիքի՝ որդու և ամուսնու մասին։

Պարզվում է՝ Սոնան պատրաստում է ներկայացնել շարֆերի անվանական հավաքածու։ Ինչ տեսք կունենան դրանք, երգչուհին առայժմ շատ չի մանրամասնում, սակայն առաջին նմուշները տրամադրել է մեզ: Սոնայի խոսքով՝ սահմանափակ հավաքածու է, որը հասանելի կլինի շատ շուտով։

Դիտարկմանը, որ իր ոճը ոչ միշտ է ընդունվում, հաճախ  քննադատվում է, իր կարծիքով՝ այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի հավաքածույի վրա, Սոնան արձագանքեց․ «Իմ ոճի հետ կապված քննադատություններ շատ չեմ նկատել: Եթե անկեղծ, նկատելու դեպքում էլ աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Երբեք որևէ մեկից որևէ միտք չեմ գողացել, ես ունեմ իմ ուրույն ոճը և աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»։ Թե ինչպես կընդունվի իր հավաքածուն լսարանի կողմից, ըստ երգչուհու, պարզ կլինի միայն այն թողարկելուց հետո։

Երգչուհին շարֆերի հավաքածուն ստեղծել է մտերիմներից մեկի՝ դիզայներ-նկարչուհի Մարիա Ակլունցի հետ։ Վերջինս էսքիզներն է անում, մտահղացումը՝ Սոնայինն է։ «Ժամանակին ունեցել եմ պայուսակների հավաքածու, որը նույնպես իմ անուն-ազգանունով էր ներկայացվում։ Հիմա որոշեցի հայկական նախշերով շարֆեր ներկայացնել։ Առայժմ ոչ ոք չի տեսել դրանք, բայց կարծում եմ՝ այն, ինչ արել և անում եմ, լավ է ստացվում, կարևորը՝ սրտանց եմ անում։ Նշեմ, որ ամբողջությամբ իմ մտքերն են։ Ավելի ուշ կլինի ֆոտոշարք և մարդիկ կկարողանան ծանոթանալ հավաքածուին։ Բացի վաճառքը նաև բարգործություն անելու մտահղացում ունեմ»,- ասաց Սոնան։

Բացի շարֆերի հավաքածու ներկայացնելը, երգչուհին պատրաստում է երաժշտական նոր տեսահոլովակ, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Սոնայի խոսքով՝ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, կարևորում է երեխայի հետ անցկացրած ժամանակը։ Որդու խնամքի գործում Սոնային օգնում է պրոդյուսեր-մայրիկը՝ Անահիտը։

«Չնայած բալիկիս խնամքով հիմա մայրիկս է զբաղվում, ես էլ փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ համատեղել թե՛ երեխայիս հետ ժամանակ անցկացնելը, թե՛ նորություններով հանդես գալը։ Մայրս, իսկապես, ինձ շատ է աջակցում, միշտ իմ կողքին է, հիմա էլ բալիկովս է զբաղվում։ Բալիկս շատ տաղանդավոր երեխա է, կարծում եմ այդպես է, որովհետև ես եմ իր մայրիկը»,- ժպիտով ասաց Սոնան ու հավելեց, որ երեք տարեկան Արթուրի հետ սիրում է գնալ քաղաքի այգիներ։

«Երբ այգի ենք գնում, ամբողջությամբ թաց ենք վերադառնում տուն։ Շատ-շատ չարաճճի, ակտիվ ու աշխույժ, բայց խելացի ու հասկացող երեխա է տղաս։  Չնայած տարիքին՝ հետաքրքրությունները բավականին շատ են, ինքն իր համար կարողանում է զբաղմունքներ գտնել։ Հիմա հետաքրքրված է նկարչությամբ՝ շատ ժամանակ է անցկացնում նկարելով։ Դե իմ երգերն արդեն անգիր գիտի՝ երգում է, պարում, արդեն մտածում եմ, թե հետագայում ինչ ուղի է ընտրելու։ Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե նկատեմ տաղանդ չունի, իրեն չեմ ուղղորդի այս ասպարեզ։ Այնպես չէ, որ եթե Սոնայի երեխան է, պետք է անպայման երգի։ Դա ժամանակի հետ կհասկանամ, բայց այն․ որ արվեստի կողմն է ընտրելու, արդեն նկատելի է»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ որքան էլ տաղանդավոր կամ հետաքրքրասեր լինի երեխան, ինքը շատ է կարևորում մարդկային տեսակը, առաջին հերթին ուզում է ուղղակի լավ մարդու մեծացնել։

Օրեր առաջ Սոնան գրել էր, որ իրեն և դիզայներ Գեղամ Շերոյանին սիրավեպ են վերագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ամուսնու հետ հարաբերություններին և քննարկումներին, թե Սոնան իրականում ամուսնացած չէ, երգչուհին ասաց․ «Ես ունեմ շատ լավ ընտանիք՝ ես ու Նարեկն ամուսնացել ենք 2014 թվականին, 2015-ին ծնվել է բալիկս՝ Արթուրը։ Կյանքի իմաստը, կարծում եմ, այն չէ, որ Ֆեյսբուքում անընդհատ ընտանեկան լուսանկարներ տեղադրես ու ցուցադրես։ Մենք նման բաներ չենք սիրում: Կարծում եմ՝ շատերն են նկատել՝ ինձ մոտ հիմնականում աշխատանքային լուսանկարներ են, որոնք այն մարդկանց համար է, ովքեր ինձ սիրում են, գնահատում»։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика