Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ.Քոչարյանի դիմումների քննությանը:
Այս մասին ասված է Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի Facebook-յան գրառման մեջ: Նա այսպիսի դիրքորոշում է հայտել ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ, համաձայն որի, ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը:
Ըստ այդմ՝ եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, և ինչպես ՍԴ-ն է որոշել՝ «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում», ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաև.
Հրայր Թովմասյանը, ով ՍԴ ու նախագահ անդամ է «ընտրվել» 2018թ. մարտի 21-ին՝ օրենքի պահանջների խախտումով՝ միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀԿ անդամ: Մի կուսակցության անդամ, որին իշխանությունը մարտի 1-ի սպանդով է փոխանցվել ու հանդիսանում է այդ ամենի թիվ մեկ շահառուն:
Մի կուսակցություն, որը մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը, ինչն էլ մարտի 1-ի քննվող գործի հիմքն է: Մի կուսակցություն, որը ԱԺ-ում ու կառավարությունում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին ԱԺ հատուկ նիստից անմիջապես հետո հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հավելյալ ԱԺ հայտարարություն ընդունեց՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:
Ըստ որում՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը Հրայր Թովմասյանը նաև եղել է Արդարադատության նախարար, ում անմիջական ղեկավարությամբ Հայաստանը ՄԻԵԴ-ում քննված ու մարտի 1-ին վերաբերող բազում գործերով կոմունիկացիայի ընթացքում տրամադարել է կանխակալ գրավոր պատասխաններ՝ հօգուտ Ռ.Քոչարյանի ու մարտի 1-ին պետության անիրավաչափ գործողությունների արդարացման:
Նույն հիմքերով Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ:
Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, մինչ այդ` 2003-2014թթ. եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակված դատավոր, ըստ որում՝ 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: Նրա՝ ՄԻԵԴ դատավոր եղած տարիներին այդ բարձրագույն ատյանում ընդդեմ Հայաստանի քննվել ու որոշումներ են ընդունվել մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով, ինչպես Մուշեղ Սաղաթելյանի և այլոց գործեր:
Այդ որոշումներն ու դրանցում տրված գնահատականները ակնհայտորեն հօդս են ցնդեցրել ՀՀ պաշտոնական տեսակետը մարտի 1-ի գործով, որոնք դատավոր Գյուլումյանը ատամներով ու ընդդեմ արդարադատության պաշտպանել է այդ ժամաշրջաններում ՀՀ արդարադատության նախարարների, այդ թվում՝ այժմ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին: Ակնհայտորեն, հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանավել է ՍԴ անդամ:
Արայիկ Թունյանը, ով 2005 — 2007 թթ. աշխատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում, իսկ 2007 — 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Ինչպես նրա կենսագրության այս ժամանակահատվածն է վկայում, նա ի պաշտոնե չէր կարող անմիջական մասնակցություն չունենալ վերոնշյալ փաստաթղթերի՝ Երևան քաղաքում արտակարգ դրության մասին Ռ.Քոչարյանի հրամանագրի ու դրա հիմքում դրված 0038 գաղտնի հրամանի պատրաստման մեջ: Ակնհայտորեն, հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվի ՍԴ անդամ:
Ֆելիքս Թոխյանը, ով ՍԴ անդամ է 1997 թ. սեպտեմբերի 23-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանի հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ «անհատական աշխատանքից» հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը:
Արմեն Գևորգյանը նույնպես մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
Հրանտ Նազարյանը, ով ՍԴ անդամ է 11996թ. փետրվարի 5-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանի հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ «անհատական աշխատանքից» հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:
Արևիկ Պետրոսյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին, մինչ այդ՝ 2007թ. մայիսից ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ: Մի կուսակցություն, որը նույնպես մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:
Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին հավելյալ ԱԺ հայտարարություն է ընդունել՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:
Աշոտ Խաչատրյանը, ով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, մինչ այդ՝ 2004 -2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն են ի պաշտոնե դրական եզրակացություն տվել /այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության ու գործընթացի մասն են/ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:
Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ և այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետևաբար, ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ ՍԴ-ն նման քննություն, այն էլ դեմ գնալով իր հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող:
Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ
27 հունիսի, 2019թ. Երևան», — ասված է նրա գրառման մեջ: