Ելենա Բորիսնեկոն՝ իր պահանջները մեղմացնելու և Հայաստանում կինոարտադրության մասին

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն այս փուլում հեռուստադիտողներին ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Ըստ դերասանուհու` չնայած նախագծում իր դերը կենտրոնականներից չէ, ռեժիսոր Գարրի Զաքարյանի և նախագծի թիմի մյուս անդամների հետ պրոֆեսիոնալ համագործակցության շնորհիվ կարողացել են առավելագույնս ընդգծել կերպարը։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ներկայիս զբաղվածության, հեռուստատեսային դաշտի և իր առաջարկների քանակից գոհ լինելու մասին։

««Թղթե երազանք»-ի շրջանակում շատ հաջող համագործակցություն եմ ունեցել։ Իր տեսակի մեջ հետաքրքիր, ինչ-որ չափով լուռ կերպար է, որին, ըստ ռեժիսորի, պետք է մարմնավորեր ամուր բնավորությամբ դերասանուհի՝ մեկը, ով կկարողանար այդ կերպարին տալ հետաքրքիր տեսակ: Այն մոր և ընտանիքի կնոջ դեր է, որն ամեն կերպ փորձում է հարթել աղջկա և հոր կոնֆլիկտը։ Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ, չկան վատ դերեր, կան վատ դերասաններ։ Այս նախագիծը, որպես հեռուստատեսային արտադրանք, կայացել է։ Այստեղ ներգրավված են Գյումրու թատրոնի լավ դերասաններ, ինչն ինձ համար ևս շատ կարևոր է։ Հետաքրքիր կերպով հեռուստադիտողին հասնում է այն միտքը, որ այսօր էլ կան մարդիկ, որոնց մոտ կա գլխին տանիք չունենալու խնդիրը»,- նշեց դերասանուհին։

Անդրադառնալով ներկայիս հեռուստատեսային արտադրանքներին՝ Ելենան նշեց, որ սերիալ և կինո նկարահանելու տարբերությունները մեծ են։ «Մեր հեռուստատեսային դաշտում ամեն ինչ շատ բարդ է՝ սկսած ինստագրամյան մտածելակերպից։ Ասում են, գիտեք, այսինչ մարդն Ինստագրամում շատ հետևորդներ ունի, հիմա թոփ դեմք է, եկեք իրեն նկարենք ու նկարում են, բայց սերիալը չի ունենում այն վարկանիշը, որն ակնկալել են։ Իրականում, բացի սոցցանցային վարկանիշ ունեցող մարդուն նկարելը, կարևոր է այն պատմությունը, որը պատմում են, ձևը, որով ներկայացնում են այդ պատմությունը։ Իհարկե, չեմ բացառում, որ շատ հեռուստասերիալներ նկարահանվում են «օճառային օպերայի» մակարդակով և, արի ու տես, ունենում են բարձր վարկանիշ։ Սա արդեն խոսում է հեռուստադիտողների մտածելակերպի ու նախասիրությունների մասին։ Ստացվում է, որ դու իրենց չես կարող ստիպել ավելի որակյալ մի բան նայել։ «Թղթե երազանք» նախագիծը, բնականաբար, այլ որակ է, որը թիմն առաջարկել է հեռուստադիտողներին, ունի բարձր վարկանիշ, ինչը հուսադրող է՝ ամեն ինչ կորած չէ»,- ասաց Ելենան։

Դերասանուհին նշեց, որ հեռուստատեսային նախագիծը կայանում է, երբ ստացվում է դերասան-ռեժիսորհամագործակցությունը։ Ըստ Ելենայի՝ առ այսօր, հիմնականում, լավ թիմերի ու լավ ռեժիսորների հետ է աշխատել, սակայն իր աչքից չի վրիպել փաստը, որ Հայաստանում ռեժիսորները, երբեմն, իրենց տեղում չեն լինում։

«Ռեժիսորի գործոնը շատ եմ կարևորում, որովհետև նա այն մարդն է, որը նկարահանման հրապարակում կարող է լավ սցենարը փչացնել կամ հակառակը։ Ես տեսել եմ, թե ինչպես են ռեժիսորները սցներաներ փչացնում։ Մենք ունենք այս խնդիրը, քանի որ սերիալներում ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է, իսկ երբ աշխատում ես լավ ռեժիսորի հետ, կապ չունի, թե ինչ ես խաղում: Կարծում եմ՝ միշտ հնարավոր է դերը «քամել» և ստանալ առավելագույնը։ Ես դեմ եմ դերասանների այն տեսակին, որոնք թելադրում են ռեժիսորին, որոշում են, թե ինչպես են ուզում խաղալ։ Ռեժիսորների հետ միշտ լեզու եմ գտնում, որովհետև կարևորում եմ այդ համագործակցությունը, եթե եղավ տարաձայնություն, արդյունքում տուժելու է նախագիծը»,- ասաց դերասանուհին։

Վերջինս նշեց նաև, որ կարևոր է քասթինգի մասնակցելը՝ անկախ դերասանի հայտնիությունից կամ ձեռքբերումներից․ «Դերասաններից շատերն իրենց պատվից ցածր են համարում քասթինգների գնալը, ես հակառակը՝ կողմ եմ։ Կարծում եմ՝ բոլորս էլ պետք է այդ ճանապարհով անցնենք, քանի որ մի բան է, երբ ռեժիսորն ուղղակի քեզ տեսնում է այդ դերում, այլ բան է, երբ փորձում է այդ իրավիճակի մեջ»։

Ըստ Ելենայի՝ տարիներ առաջ ինքն իր մասնագիտական ոլորտում ավելի պահանջկոտ էր։ «Ես այս մասնագիտության մեջ եմ 6 տարեկանից, հիմա 46 տարեկան եմ։ Շատ դերեր եմ հասցրել խաղալ, չկա մի դեր, որի մասին երազում եմ։ Այս մասով կա մեկ ցանկություն՝ աշխատել լավ թիմի հետ՝ լավ ռեժիսորի գլխավորությամբ։ Հետաքրքիր է, բայց տարիներ առաջ ավելի պահանջկոտ էի, քան հիմա, որովհետև ժամանակի հետ հասկանում ես, որ որոշ հարցերում պետք է փոխզիջումների գնալ։ Եթե կա մեկը, ում պետք է պահանջներ ներկայացնեմ որպես դերասանուհի, պա դա ես եմ։ Մասնագիտական առումով հաճախ եմ ինքս ինձանից դժգոհում, որովհետև միշտ մտածում եմ, որ հնարավոր էր ավելի լավ անել։ Իմ ամենամեծ քննադատը ես եմ»,- նշեց Ելենան։

Դերասանուհու կարծիքով՝ մեզ մոտ հեռուստատեսային դաշտը փոքր է, ինչի հետևանքով երբեմն կարող են որոշ խնդիրներ առաջանալ։ «Ես իմ նկարահանումների առաջարկներից գոհ եմ, որովհետև նկարահանվել եմ և՛ գեղարվեստական, և՛ փառատոնային ֆիլմերում։ Իհարկե, երբ մեր այս դաշտը համեմատում ենք արտերկրի հետ, պատկերը պարզ է՝ աշխարհը բոլորովին ուրիշ տեղում է, մենք՝ ուրիշ։ Ֆիլմերը, որոնք այսօր կինոթատրոններում եկամուտ են բերում, ինձ համար գեղարվեստական արժեք չունեն, ուղղակի մի քիչ լավ որակի ֆիլմեր են։ Մենք չունենք նաև այն պետությունը, որը մեզ կֆինանսավորի ոլորտը։ Նկարահանումների իմ առաջարկներից չեմ դժգոհում՝ երբեմն լինում են, երբեմն՝ ոչ։ Պարզապես Հայաստանում մենք կինոարտադրություն չունենք, ով ինչ ուզում է ասի»,- եզրափակեց Ելենան։

Հեղինակ Զառա Ղազարյան: Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика