Եթե պաշտպանական կողմը հայտարարի, որ այդ հայտարարությունն անելիս Փաշինյանը նկատի չի ունեցել Ռ. Քոչարյանին, ապա պատրաստ ենք հրաժարվել հայցից. Հ. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»–ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի հիմքերը։

«Հայցի հիմքում դրված է մի քանի փաստ, առաջինը՝ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թթ. հանդիսացել է Հանրապետության նախագահ, երկրորդը՝ 2019 թ. հուլիսի 26-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 500.1 հոդվածով, հետագայում այդ մեղադրանքով պարոն Քոչարյանը կալանավորվել է: Մյուս հիմքը՝ Վերաքննիչ դատարանի կողմից 2018թ. օգոստոսի 13-ին կայացրած որոշմամբ պարոն Քոչարյանը ազատ է արձակել և վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակելու հիմքում դրել է միայն մի հանգամանք, որ պարոն Քոչարյանը՝ որպես Հանրապետության նախկին նախագահ, օգտվում է անձեռնմխելիությունից»,– ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ վարչապետ Փաշինյանը Ֆրանսիայում արված հրապարակային հայտարարության մեջ ասել է հետևյալը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Պատասխանողի ներկայացուցիչն էլ նշեց, որ հայցը, բնականաբար, չեն ընդունում. «Մենք ընդունում ենք, որ իմ վստահորդն այդ արտահայտությունն արել է մեկնաբանության վերաբերյալ, դա վերաբերել է Սահմանադրական նորմի մեկնաբանությանը, անձերին նկատի չենք ունեցել: Բայց հայցադիմումը, երբ ուշադիր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ երրորդ էջում հայցվոր կողմը, վկայակոչելով 1087.1 հոդվածի 1-3 կետերը, նշում է. «Օրենքի սահմանումից պարզ է դառնում, որ պատասխանողի վերը նշված հայտարարությունը, այսինքն՝ այդ վիճելի արտահայտությունը, հանդիսանում է զրպարտություն: Հետո խնդրում է պարտավորեցնել Նիկոլ Վովայի Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել նշված հայտարարության համար»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը դատավորին ասաց. «Նշելով, որ այս արտահայտությունները վիրավորանք են, այլ ոչ զրպարտանք, ուղղորդեցիք հայցվոր կողմին, որ ամեն դեպքում շտկի իր հայցադիմումը, ըստ էության, ավելացնի վիրավորանք»: Դատավորն էլ նշեց, որ դատարանը որևէ կողմին չօգնեց, դատարանը ճշտեց, իսկ այդ պարագայում Հայկ Ալումյանը շատ արագ կողմնորոշվեց և ասաց, որ դա վիրավորանք է:

Դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց՝ հաջորդ դատական նիստի օրը որոշելու համար:

Ընդմիջումից հետո Հայկ Ալումյանը հայտարարեց. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունը անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից, դրանից ելնելով՝ ես նման դեպքում ես կխնդրեի՝ նիստը նշանակել հնարավորինս մոտ ժամկետում, որ այդ ձևակերպումները ես կարողանամ ներկայացնել»:

Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչն ասաց, որ հաճելի է Հայկ Ալումյանի հետ աշխատելը. «Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին: Այսքանը»:

Հայկ Ալումյանը դատարանին ևս մեկ անգամ խնդրեց դատական հաջորդ նիստը նշանակել մոտ ժամկետում: Դատավորն էլ նշեց, որ եթե միայն հայցից հրաժարվելու եք, ապա կարող է հիմա անել դա:

Հայկ Ալումյանն էլ խնդրեց վաղը նշանակել դատական հաջորդ նիստը և հավաստիացրեց, որ իրենք հրաժարվելու են հայցից:

Դատական նիստը նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին:

17:19

Նախագահող դատավորը թեև ընդմիջում չհայտարարեց, բայց նիստերի դահլիճից հեռացավ՝ ասելով, որ տեխնիկական խնդիրները կարգավորելուց հետո իրեն կանչեն:

Նշենք, որ քիչ առաջ նիստերի դահլիճի էլեկտրամատակարարումն էր դադարեցվել, այնուհետև առաջացել էին տեխնիկական այլ խնդիրներ:

Դատական նիստի ընթացքում բարձրացավ լրատվամիջոցների ներկայացուցիչների դժգոհությունը: Նրանք նշում են, որ դահլիճը շատ փոքր է, տեղաշարժվելու հնարավորություն չկա: Լրագրողներից մեկը դատավորին հարցրեց՝ հնարավոր չէ՞ դատական նիստը իրականացնել այլ դահլիճում: Հարցին ի պատասխան՝ դատավորն ասաց՝ չէին կարծում, որ նիստն այսքան հետաքրքրություն կառաջացնի՝ մյուս անգամ հաշվի կառնեն առաջարկը, իսկ մինչ այդ պետք է բավարարվել եղածով:

16:35

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Նախագահող դատավորը Լարիսա Սարգսյանն է:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հիշեցնենք նաև, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր: Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո եռօրյա ժամկետում այն կրկին ներկայացրել է դատարան:

 

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика