Հյուրանոցի ափամերձ հատվածում ամեն օր մի տարիքով տղամարդ է գալիս։ Իր հին ու փոշոտ մեքենայի բեռնախցիկից հանում է մի սեղանիկ, տեղադրում այն ափի միակ ու փառթամ ծառի տակ, փռում մի ճեփ-ճերմակ սփռոց ու խնամքով շարում իր տնամերձի բարիքները։ Զեյթունի ձեթ, ուզո, ռակիա, մեղր, թուզ ու կակտուսի միրգ։
Առավոտյան շուտ ես էլ արթնանում ու գալիս եմ լողափ՝ նույն ծառի շքեղ ճյուղերը տակ լավ տեղ պահելու համար։
Պապիի հետ ընկերացա։ Սկսեցինք ասել-խոսելով, հետո արդեն ամեն օր պապիի քաշած ռակիայով ու որպես բացառիկ զակուսկա ծառայող ձիթապտուղներով։
Հայերի եւ հույների մասին իրար ամեն ինչ պատմեցինք, հին քաղաքակրթությունից ու ճգնաժամից մինչեւ քրիստոնեություն ու Թուրքիա։ Երբ առաջարկում եմ հայ-հունական ապագա սահմանի կենացը խմել՝ պապիի աչքերը փայլում են նույն կարոտով, որով լուսահոգի պապս էր խոսում ու պատմում մեր գերդաստանի բնօրրանի՝ Սեբասթիայի ու Կյուրունի մասին։
Դե հա հյուրասիրվել չի լինի։ Ամոթն էլ է լավ բան։ Այսօր որոշեցի մի քանի շիշ տնական ռակիա գնել պապիից։
Այսքանը ու՞մ համար ես առնում,- ծովից, տարիքից ու քամուց խորացած մաշկային ծալքերում քողարկելով ժպիտը, հարցնում է պապին։
Դե մի քանի շիշ ես ու ընկերներս կխմենք, մի շիշն էլ կտանեմ հորս, ինքն էլ մեր տանը թթից է օղի քաշում, հաստատ քոնն էլ կհավանի։
Հո՞րդ… էս զեյթունն էլ իմ կողմից կտաս իրան։ Այսքան տարի այստեղ առեւտուր եմ անում, դու առաջինն ես, որ հոր համար բան ես առնում ինձանից։ Դե հայերը ուրիշ են էլի, տարբեր