Դերասանուհի Յուլյա Ֆինկը՝ իր զգեստապահարանի, ոճի և նորաձև համադրությունների մասին

Դերասանուհի Յուլյա Ֆինկն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի։ Զույգ տղաների մայրիկը, սակայն, հասցնում է Ինստագրամի իր հետևորդներին պարբերաբար ներկայանալ ոճային լուսանկարներով, հետաքրքիր համադրություններով և նոր կերպարներով։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ իր գրեթե բոլոր լուսանկարների հեղինակն ամուսինն է՝ հաղորդավար Արտյում Կարապետյանը: Պարզվում է՝ վերջինս շատ է սիրում լուսանկարել։

Յուլյան ոճերից նախընտրում է «բոխո»-ն և իտալական նորաձևությանը հատուկ կանացի, էլեգանտ համադրությունները։ Դերասանուհին դժվարացավ առանձնացնել կոնկրետ ոճ, որը գերակշռում է իր զգեստապահարանում։

«Կոնկրետ ուղղվածության ոճ չունեմ․ այնպես չէ, որ հագնում եմ միայն դասական կամ միայն casual ոճի հագուստ։ «Բոխո»-ն ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նորաձևության մեջ։ Բացի այդ, իտալական համադրությունների սիրահար եմ, որի դեպքում շատ են «ունիսեքս» տարբերակները, գոտու հետաքրքիր կիրառումները։ Նախասիրություններս բավականին խառն են, չեմ կարող հստակ բաժանումներ անել։ Առհասարակ, փորձում եմ տարբեր ոճերի հագուստներ ընտրել»,- նշեց դերասանուհին։

Յուլյայի խոսքով՝ իր պահարանում գունային երանգները ևս տարբեր են, սակայն վառ գույներ չի սիրում, պաստելային երանգները գերակշռում են։ «Սպիտակի սիրահար եմ՝ հատկապես, երբ համադրում ես ոսկեգույնի հետ։ Հետաքրքիր է, բայց անգամ ձմռանը սիրում եմ սպիտակ հագուստ՝ սվիտերներ, վերակուներ։ Իմ սիրելի գույներից է նաև սևը, որը, կարծում եմ, դասական գույն է և հնարավորություն է տալիս հետաքրքիր համադրություններ անել»,- ասաց դերասանուհին։

Վերջին շրջանում նորաձևությունը թույլ է տալիս համադրել անհամադրելի իրերը, սակայն Յուլյան այնքան էլ կողմ չէ նման look-երի։ «Համադրությունների մեջ կան տարբերակներ, որոնք, առհասարակ, չեմ ընդունում, հնարավոր է, երբեք չհագնեմ։ Խոսքը շատ խառնված ոճերի մասին է։ Վերջերս մի լուսանկար էի նայում, որտեղ ամառային թեթև երկար զգեստի հետ շատ կոպիտ, տղամարդկային բոկոտիկներ էին։ Նման համադրություն երբեք չեմ անի, սակայն նույն այդ թեթև զգեստը կհամադրեմ կեդերի, նուրբ տեսակի սպորտային կոշիկների հետ։ Անգամ ոճային խառնուրդների դեպքում աշխատում եմ պահել համապատասխանությունը։ Ցանկացած դեպքում փորձում եմ հնարավորինս պահել կանացիությունը»,- ասաց Յուլյան։

Դերասանուհին նշեց, որ անկախ նորաձևության միտումներից կան իրեր, որոնց երբեք չի դավաճանում․ «Իմ պահարանում միշտ կան տարբեր գլխարկներ, բավականին խոշոր զարդեր ունեմ, որոնք տարիներ շարունակ կրում եմ, պահարանումս անպայման ունենում եմ բոխո ոճի հագուստներ։ Մի քանի զգեստ կա, որոնք, ըստ իս, չեն դադարում նորաձև լինել, այսինքն՝ ավելի վինտաժային են դառնում։ Դրանք ևս իմ զգեստապահարանի անբաժան մասն են»։

Դերասանուհին իր look-երն ընտրում է ըստ տրամադրության, եղանակի և օրվա անելիքների։ «Երբեմն կարող եմ Ինստագրամում ինչ-որ լուսանկար տեսնել, ոճն ինձ դուր գա, մտածեմ, որ ինքս էլ ունեմ այդ իրերից և կարող եմ համադրել։ Առավել հաճախ համադրությունները սիրում եմ ինքս անել։ Կան կանայք, որոնք հագուսները դնում են իրար կողքի, որպեսզի տեսնեն համադրությունը ստացվո»ւմ է, թե՞ ոչ։ Ինձ մոտ հիշողությամբ ու պատկերացմամբ է դա՝ look-ս մտովի են դասավորում, հետո պահարանից վերցնում ընտրած հագուստներն ու հագնում»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ ըստ տրամադրության և եղանակի է ընտրում նաև օծանելիքը։

Յուլյայի խոսքով՝ նորաձևությանը հեռվից է հետևում, քանի որ կարևորում է սեփական ոճի առկայությունը։ «Նորաձևությանը հետևում եմ, ծանոթանում եմ միտումներին, նորություններին, սակայն միշտ և ամեն ինչ չէ, որ կիրառում եմ իմ կերպարներում։ Չեմ սիրում երևույթը, երբ մի բան նորաձև ու տարածված է, նշանակում է բոլորը պարտադիր պետք է հագնեն։ Հետաքրքիր է, բայց պատահում են դեպքեր, երբ որևէ բան դառնում է նորաձև, իսկ ես այն կրած եմ լինում մեկ կամ երկու տարի առաջ»,- նշեց Յուլյան։

Ըստ նրա՝ նորաձև լինելն ու ոճ ունենալը իրարից շատ տարբեր են։ Դերասանուհին նկատեց, որ նորաձևությունը փոփոխման ենթակա է, սակայն, երբ մարդն ունի ոճի զգացողություն, հստակ ոճ, դա մնայուն է: «Ես սիրում եմ տարբերվել։ Իմ ոճն ընդգծելու և տարբերվելու համար ինչ-որ բաներ արել եմ՝ չեմ խուսափել աքսեսուարներից, գույներից, փորձարկումներից։ Ոճն ամենակարևորն է, որովհետև երբ դու ունես ոճի զգացողություն, միշտ էլ կարող ես նորաձև լինել»,- ասաց նա:

Հեղինակ Զառա Ղազարյան
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика