Դերասանուհի Եվա Բաղդասարյանը աչքի ընկնում համարձակ կեպարներով: «Իմ մասին վատ մեկնաբանությունների հետևում «տանը մնացած» աղջիկներ են»․ Նա խոսել է անկողնային և համբույրի տեսարաններում նկարահանվելու և արձագանքների մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այժմ նկարահանվում է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, հաճախ է աչքի ընկնում համարձակ կեպարներով: Հեռուստասերիալում էլ դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարով՝ նկարահանվելով նաև անկողնային և համբույրի տեսարաններում։

Tert.am Life-ը Եվայի հետ զրուցել է համարձակ տեսարաններում նկարահանվելու, լսարանի արձագանքների, կերպարի և իր տարբերությունների մասին։ Եվայի խոսքով՝ իրեն զարմացնում է հեռուստադիտողների բացասական արձագանքն իր՝ նման տեսարաններում նկարահանվելուն։

«Անկողնային տեսարանները հեռուստադիտողներն ընկալում են բոլորովին այլ կերպ․ մտածում են թե՛ ես, թե՛ խաղընկերս մերկ ենք, սակայն ուզում եմ ընդգծել, որ և՛ անկողնային տեսարանները, և՛ համբույրի տեսարանները միայն իմիտացիա են։ Կարծում եմ՝ նորմալ է, երբ դերասանուհին ներկայանում է նման տեսարաններում»,-ասաց Եվան, թեև ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում անդրադառնալով բաց տեսարաններին՝ նշել էր, որ ոչ բաց տեսարաններում կնկարահանվի, ոչ անկողնային, ոչ էլ հեռուստասերիալում կհամբուրվի։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ինչն է փոխվել այս ամիսների ընթացքում, որ որոշել է հանդես գալ նման տեսարաններում։

Եվայի խոսքով՝ նախորդ զրույցում «բաց տեսարաններ» ասելով նկատի է ունեցել մերկանալը, ինչն այս հեռուստասերիալում չի անում․ «Դրանք ինձ համար բաց տեսարաններ չեն, քանի որ ես անկողնում հագուստով եմ լինում, իսկ համբույրի տեսարաններն իրական չեն։ Կադրում վերմակով փաթաթված լինելն ինձ համար բաց տեսարան չէ։ Հայկական իրականության մեջ իրական բաց տեսարաններ եղել են, որոնցում միանշանակ չեմ նկարահանվի։ Այն, ինչ ես այս անում եմ հեռուստասերիալում, չափի մեջ է: Դրանից ավելի ոչինչ ինձ թույլ չեմ տա, այսինքն՝ հեռուստադիտողի առջև չեմ մերկանա։ Բացի այդ, այն, ինչ անում ենք, գռեհիկ չէ»։

Բացասական արձագանքների վերաբերյալ դերասանուհին ունի իր կարծիքը, նրա խոսքով՝ ինքն իր չափերը լավ գիտի, պետք չէ իրեն քննադատել․ «Թող ինձնից և իմ ընտանիքի անդամներից շատ ավելի ծանր չտանեն, այդքան չմտածեն իմ մասին, որովհետև ես գիտեմ՝ ինչ եմ անում և որն է իմ չափը։ Ինձ երբեք թույլ չեմ տա մերկանալ և մտնել ուրիշ տղամարդու անկողին»։

Եվայի խոսքով՝ իր հասցեին գրված բացասական մեկնաբանությունները, երբեմն, իրեն իր կերպարի հետ նույնացնելու հետևանք է․ «Ես այն չեմ, ինչ խաղում եմ․ իրական կյանքում ես այլ աղջիկ եմ։ Իմ կերպարի հետ մեր միակ նմանությունն իմ անունն է։ Ինքս առավել սիրում եմ համարձակ կերպարներ, չնայած, չգիտեմ ինչու, մեր հեռուստադիտողները սիրում են բարի, պուպուշ աղջիկների կերպարներ։ Չեմ հասկանում, թե ինչու են ամեն ինչ այդքան ծանր տանում, գրում են վատ բաներ՝ այդպիսով ցույց տալով իրենց դաստիարակությունը։ Իմ հասցեին գրված վատ մեկնաբանությունների հետևում կանգնած են «տանը մնացած» աղջիկներ։ Ես իրենց կասեմ, որ թեթև տանեն, քանի որ էկրանից այն կողմ բոլորովին այլ միջավայր է»։

Եվան նշեց, որ այս ամիսների ընթացքում հասցրել է սիրել և ամբողջությամբ հասկանալ իր կերպարը․ «Ես իմ մարմնավորած կերպարն ավելի խորն եմ ընկալում: Այն ունի նաև դաստիարակչական, ուսուցողական միտում։ 21-րդ դարում հնարավոր է հանդիպել նման բնավորությամբ աղջիկների, ովքեր կարող են խաբվել տղայի ունեցվածքին, թողնել իրենց սիրելիին և գնալ նրա հետևից, ով գումար ու շքեղ ավտոմեքենա ունի։ Կերպարիս հետ կապված նոր ու շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Շուտով կբացահայտվի իմ կերպարի կապը մյուս հերոսների հետ։ Ըստ իս՝ իմ կերպարը ոչ թե բացասական, այլ խաբված աղջիկ է»,- ասաց նա։

Ֆիլմում դերասանուհու հիմնական տեսարանները Լեռնիկ Հարությունյանի հետ են։ Եվան նշեց, որ խաղընկերոջ հետ ընկերական ջերմ հարաբերություններ ունեն, իրար վաղուց են ճանաչում․ «Լեռնիկ Հարությունանին ճանաչում եմ Սունդուկյան թատրոնից, որտեղ քիչ ժամանակ աշխատել եմ։ Մենք շատ լավ ընկերներ ենք: Հեռուստասերիալի նկարահանումներն էլ անցնում են լավ, հանգիստ, ընկերական մթնոլորտում»։

Բացի հեռուստասերիալում զբաղվածությունը, Եվան շարունակում է հանդես գալ նաև որպես մոդել։ Օրերս նա նկարահանվել է Կարեն Ասլանյանի «Յարս չիմանա» երգի տեսահոլովակում։ Եվան նշեց, որ, չնայած տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ շատ է ունենում, հիմնականում չի ընդունում դրանք․ «Կարենն ինձ համար շատ հարազատ մարդ է: Դա է պատճառը, որ համաձայնեցի նկարահանվել իր տեսահոլովակում»։

Տեսահոլովակի առաջին կադրերի՝ համացանցում հայտվելուն պես խոսակցություններ տարածվեցին, որ Եվան դիմել է կոսմետիկ միջամտության՝ մեծացնելով կրծքերի չափսը: «Ես կոմետիկ որևէ փոփոխություն չեմ արել՝ ոչինչ չեմ մեծացրել։ Բլուզս լայն բացվածքով է և ընդգծող, գուցե, դրանից է նման տպավորություն ստեղծվել»,- վստահեցրեց նա:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика