Դատավոր Դանիելյանը նշանակվել է գործով մեղադրյալ Քոչարյանի կողմից ու չի կարող օբյեկտիվ լինել. տուժող կողմը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. ուղիղ

16:02

Գործով տուժող Արթուր Ավագյանին պաշտպան Սեդա Սաֆարյանը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին բացարկ հայտնելու գրավոր միջնորդություն ներկայացրեց:

«Ես կարծում եմ, որ Ձեր՝ որպես դատավորի, բացարկի հիմքերը ավելի խորքային են, դրանց արմատները գտնվում են դեռևս Ձեր նշանակման ակունքներում: Հետևաբար` այն փաստարկները, որոնց կապակցությամբ ես պետք է շարադրեմ իմ տեքստը պետք է անդրադառնամ այն ժամանակին, երբ Ձեզ որպես դատավոր են նշանակել և փորձեմ պատասխանել այն հարցին՝ արդյոք դատավորի վերաբերմունքը իրեն նշանակող պաշտոնյայի հանդեպ կարող  է ունենալ բավարար անաչառության սահման՝ լսելու այս գործը»,- ասաց Սաֆարյանը և նշեց, որ Քոչարյանի նախագահության տարիներին «Մարտի 1»–ի գործով դատավոր Դանիելյանը վճիռներ է կայացրել բոլորովին այլ տեսանկյունից:

Սաֆարյանն ընդգծեց, որ նախորդ դատական նիստին Քոչարյանի պաշտպաններից Ալումյանը դատավորին ներկայացրեց որպես մեղադրող կողմին սպասարկող դատավորի, բայց չտեղեկացրեց, որ իշխանությունների օրոք են դատավորի նման դրսևորումներն ակնհայտ եղել:

«Որտեղի՞ց է եկել դատավոր Դանիելյանի անձի շուրջ ձևավորված այս կարծիքը, դատավոր Դանիելյանը նախկինում որևէ կերպ չի տարբերվել այս գործի այլ դատավորներից: Դատավոր Դանիելյանը նշանակվել է դատավոր սույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի  նախագահության տարիներին: Ունեմ հիմնավոր կասկած, որ այդ պահին դատավոր նշանակելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ: Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պարտադիր համարվող մի շարք չափանիշների արժևորումից՝ այդ թվում, սկզբունքայնությունից, սա կասկած է հարուցում, որ կարող է նա անաչառ դատավոր լինել»,- ասաց Սաֆարյանը:

Նրա համոզմամբ՝ դատավորն այս պահին օբյեկտիվորեն հայտնվել է իր կամքին, դիրքորոշմանը հակառակ բևեռում և այս պարագայում չի կարող հանդես գալ որպես արդար դատավոր: «Այն փաստական հանգամանքները, որոնք նա հաստատված է գտել 2008 թվականի «Մարտի 1»–ի իրադարձությունների փաստերի գնահատման ժամանակ, ներկայումս հակառակն են և այն դատարանը, որը 2008 թվականին բացահայտ համոզմունք ունենալով, որ տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, մասնակից է դարձել դրա իրականացմանը: Ինչից էլ հետևում է, որ դրանով խախտվեց դատավորի կապը դատական իշխանության հետ:

Դատավորին հայտնի են եղել այն փաստերը, որ 2008 թվականի «Մարտի 1»–ի, 2-ի իրադարձությունները իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսևորումներ են և գործով բարձրացվել են փաստեր, ինչը շրջանցվել է  դատարանի կողմից և երկրորդ՝ ոստիկանների ցուցմունքների պայմաներում դատապարտվել են տասնյակ քաղաքացիներ»,- նշեց նա:

Դատարանը 15 րոպե ընդմիջում վերցրեց։

15։19

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց: «ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, հրապարակում եմ՝ ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս, իքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:

Դատական նիստը շարունակվում է:

15։11

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Այս պահին դատարանը հրապարակում է  որոշումը արդյոք կընդունի ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանի խոսքով՝ այսքան ժամանակ չի եղել դեպք, երբ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի գործը մակագրվի այնպիսի դատավորի, որին նույն գործով մեկ այլ բողոք է մակագրված եղել։

Այսօր արդեն դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նաև Գործով անցնող մյուս մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նա դատարանում նշել էր, որ նայել է Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից ստացված պատասխանը այն մասին, որ քրեական գործով բողոքը՝ խափանման միջոցի հետ կապված, մակագրվել է դատավոր Դանիելյանին:

«Դրա հիման վրա արդեն անհայտ ընթացակարգերով սույն գործով այլ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները, այդ թվում, քրեական գործը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքներն ի՞նչ կարգով են հայտնվել Ձեզ մոտ, որևէ հիմնավորում չունի, հարգելի՛ դատավոր»,- ասել էր Պողոսյանը։

«Այս հարցով Դուք Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու համար պատշաճ դատավոր չեք, այսինքն՝ օրենքի հիման վրա ստեղծված դատավոր չեք և այդ հիմքով ես միանում եմ իմ գործընկերոջ՝ Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությանը: Ես Ձեզ բացարկ եմ հայտնում և միջնորդում եմ, որ հայտնեք ինքնաբացարկ»,– հավելել էր նա:

Դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, և հայտնել էր, որ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:15-ին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика