Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Աբովյանի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության»։

Նշենք, որ հարցաքննությունը նախատեսվում է անցկացնել այսօր։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին, հրկիզել էին քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ Գրիգոր Գուլյանի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանի դուռը։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ հրկիզման միջոցով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան

ԱՂԲՅՈՒՐ Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика