Բոլոր վարորդներս մի պահ կանգ առնելու ու զգաստանալու կարիք ունենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին 4 օրերին շրջել եմ Արցախում և ՀՀ մի շարք մարզերում՝ մոտ 1000 կմ։ Առնվազն 10 անգամ «Խուսափել» կամ «Փախել» եմ մահից, մահացու վտանգավոր վարորդներից։

Կարծում եմ բոլոր վարորդներս մի պահ կանգ առնելու ու զգաստանալու կարիք ունենք։ Իրականությունը այն է, որ մեր հայրենիքում ժամ առ ժամ մեքենաները ավելանում են, մյուս կողմից անգրագետ ու մահացու վարորդ շատ ունենք, որն էլ բերում է նման ցավալի դեպքերի։

Այս ոլորտում պետք է խստացնել ամեն ինչ՝ սկսած վարորդական վկայականի տրամադրումից, մի շարք կոպիտ խախտումների դեպքում վկայականի զրկումից (Տարբեր ժամանակահատվածներով), Ճանապարհային Ոստիկանության առավել զգոն աշխատանքից մինչև արդեն վարորդական վկայական ունեցողների շրջանում պարբերաբար քննությունների կազմակերպում։

Հ.Գ. Այն ինչ տեղի ունեցավ երեկ ուղղակի սոսկալի էր։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին և առողջություն մաղթում վիրավորներին»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 7-ին դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

 

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика