Արմեն Աշոտյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նախ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բացի օրվա խորհրդից, այլ հարցերի չի պատասխանի, սակայն լրագրողների դիմադրությունից հետո հերթով պատասխանեց դրանց։ Նշենք, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է և ՀՀԿ-վերնախավն այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն։
Լրագրողներին նախ հետաքրքրում էր, թե ինչու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվում խոսել և պատասխանել լրագրողների հարցերին, Աշոտյանն էլ նկատեց, որ դեռ պատեհ ժամանակը չէ.«Երբ ժամանակը համարենք պատեհ՝ խոսելու քաղաքականության մասին, անդրադառնալու հարցերի այն շրջանակին, որ հուզում է իրեն, մեզ և ձեզ, ապա դրա մասին կիմանք»։
Աշոտյանն անդրադարձավ նաև Անդրանիկ Մարգարյան մարդու և քաղաքական տեսակին և նշեց, որ նրա տեսակը ՀՀ քաղաքական կյանքում չլրացվեց.«Մարդ, որ միաժամանակ և սկզբունքային էր, բայց նաև մերան էր ու քաղաքական հանդուրժողականություն և համերաշխություն ստեղծող»։
Նա նաև նշեց, որ Մարտի 1-ի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կարիքը չի տեսնում և դա միայն վնասելու է բանակին։ Ըստ Աշոտյանի, եթե իշխանությունը ցանկանում է պարզել, ուսումնասիրել հանգամանքները, այդ ամենը կարող է անել առանց հանձնաժողով ստեղծելու, քանի որ բոլոր գործիքներն ունի՝ ԱԱԾ, Ոստիկանություն և այլն։
«Բոլոր կուսակցությունների ղեկավարներին Աստված երկար կյանք տա։ Հանրապետականի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ մենք փոխել ենք երեք ղեկավար՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան։»-նշեց Աշոտյանը։