Արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ հայտնած դիրքորոշմանը, որով Ծառուկյանը, ըստ էության, բոյկոտել էր իմքայլականների՝ ՍԴ-ի դեմ իրականացվող քաղաքական դեմարշն ու դրանում Ազգային ժողովին ներքաշելու ակնհայտ ձգտումները (նույնաբովանդակ հայտարարություններով են հանդես եկել նաև Ւվետա Տոնոյանն ու Գևորգ Պետրոսյանը)՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է. «ԲՀԿ-ն չի հայտնում դիրքորոշում, այս պահին խմբակցությունը գերադասում է չհայտնել կարծիք»:
Նա միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը քաղաքական է: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի հոկտեմբերի 1-ին գումարված հերթական նիստերի օրակարգի մեջ տեղ է գտել «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը՝ ենթակա պարտադիր քննարկման:
Թե որն է իրականում ԱԺ-ում նման հարց բարձրացնելու մոտիվացիան, իհարկե, պարզից էլ պարզ է. բոլոր հնարավոր միջոցներով ու գործիքակազմերը գործի դնելով իշխանությունները ցանկանում են «գլխատել» Սահմանադրական դատարանը, Թովմասյանին ցանկալի մեկով փոխարինելու միջոցով սեփականել իշխանության բոլոր ճյուղերը:
«Բարգավաճ Հայաստանի» սկզբունքային դիրքորոշումն ակնհայտորեն հակասության մեջ է մտնում իշխանությունների ծրագրերի հետ: Ճիշտ է, ինչպես Մակունցն էր հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում խոստովանել, «ձայների այն քանակը, որն անհրաժեշտ է նախագիծը ներկայացնելու համար ՍԴ, «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարարում են», սակայն իրենք շեշտադրում են արել, որ «սա բացառապես «Իմ քայլը» խմբակցության հարցը չէ, և բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթաց սկսել»:
Մակունցի հայտարարության մեջ ակնհայտորեն նկատվում է որոշակի նախազգուշական ակնարկ այն մասին, որ իշխանություններն, «աչքերը չորս արած», հետևելու են ԱԺ-ում ներկա ուժերի պահվածքին և, իհարկե, անելու են համապատասխան հետևություններ:
Մյուս կողմից՝ մի փոքր տարօրինակ է հնչում Մակունցի՝ արդեն այսօր կատարած հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն չի հայտնում դիրքորոշում. հայտնում է քաղաքական դիրքորոշում: Չտեսնել այստեղ միմյանց հակասող ձևակերպումներ, ցանկության դեպքում անգամ անհնար է:
Մինչդեռ փաստ է, որ ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում է հայտնում՝ չցանկանալով այս իրավիճակում իշխանությունների «թելը թելել» (դիցուք Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իրավաբաններն ուսումնասիրել են, և նախագիծը իրավական առումով հիմնազուրկ է, մերկ. հարցի լուծումը խորհրդարանական մասով նախատեսված չէ, և հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այս նախաձեռնության քվեարկությանն ընդհանրապես):
Ի՞նչ կարող է իշխանություններին արժենալ ԱԺ-ում երկրորդ ազդեցիկ ուժի կարգավիճակում հանդես եկող ԲՀԿ-ի նման դիրքորոշումը: Իհարկե, ցանկության դեպքում «Իմ քայլի» համար դժվար չի լինի առաջ քաշված նպատակին հասնելը, քանի որ, ինչպես հայտնի է, ԱԺ-ում այդ ուժն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն խնդիրն այստեղ այն է, որ չստանալով ԱԺ մյուս բոլոր խմբակցությունների աջակցությունն ու արժանանալով նման կտրուկ գնահատականների՝ «Իմ քայլը» խնդիր է ունենալու, այսպես ասած, սեփական քայլերի լեգիտիմացման՝ խուսափելու համար ինքնադատաստան իրականացնող քաղաքական ուժի պիտակից: Թովմասյանին պաշտոնազրկելն, իհարկե, բացառված բան չէ, բայց հարցն այստեղ այն է, թե դրա արդյունքում ինչ քաղաքական հետևանքներ կարող են լինել նույն «Իմ քայլի» համար: Եթե Մակունցի կողմից գլխավորվող խմբակցությանը հաջողվեր համոզել ԲՀԿ-ին, իսկ ԼՀԿ-ն էլ մինչև վերջ մնար ներկա դիրքերին, ապա հնարավոր կլիներ Թովմասյանի դեմ սանձազերծած հալածանքը մատուցել որպես «ազգափրկիչ ծրագիր»: Մինչդեռ նույն Իվետա Տոնոյանի հնչեցրած գնահատականները խայտառակում են այս ողջ պատմության իրական էությունը:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ի՞նչ հետևանքներ կարող են առաջ գալ ԲՀԿ-ի և, ինչու ոչ, անձամբ Գագիկ Ծառուկյանի համար սկզբունքային դիրքորոշում որդեգրելու արդյունքում՝ հաշվի առնելով այն հայտնի ճշմարտությունը, որ իշխանությունները մի կերպ են հանդուրժում իրենց կողմից որպես «նախորդ համակարգի մնացուկ» դիտարկվող քաղաքական ուժին:
Բոլորովին բացառված չէ, որ հետևանքներ իսկապես լինեն: Գուցե ոչ միանգամից, սակայն կամաց-կամաց իշխանությունները կարող են պաշարել ԲՀԿ-ի ամրոցն ու խնդիրներ ստեղծել նույն Գագիկ Ծառուկյանի համար:
Վարդգես Սարգսյան Աղբյուր