Ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը 70%-ով բաղկացած է ջրից, ուստի առողջության պահպանման համար մարդը պետք է բավարար քանակությամբ ջուր խմի: Սակայն անգամ այս դեպքում կան ջրի ընդունման հետ կապված որոշակի կանոններ, որոնց մասնագետները խորհուրդ են տալիս հետևել:
Սա է պատճառը, որ շատերին հուզում է այն հարցը, թե կարելի է արդյոք ջուր խմել ուտելու ընթացքում: Գիտնականները պարզել են, որ սննդի ընդունման պահին բերանի խոռոչում արտազատվում է թուք, որը տարրալուծում է սնունդը: Բացի այդ, ստամոքսահյութը ոչնչացնում է օրգանիզմում հայտնված բակտերիաները, իսկ օգտակար նյութերն արդեն լյարդում են հայտնվում արյան հետ:
Այս ամենը խոսում է այն մասին, որ օրգանների միջավայրի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ դրանց աշխատանքի վրա, ուստի ուտելու ընթացքում հարկավոր է խուսափել ջրից: Սակայն գիտնականներն, այնուամենայնիվ, դեմ են այս պնդմանը:
Մեյո կլինիկայի բժիշկ Մայքլ Պիկոյի խոսքով՝ ջուրն իրականում նպաստում է սննդի տարրալուծմանն ու օգնում է օրգանիզմին ավելի հեշտ յուրացնել վիտամինները: Բացի այդ, հեղուկը դրական ազդեցություն է ունենում աղիների աշխատանքի վրա, ինչի շնորհիվ օգնում է խուսափել փորկապությունից:
Մասնագետները խորհուրդ են տալիս ջուրը խմել ամբողջ օրվա ընթացքում, իսկ սնվելիս նախապատվությունը տալ քիչ քանակությամբ գոլ ջրին: Միևնույն ժամանակ նյութափոխանակությունը բարելավելու համար հարկավոր է ջուրը խմել ուտելուց կես ժամ առաջ: Սա կօգնի հեշտությամբ յուրացնել սնունդն ու խուսափել մարսողության հետ կապված խնդիրներից: