Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին օրերին բուժում ստացած մանկահասակ երեխաներից մեկի մայրը սոցիալական ցանցերում ահազանգել է այնտեղ տիրող իրավիճակի մասին, որն, ի վերջո, պատճառ է դարձել փոքրիկին բուժհաստատությունից տանելու՝ դեռ չապաքինված:
Օգտատերը նախ անդրադառնում է բժիշկների անբարյացակամ ու անտարբեր վերաբերմունքին. «Հիվանդանոցի բժիշկները չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը: Զոռով են մի բառ ասում, այն էլ՝ մունաթով:
Հանուն արդարության պետք է ասեմ, որ միայն մի բուժքույր կար Նառա անունով, ում կարելի էր ինչ-որ հարցով դիմել եւ երիտասարդ բժշկուհի, ով միակն էր հիվանդանոցում եղած 3 օրերի ընթացքում, ով հետաքրքրվեց բոլոր հիվանդների վիճակով (ցավոք անունը չգիտեմ): Բժիշկների կոպտությունը սահմաններ չունի»:
Շարունակելով՝ նա նշում է. «Բժիշկներից ոչ ոք չէր ներկայանում, բայց հետաքրքրվեցի եւ իմացա, որ տղայիս բուժող բժիշկը (ով, իհարկե, բժիշկ կոչվելու իրավունք չունի) Մովսիսյան Լորա Բաբկենովնան է: Հիվանդանոց ենք ընդունվել 22.08-ին, մի ամբողջ օր սպասել եմ, որ ասեն, թե ինչ սնունդ կարելի է տալ երեխային, բայց բժշկից չեմ ստացել ոչ մի ցուցում:
23.08-ին, երբ հարցրի ինչ տամ երեխային, սկսեց բարձր տոնով պնդել, որ ինքն ինձ ասել է ու պարտավոր չէ կրկնել, միայն մի քանի անգամ պահանջելուց հետո, պատասխանեց հարցիս՝ խիստ վիրավորական ձեւով: Բժշկի հետ եկած բաժնի վարիչը սկսեց ինձ վրա գոռալ, որ 1.7 տարեկան երեխային դեռ կերակրում եմ կրծքով, պահանջեց անհապաղ դադարեցնել կրծքով կերակրումը, դեռ ավելին, ասաց, որ առնվազն 6 ամիս ուշացրել եմ (հիշեցնեմ՝ ԱՀԿ-ն խրախուսում է երեխայի կրծքով կերակրումը մինչեւ 2 տարեկանը):
Հետո հավելեց, որ երեխան ԿԿ է ուտում, դրա համար էլ հիվանդ է: Նման մոտեցումը ստիպում է մտածել, որ բժշկուհին շատ վաղուց չի անցել ոչ մի վերապատրաստում, ինչը, կարծում եմ, բժշկության ոլորտում անթույլատրելի է: Արդյունքում շրջայցի եկած 2 բժիշկները միայն կոպտեցին ու վիրավորեցին ինձ, չհետաքրքրվեցին պալատում պառկած երեխաների ինքնազգացողությամբ, գիշերը տիրած վիճակով ու գնացին»:
Աղիքային ինֆեկցիայի պատճառով հոսպիտալացված փոքրիկի մայրն ընդգծում է, որ միեւնույն հիվանդասենյակում կողք կողքի պառկած են երեխաներ, որոնց վերջնական ախտորոշումը դեռ հատնի չէ, եւ կա վարակը փոխանցելու վտանգ: Բոլորն, ըստ նրա, օգտվում են նույն սանհանգույցից ու սառնարանից, շատ իրեր ընդհանուր են: «Էլ չեմ խոսում տարրական պայմանների եւ մաքրության բացակայությունից»,- նշում է նա՝ անդրադառնալով նաեւ հիվանդանոցում չվերահսկվող այցելություններին ու երեխաների հանգիստը խանգավելուն:
Օգտատիրոջ առաջ քաշած խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում են այս կամ այն բժշկական կենտրոնի վերաբերյալ, նոր չեն ու արդեն հասցրել են խոր արմատներ ձգել: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը նորանշանակ տնօրեն ունի արդեն գրեթե մեկ տարի: Մհեր Դավիդյանցից փորձեցինք պարզել, թե այդ ընթացքում ինչ է արվել նկարագրված իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Ասաց, որ սոցցանցում հրապարակված գրառմանը ծանոթանալուց հետո հանդիպել է երեխայի ծնողների հետ: Չբացառեց, որ բժիշկն ու բաժանմունքի ղեկավարը կարող են կարգապահական տույժ՝ նկատողություն ստանալ: «Ես ցանկություն հայտնեցի հանդիպել իրենց հետ, որպեսզի նախ լսեմ՝ իրականում ինչ է եղել, եւ ամենակարեւորը, ցանկացած խնդիր, կապված հիվանդանոցի հետ, ինձ մտահոգում է:
Խնդիրը հիմնականում առնչվում էր բժշկուհու վերաբերմունքի հետ: Որոշակի դժգոհություններ կային շենքային, սենյակային պայմանների հետ կապված, որոնց մասին մենք խոսել ենք եւ բազմիցս նշվել է, որ հիվանդանոցի բաժանմունքները գտնվում են անմխիթար վիճակում, հետեւաբար կտրուկ դա վերականգնել հնարավոր չէ:
Մենք անում ենք որոշակի մասերը քայլ-քայլ: Հիմնական շինարարությունը նախատեսվում է անել կառավարության ծրագրի միջոցով: Դա կլինի երեւի թե եկող տարի՝ արդեն վերակառուցման ծրագրով»,- ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը:
Բուժաշխատողների վերաբերմունքին առնչվող դժգոհությունը եւս նա հիմնավոր է համարում:
«Այո, եղել են որոշակի թերություններ՝ բժշկի մոտեցման, խոսքի հետ կապված: Բոլորը լսել եմ, դրանք քննարկվելու են եւ ստանան իրենց լուծումները: Լուծումներից մեկը սերնդափոխությունն է, որը մենք նախատեսում ենք անել եւ արվում է:
Նաեւ որոշակի ընթացակարգերի փոփոխություն է լինելու: Այստեղ ոչ միայն մարդկային գործոնի, այլ ընթացակարգերի եւ հին մոտեցումների փոփոխություն է պետք, որովհետեւ խնդիրը ոչ միայն բացառապես անձի հետ կարող է կապված լինել, այլ պարզապես հին մոդելի եւ հին մոտեցման: Հետեւաբար գնում ենք նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի փոխվի հին մոտեցումը»,- նկատեց Դավիդյանցը:
Ընդունեց նաեւ, որ թեեւ այցելությունները սահմանափակում են, որոշ դեպքերում ռեժիմները խախտվում են բացթողումների ու անուշադրության պատճառով: «Բնականաբար ավելի խստացվելու է»,- ասաց:
Իր պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ նրա, բուժհաստատության եկամուտներն էապես աճել են: «Մեկ տարվա ընթացքում մենք ունենք ֆինանսական գործունեության զգալի աճ. բոլոր ծառայություններում վճարումները բերվել են օրինական դաշտ:
Օրինակ լաբորատոր ծառայությունում ունենք ֆինանսական մուտքերի վեցապատիկ աճ, մյուս ծառայություններում՝ կրկնակի, եռակի, քառակի: Ձեռք ենք բերել մի շարք նվիրատվություններ: Ամբողջովին ասֆալտապատվել է հիվանդանոցի տարածքը, ինչը նախկինում շատ անմխիթար վիճակում էր եւ, բնականաբար, շատ անհարմարություններ էր պատճառում թե՛ պացիենտներին, թե՛ հարազատներին, թե՛ բուժանձնակազմին:
Վերանորոգվել, կահավորվել են որոշ հիվանդասենյակներ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նոր մահճակալներ են ձեռք բերվել»,- ներկայացրեց բուժհաստատության ղեկավարը:
Ըստ նրա, բարձրացվել են նաեւ աշխատավարձերը: Բացի հաստիքների համար նախատեսված աշխատավարձի աճից, տրամադրվել են պարգեւատրումներ: «Բացի աշխատավարձի բարձրացումից, բոնուսային համակարգով պարգեւատրումներ են եղել գրեթե ամեն ամիս եւ գրեթե բոլոր բաժանմունքներում»,- նշեց տնօրենը՝ չհստակեցնելով այստեղ վճարվող աշխատավարձի թեկուզ միջին չափը: