Բեն Ավետիսյանը Tert.am Life-ին պատմել է իր առաջին 1 000 000 ֏-ի, եկամուտների, գումարը ծախսելու և արդեն 1 000 000 $ աշխատելու ցանկության մասին։
Սկսելով հոնորարաներից՝ Բենն ասաց, որ իր առաջին վարձատրությունը եղել է 6000 դրամ, երբ դեռ երեխա տարիքում մանկական սրճարաններից մեկում փորձել ու հաջողել է DJ-ի աշխատանքը։ Ինչ վերաբերում է արդեն մասնագիտական՝ դերասանի աշխատանքում գումար վաստակելուն՝ Բենը նշեց․ «Որպես դերասան առաջին հոնորարս 7000 դրամ է եղել՝ ամսական կտրվածքով մոտ 35000 դրամ էր գալիս»։
Նրանից հետաքրքրվեցինք աշխատած առաջին միլիոնի մասին։ Պարզվում է դերասանն իր միլիոնը վաստակել է դեռ տարիներ առաջ։
«Առաջին միլիոնս, եթե չեմ սխալվում, 23 տարեկանում եմ աշխատել։ Իրականում բազմիցս արդեն հասցրել եմ աշխատել, որովհետև օրինակ, միանգամից մի քանի տեղ նկարահանվելով, ստացել եմ 1 000 000 ֏-ից ավել»,- ասաց Բենը։
Ամենաշատ հոնորարը, որը դերասանին առաջարկել են՝ եղել է 3000$-ը, սակայն Բենն այն զարմանալի կամ աննախադեպ չի համարում։
Բենից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես է ծախսել առաջին միլիոնը և առհասարակ ինչ նպատակներ է ունեցել իր մեծ եկամուտների հետ կապված․ «Ինքս իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ վստահ եմ եղել, եթե մի նպատակ դնեմ իմ առաջ, ուրեմն հաստատ կաշխատեմ։ Լինելով նպատակասլաց՝ ժամանակին մտածել եմ, որ պետք է տանն օգնեմ, ինչքան կարողանամ, պետք է ավտոմեքենա գնեմ ինձ համար, մնայուն մեկ այլ բան եմ առնեմ։ Սրանք ցանկություններ էին, որոնք ես արդեն վաղուց իրագործել եմ։ Եղել է, երբ ամբողջ աշխատածս գումարը տրամադրել եմ բարեգործական նպատակների։ Առհասարակ 1 000 000 ֏-ը շատ մեծ գումար չէ և հիմնականում ընթացիկ ծախսերի համար եմ օգտագործում»։
Բենն իր եկամուտներից բավականին գոհ է, սակայն, ըստ դերասանի, դրսի շուկայի հետ համեմատած, Հայաստանում անհամեմատ ավելի քիչ են վարձատրվում։
«Այն երկրներում, որտեղ կինոարտադրությունը զարգացած է՝մեկ նախագծում նկարահանվելով աշխատում են կոկրետ չափի գումար, որն օրինակ կարող է բավականացնել բնակարանի, թանկարժեք ավտոմեքենայի համար։ Այս համեմատության մեջ՝ մենք շատ-շատ քիչ ենք ստանում և մեր մասնագիտությունը գումարի տեսանկյունից չի գնահատվում։ Իրականում երբ 5000, 7000 դրամ էի ստանում՝ այդ ժամանակ ևս չէի բողոքում։ Անցել եմ մի ճանապարհ և հիմա ստանում եմ անհամեմատ ավելի շատ, ուղղակի վատն այն է, երբ արվեստում այնքան չեն վարձատրվում, որ մարդը բավարարվի այդ գումարով՝ առանց կողմնակի եկամուտ ունենալու։ Հիմա գրեթե բոլոր ստեղծագործող մարդիկ կողքից անպայման մեկ այլ բան անում են, սակայն նրանք այն ոլորտի աշխատողներն են, որոնք պետք է կենտրոնան հենց միայն իրենց գործի վրա»,- ասաց դերասանը։
Վերադառնալով միլիոնի թեմային՝ Բենից հարցրինք արդեն 1 000 000 $-ի մասին, թե ինչպե՞ս է ինքը, այդ գումարն աշխատելու դեպքում, ծախսելու։
«Բացի իմ ծախսերը հոգալուց՝ մի նպատակ ունեմ, որն անպայման իրագործելու եմ։ Խոսքը անտուն կենդանիներին ապահովելու մասին է։ Ցանկությունս մեծ է, որ կարողանամ վերցնել մի շատ մեծ տարածք և այնտեղ պահեմ խնամքի կարիք ունեցող կենդանիներին։ Այդ տարածքում, բնականաբար, կաշխատեն մարդիկ, որոնք հոգ կտանեն կենդանիների մասին, կստեղծեն հարմար ու ապահով ապրելու բոլոր պայմանները, կբուժեն, եթե կարիքը լինի, կկերակրեն։ Մարդիկ էլ կկարողնան գալ և այդ տարածքից կենդանիներին անվճար վերցնել՝ արդեն տան պայմաններում պահելու։ Այսինքն գումարից մի հատված կնախատեսեմ կենդանիների համար։ Իհարկե մի քիչ քիչ գումարով էլ կարելի է նման բան անել, բայց, վստահ եմ, երբ արդեն ավելի շատ աշխատեցի՝ հաստատ կենդանիների համար կացարան ստեղծելու եմ»,- ասաց Բենը։
Հեղինակ Զառա Ղազարյան
աղբյուր