Բեն Ավետիսյանը՝ Երկուսով հեռուստասերիալից դուրս գալու և առաջիկա ծրագրերի մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագծում դերասանական կազմի փոփոխություն է եղել և գլխավոր հերոսի դերակատար Բեն Ավետիսյանին փոխարինել է Զիրոյանը, իսկ Էդգար Իգիթյանի փոխարեն կխաղա Հայկ Հովհաննիսյանը։

Սցենարիստ Անի Մաղաքյանը նշել էր, որ պահպանել են բարիդրացիական հարաբերություններ, Բեն Ավետիսյանը ևս ասաց, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը հայտնեց, որ իրեն ժամանակավոր եթերային դադար էր պետք ոչ միայն հանգստանալու, այլև արտերկիր մեկնելու համար։

«Ամեն ինչ կարգին է, հարաբերությունները նորմալ են։ Համագործակցությունը դադարեցրել ենք, քանի որ սերիալի նկարահանումները նոր էին մեկնարկել, որոշ բաներ դեռ պետք վերանկարահանեինք: Ես որոշեցի, որ կարող եմ գալ։ Նախ՝ ինձ հանգիստ էր պետք, բացի այդ, մի քանի ամիս բացակայելու եմերկրից»,- ասաց նա։

Դերասանը նշեց, որ մեկնելու որոշում վաղուց ուներ, բայց ընթացիկ նախագծերի պատճառով մի քանի անգամ ստիպված է եղել վերադարձնել տոմսը: ««Անավարտ երազ» հեռուստանախագծի տևողությունը կարճ էր, որոշեցի մեկ այլ նախագիծ չվերցնել, այսինքն՝ արդեն վերցրել էի, բայց հեռուստաընկերության հետ եկանք ընդհանուր հայտարարի․ «Շանթ» հեռուստաընկերությունը մտավ իմ դրության մեջ և հասկացավ, որ դադարը պետք է ինձ։ Այս շրջանի ավարտից հետո, իհարկե, նորից կհամագործակցենք։ Համագործակցությունը դադարեցնելու առաջարկն իմ կողմից է եղել, «Շանթ»-ն էլ ընդառաջել է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր կարծիքով՝ պետք է ասելիք կուտակել, պետք չէր առանց դադարի մի քանի նախագիծ վերցնել։

Դերասանը շեշտեց, որ իրեն ստեղծագործական դադար էր պետք․ «Շատ վաղուց դադար չեմ ունեցել՝ նկարահանվել եմ «Երանի» հեռուստասերիալում, հետո արդեն «Էլենի օրագրում», որոնք երկուսն էլ երկարատև էին, առանց հանգստի փուլի դրանց հաջորդեց «Անավարտ երազ»-ը: Ես ուղղակի դադար էի ուզում, ինձ մոտ գերհոգնածություն էր։ «Երկուսով» նախագիծը, հնարավոր է, տևեր մեկ տարի, հասկացա, որ դա ինձ շատ բարդ կտրվի։ Թե՛ սցենարիստ Անի Մաղաքյանի, թե՛ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ նախկինում աշխատել եմ։ Հարաբերությունների հետ կապված որևէ խնդիր չունենք»։

Նախագծում խաղընկերոջ՝ Էդգար Իգիթյանի բացակայությանն անդրադառնալ Բենը չցանկացավ՝ նշելով․ «Իմ և Էդգարի նախագծից դուրս գալը համընկել է, երևի, իրեն էլ է դադար պետք»։

Բենից հետաքրքրվեցինք, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնելու: «Մեկնելու եմ Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես, որտեղ սանիկներիս մոտ եմ լինելու։ Այնտեղ կփորձեմ հանգստանալ, դեռ երկու տարի առաջ, երբ ԱՄՆ-ում էի, հետաքրքիր առաջարկ ստացա, որի մասին հիմա կարող եմ մտածել, ավելի մանրամասն ծանոթանալ։ Առաջարկը մասնագիտական է, սակայն խոսքը հայկական արտադրության նախագծի մասին չէ»։

Դերասանն ասաց, որ իր եթերային դադարը նախատեսում է մոտ կես տարի, ինչից հետո պատրաստ կլինի նոր առաջարկներ ընդունել: «Հավանաբար, նոյեմբերին կմեկնեմ։ Թե որքան կբացակայեմ երկրից, չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ իմ բացակայությունը սերիալի հետ համատեղել հնարավոր չէր»։

Հեղինակ Զառա Ղազարյան: Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика