Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝
4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ահազանգ է ստացվել ԱԻն ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղպատավանքի վանատանը հրդեհ է բռնկվել:
Հրշեջներին և քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն վանատունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են ջրատար ավտոմեքենայով:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք տուժածներ կան, այս պահին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզում են, ովքեր նույնպես առաջին իսկ պահից աշխատել են հրդեհի վայրում:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի