Կրունկների մաշկը հաճախ է չորանում ու պատվում ճաքերով, որոնք կարող են բավական ցավոտ զգացողություններ առաջացնել և անգամ դառնալ վարակումների ու բորբոքումների պատճառ: Այս ճաքերից ազատվելը կարող է շատ դժվար լինել, քանի որ հատուկ քսուքները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, սակայն, բարեբախտաբար, կան որոշ բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի, քան նման քսուքները:
The Health Site-ը ներկայացրել է լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն խոնավացնել կրունկների մաշկն ու բուժել ճաքերը՝ ազատելով տհաճ զգացողություններից:
Հալվե վերայի գել Հալվե վերայի գելը կրունկների ճաքերի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է, որը ոչ միայն խոնավացնում է մաշկը, այլև բուժում է վերքերը: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ մաքուր ոտնաթաթերին ու կրունկներին մի փոքր հալվե վերայի գել քսել: Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է այս պրոցեդուրայից առաջ ոտքերի մաշկը որոշ ժամանակ փափկեցնել գոլ ջրի մեջ, այնուհետև լավ չորացնել:
Կերակրի սոդա Շատ արդյունավետ կարող է լինել նաև կերակրի սոդան: Հարկավոր է գոլ ջրի մեջ լուծել 2-3 ճաշի գդալ կերակրի սոդա, այնուհետև ոտքերը դնել այդ լուծույթի մեջ և պահել 10-15 րոպե: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է հեռացնել չորացրած ու մահացած մաշկը՝ պեմզայի քարով նրբորեն մերսելով կրունկները:
Բանան Բանանը ոչ միայն համեղ ու օգտակար միրգ է, այլև արդյունավետ միջոց կրունկների ճաքերի դեմ պայքարի համար: Հարկավոր է բանանը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև այդ խյուսը քսել չորացած կրունկներին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ ոտքերը գոլ ջրով:
Կոկոսյան ընկույզի յուղ Կոկոսյան ընկույզի յուղը լավագույն կոսմետիկ միջոցներից մեկն է, որը նաև հիանալի միջոց է մաշկի չորության դեմ պայքարի համար: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ ոտնաթաթերին ու կրունկներին կոկոսյան ընկույզի յուղ քսել, ինչը կօգնի խոնավացնել մաշկն ու մաքրել այն մահացած բջիջներից:
Մեղր Մի բաժակ մեղրը լուծել գոլ ջրի մեջ, այնուհետև ոտքերը 15-20 րոպե թրջել այդ լուծույթում: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է զգուշորեն մաքրել ոտքերն ու չորացնել մաքուր սրբիչով: