Մարդու առողջական վիճակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, սակայն շատ հաճախ մարդիկ իրենք են վնասում իրենց առողջությանը՝ առանց անգամ գիտակցելու դա: Մասնագետները ներկայացրել են այն առօրյա սովորությունները, որոնք կարող են կործանարար լինել օրգանիզմի համար:
Ատամները սխալ մաքրելը
Շատերն ատամները լվանում են առավոտյան նախաճաշից հետո թարմ շնչառությամբ օրն սկսելու համար, սակայն ամերիկացի ատամնաբույժ Հովարդ Գեմբլը պնդում է, որ այս սովորությունը կարող է վնասակար լինել ատամների համար: Բանն այն է, որ անմիջապես ուտելուց հետո ատամները լվանալու դեպքում սննդի մեջ պարունակվող թթուները կկարողանան հեշտությամբ ներթափանցել ատամների ավելի խորը շերտերի մեջ՝ նպաստելով կարիեսի զարգացմանը: Սա է պատճառը, որ ատամները հարկավոր է լվանալ ուտելուց 30-60 րոպե հետո:
Պատուհանները բացելու սովորությունը
Սենյակն օդափոխելն օգտակար սովորություն է համարվում, սակայն մասնագետները նշում են, որ այն նույնպես կարող է վտանգավոր լինել: Բանն այն է, որ օդի հետ սենյակ են ներթափանցում նաև ավտոմեքենաների արտանետած վնասակար տարրերը, որոնք նպաստում են գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի զարգացմանը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են օդափոխել սենյակը միայն գիշերվա ժամերին, երբ երթևեկությունը շատ ակտիվ չի լինում և օդը մի փոքր մաքրվում է:
Ամեն օր ցնցուղ ընդունելու սովորությունը
Գիտնականների կարծիքով՝ այս սովորությունը որևէ օգուտ չի տալիս օրգանիզմին և կարող է անգամ վնասակար լինել: Անընդհատ մաշկը լվանալու և մակերևութային ակտիվ նյութեր պարունակող միջոցներն օգտագործելու սովորությունը ոչնչացնում է մաշկի բակտերիալ շերտը, որն էլ պաշտպանիչ գործառույթ է իրականացնում: Արդյունքում թուլանում է իմունային համակարգն ու մարդն սկսում է հաճախ հիվանդանալ:
Սնունդը միկրոալիքային վառարանում պլաստիկ տարաներով տաքացնելը
Նման տարաների կիրառության հետևանքով սննդի մեջ հայտնվում են ֆտալատներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա և դառնալ հորմոնալ խանգարման պատճառ:
Ոտքը ոտքին գցած նստելու սովորությունը
Այս դիրքը խիստ վնասակար է օրգանիզմի համար, քանի որ բարձրանում է սրբոսկրա-զստային հոդի ու ողնաշարի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը: Այս դիրքով հաճախ նստող մարդկանց մոտ մեծ է արթրոզի, թրոմբոզի, երակների վարիկոզ լայնացման, ինչպես նաև փոքր կոնքում արյան լճացման հավանականությունը:
Ականջակալներով երկար ժամանակ երաժշտություն լսելու սովորությունը
Մշտական աղմուկը նպաստում է մի շարք հորմոնների արտադրմանը, որոնք բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի ու գլխուղեղի վրա: Մշտական աղմուկի հետևանքով մարդու մոտ կարող են զարգանալ անքնություն, դյուրագրգիռություն և անգամ սրտի նոպա: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար 15 րոպե ժամանակ տրամադրել լռության ու հանգստության պայմաններում անցկացնելուն:
Նյութի աղբյուր