Սնկերը շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար, սակայն քչերն են ներառում այս մթերքն առօրյա սննդակարգում: Մասնագետները ներկայացրել են սնկերի ամենաօգտակար հատկություններն ու նշել այս մթերքի այն քանակությունը, որն օրվա ընթացքում օգտագործելը որևէ խնդիր չի առաջացնի:
Բժիշկ-սննդաբան Ելենա Լիվանցովայի խոսքով՝ սնկերը շատ օգտակար մթերք են, քանի որ դրական ազդեցություն են ունենում սրտանոթային ու նյարդային համակարգերի վրա, ինչպես նաև ունենում են հակաբորբոքային ազդեցություն: Սնկերը հարուստ են այնպիսի կարևոր տարրերով, ինչպիսին են սպիտակուցները, B և C վիտամինները, նիկոտինաթթուն, ֆոլաթթուն, կալցիումը, ֆոսֆորը, կալիումն ու երկաթը, ուստի շատ օգտակար են յուրաքանչյուրի համար:
Ինչպես նշում է մասնագետը, սնկերը նաև հիանալի դիետիկ մթերք են, քանի որ չեն պարունակում խոլեստերին և գրեթե զուրկ են ճարպերից: Օրական 120-150 գրամ սունկը որևէ կերպ չի վնասի առողջությանը: Ընդ որում, հակացուցումների բացակայության դեպքում այս մթերքը կարելի է օգտագործել ամեն օր:
Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Լեոնիդ Լազեբնիկն իր հերթին ընդգծում է, որ սնկերն առողջարար կլինեն միայն ճիշտ վայրից հավաքված լինելու դեպքում: Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մայրուղիներին մոտ գտնվող վայրերում աճող սնկերը, քանի որ դրանք կարող են կլանել ու կուտակել վտանգավոր տոքսիններն ու ծանր մետաղները:
Բացի այդ, խորհուրդ չի տրվում ուտել սնկերը նաև հում վիճակում, քանի որ այդ դեպքում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Մասնագետի խոսքով՝ սնկերից առավել շատ օգուտ ստանալու համար դրանք հարկավոր է խորովել կամ տապակել առանց յուղի:
Նյութի աղբյուր