Տարատեսակ հիվանդությունների բուժման համար մարդիկ հաճախ դիմում են ժողովրդական միջոցների օգնությանը, մինչդեռ մասնագետները վստահ են, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Գիտնականների խոսքով՝ ժողովրդական միջոցները տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա և երբեմն կարող են առողջական խնդիրներ առաջացնել, ուստի օրգանիզմի արձագանքն այս միջոցներին կախված է տվյալ մարդու օրգանիզմի առանձնահատկություններից:
Վտանգավոր ժողովրդական միջոցների շարքին է դասվել սխտորի, սոխի կամ հալվե վերայի հյութով հայմորիտն ու հարբուխը բուժելու մեթոդը: Սա բավական տարածված միջոց է, մինչդեռ գիտնականները հորդորում են խուսափել դրանից, քանի որ բուսական հեղուկները կարող են վնասել քթի լորձաթաղանթը:
Հարբուխի դեպքում երեխաներին մայրական կաթի միջոցով բուժելու մեթոդը նույնպես չի համարվում անվտանգ ու արդյունավետ: Մասնագետների խոսքով՝ կաթը ոչ միայն չի ազատի խնդրից, այլև կնպաստի ախտածին մանրէների բազմացմանը:
Ժողովրդական բժշկության մյուս վտանգավոր մեթոդը մարմնի ջերմաստիճանի իջեցումն է սպիրտի միջոցով: Այս մեթոդը կարող է դառնալ մաշկի չորացման ու սպիրտի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության զարգացման պատճառ: Ավելին՝ երեխային այս մեթոդով բուժելը կարող է հանգեցնել անգամ ալկոհոլային ինտոքսիկացիայի, ինչը շատ վտանգավոր է:
Մրսածությունն ու նշիկաբորբը կարտոֆիլի եփուկի գոլորշիով բուժելը նույնպես անվնաս չէ, քանի որ այն կարող է դառնալ բորբոքային գործընթացների խորացման ու ալերգիկ ռեակցիաների զարգացման պատճառ:
Նյութի աղբյուր