Աշոտ Ղազարյանի թոռնիկները՝ երգչուհի Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех!» նախագծից հայտնի դարձած Բորյա Ադամյանն ամառային արձակուրդներն անցկացնում են Հայաստանում:
Ինստագրամում արդեն հայտնի փոքրիկ տղան, որն ավելի քան 500 հազար հետևորդ ունի, այս ընթացքում նաև մկրտվել է Հայաստանում: Մայրիկը՝ Մագա Ղազարյանը, Tert.am Life-ին է տրամադրել Բորյայի մկրտության լուսանկարներն ու պատմել, որ իրենք հատուկ նպատակ ունեին Գեղարդում մկրտել որդուն:
«Մեզ համար Գեղարդը Հայաստանի ամենասուրբ և խորհրդավոր վայրերից մեկն է: 2008 թվականին աղջիկներս ևս Գեղարդում են մկրտվել»,- ասաց նա ու հավելեց, որ Բորյայի կնքահայրն է դարձել ամուսնու մանկության ընկերը:
9-ամյա Բորյան դեռ փոքր է, բայց ոչ այնքան, որ չգիտակցի մկրտության կարևորությունը: Մայրիկը նկատեց, որ տղան ամբողջ օրվա ընթացքում շատ բարձր տրամադրություն է ունեցել և ուրախ է եղել մկրտության խաչը կրելու համար:
Թեև փոքրիկը մեծ ոգևորությամբ էր կախել խաչը, հաշվի առնելով նրա աշխույժ ու ակտիվ բնավորությունը, մայրիկը հիմա պահել է խաչը: Վստահ է՝ հակառակ դեպքում տղան այն կկորցնի:
Եկեղեցի մտնելուց առաջ Բորյան ընկել է ու վնասել ոտքը, սակայն ակտիվ տղայի արկածը լուրջ հետևանք չի ունեցել: «Կորեացի մի զբոսաշրջիկ իր մոտ դեղ ուներ, որն անմիջապես օգնեց: Բոլորն ասում էին՝ Բորյան կարծես ծնկի եկավ եկեղեցու առաջ»,- ասաց մայրիկը: Մկրտության արարողությունից հետո նրանք օրը տոնել են խնջույքով՝ ռեստորանային համալիրներից մեկում:
Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան
աղբյուր