«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու հետաքրքիր բացահայտումները

Ի՞նչ կանեք, եթե ձեր ընկերները ցանկանան փորփրել ձեր հեռախոսն ու կարդալ ձեր անձնական հաղորդագրությունները: Սկզբում բոլորն ասում են, որ որևէ խնդիր չունեն, իրենց կյանքում ամեն բան բաց է ու թափանցիկ, բայց միայն սկզբում՝ ինքնապաշտպանությունից: Հետո պարզվում է, որ յուրաքանչյուրն ունի իր մեծ կամ փոքր գաղտնիքը՝ իր անձնական կյանքը, որը նախ՝ հետաքրքրություն և ամեն գնով գաղտնիքը բացահայտելու ցանկություն է առաջացնում, հետո մարդիկ հասկանում են, որ պատրաստ չեն կարող ապրել այդ ինֆորմացիայի հետ․ ռեժիսոր Արշո Հարությունյանն իր նոր՝ «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմն անվանում է հարաբերությունների կատակերգություն, քանի որ իրար հեռախոսների մեջ մտնելուց և գաղտնիքներն իմանալուց հետո մանկության ընկերների, ամուսնական զույգերի հարաբերությունները տեղափոխվում են այլ հարթություն։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, դրան հաջորդած մամուլի ասուլիսին և ներկայացնում է մանրամասներն ու ֆոտոռեպորտաժը:

ԽորեՆ Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի և Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմն իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի պաշտոնական ռիմեյքն է:

Առաջին դիտումից հետո ամենահաճախ հնչող կարծիքն այն էր, թե որքան ճիշտ էր ընտրված դերասանական կազմը, յուրաքանչյուրն իր տեղում: Ռեժիսոր Արշո Հարությունյանի առաջին գնահատականը համեստ էր․ «Եթե ֆիլմը հավանել եք, բրավո դերասաններին, եթե չեք հավանել, իմ ձախողումն է»: Դերասանական կազմը շտապեց շնորհակալություն հայտնել Արշոյին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Խորեն Լևոնյանը պատմեց, որ բավականին բարդ նկարահանումներ են ունեցել, քանի որ 7 դերասանի մեկ կադրում նկարելը բավականին դժվար է: «Ահավոր դժվար նկարահանումներ էին: Երևի, բոլոր դերասանները կփաստեն, որ սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր: Ամեն շարժում 7 ռակուրսով 3 անգամ նկարել ենք,- ասաց նա ու հավելեց, որ ֆիլմի նկարահանումների ընթացքում ձեռքբերում է ունեցել նոր ընկերների տեսքով,- Ես ավելի մտերմացա այս բոլոր մարդկանց հետ: Օրինակ, Անի Խաչիկյանին չէի ճանաչում, հիմա շատ եմ սիրում իրեն: Հիմա բոլորս ընկերներ ենք»:

Դերասանական կազմում հավաքված են կայացած դերասաններ, որոնցից յուրաքանչյուրը նկարահանումների ընթացքում կարող էր փորձել իր տեսակետը բերել ֆիլմ: Արշո Հարությունյանը վստահեցնում է՝ ստեղծագործական բանավեճերը եղել են առողջ և նպաստել են ֆիլմի՝ ավելի լավը դառնալուն, Խորեն Լևոնյանն էլ ժպիտով նկատեց, որ կայացած դերասանների հետ, որպես կանոն, խնդիրներ չեն առաջանում․ «Կայացած, պրոֆեսիոնալ դերասանները շատ հանգիստ, սուսուփուս աշխատում են»:

Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանն ու Արեն Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, նկարիչը՝ Հրաչ Քեշիշյանը: Ռեժիսոր Արշո Հարությունյանն ու պրոդյուսեր Արման Միտոյանն այսօր արդեն ծիծաղով են հիշում, որ փոքր-ինչ մտավախությամբ էին դիմում ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին՝ ֆիլմի նկարչի դերը ստանձնելու համար, դա արել են Նազենի Հովհաննիսյանի միջոցով: Իր և Հրաչի համագործակցությունը Արշոն շատ լավ նախադեպ է համարում:

Ֆիլմն անդրադառնում է տարբեր հարաբերությունների՝ զույգի՝ առանձին ապրելու կարևորությունից, ընտանեկան զանազան խնդիրներից, «հայրեր-որդիներ» հավերժական հարցից մինչև դավաճանություն, նույնասեռականություն և ընկերություն: Հանդիսատեսի ընկալումն էլ տարբեր է՝ մեկի համար այն հեռախոսները քչփորելու, մյուսի համար միմյանց անձնական կյանքը հարգելու, ընտրության ազատություն տալու և դա ընդունելու մասին է, երրորդի համար․․․ Թե դերասաններից ում համար ինչի մասին է ֆիլմը, Tert.am Life-ը պարզել է հենց նրանցից․

Սոս Ջանիբեկյան․ «Ամենամեծ պարզ դրությունն ամենամեծ քաոսն է»:

Նազենի Հովհաննիսյան․ «Ես դիտել եմ տարբեր երկրների նկարահանած տարբերակները: Մոտեցումները տարբեր են, բայց վերջում բոլորի մոտ հաղորդագրությունը մեկն է՝ խնայենք, խնամենք, լինենք ուշադիր, փորձենք, գոնե, չխանգարել, երբ պահը գալիս է, ձեռք մեկնենք ինքներս մեզ և մեր կողքիններին, ոչ թե միանգամից մեղադրենք ու թաղենք: Արշոն հիանալի կերպով տվել է յուրօրինակ վերջաբան, որը, գուցե, ավելի հուզական է, ավելի բնորոշ մեզ»:

Արթուր Մանուկյան․ «Ինձ համար ֆիլմն ընկերության մասին է: Մարդիկ ու հարաբերությունները տարբեր են: Պետք է սնել ու պահպանել հարաբերությունները: Խնդիրների մասին կարելի է լռել, ծածկել ու անցել, կարելի է և խոսել, բացահայտել, քննարկել ու տեսնել՝ հնարավո՞ր է ապրել դրանց հետ, թե չէ»:

Անի Խաչիկյան․ «Ֆիլմն իրար հանդեպ ուշադիր, հոգատար լինելու հաղորդագրություն ունի: Պատմությունն այն մասին չէ, թե ինչքան ավելի լավ կարող ենք թաքցնել ինչ-որ բաներ մեր կյանքում: Իհարկե, դիմացինի անձնական կյանքը պետք է հարգել, ընտրությունների և որոշումների մեջ էլ պետք է լինել ավելի նրբանկատ կողքինների հանդեպ»:

Բաբկեն Չոբանյան․ «Ֆիլմն ինձ անընդհատ հիշեցնում է, որ մենք ընտրության հնարավորություն ունենք, որի մասին մոռանում ենք շատ երջանիկ կամ դժբախտ ժամանակ: Մեր ամբողջ կյանքի ձեռքբերումներն ու կորուստները մեր ընտրության արդյունք են՝ պաշտպանե՞լ ընկերոջը նեղ դրության մեջ, դավաճանե՞լ, ընտրե՞լ գաղտնիքներով ապրել, թե՞ պարզ ճակատով: Այս բոլորն ընտրություն են»:

Մարջան Ավետիսյան․ «Վստահ եմ, յուրաքանչյուրս ինչ-որ բան թաքցնում ենք իրարից: Ինձ համար ֆիլմն իրար կյանքը չփորփրելու և դիմացինի անձնական տարածքը հարգելու մասին է: Պետք է իմանաս այնքան, որքան դիմացինը քեզ թույլ է տալիս, իսկ երբ իմանում ես ավելին, փորձես ընդունել դա, անգամ, եթե հակառակ կարծիքն ունես»:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика