Այրոցի(изжога) առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը

Այրոց կամ այրուցք, կերակրափողի երկարությամբ այրման զգացում, որն ավելի է արտահայտվում ստորին հատվածում: Այն կարող է ուղեկցվել ստամոքսի գերծանրաբեռնվածության, բերանում թթու կամ դառը համի զգացողությամբ: Պառկած ժամանակ այրոցն ուժեղանում է:

Այրոցն առաջանում է ստամոքսի թթու պարունակությունը կերակրափող ընկնելիս։ Նշանակություն ունեն նաև վերջինիս լորձաթաղանթի զգայնությունը, ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և այլ գործոններ: Առավել հաճախ այրոց նկատվում է ստամոքսահյութի բարձր թթվայնության, երբեմն այդ հյութում աղաթթվի պարունակության նվազման կամ նույնիսկ բացակայության դեպքում:

Այրոցն ուղեկցվում է ստամոքսի տարբեր հիվանդությունների (խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ), նկատվում է նաև լեղապարկի բորբոքման, ստոծանու ճողվածքի և այլ դեպքերում:

Այրոց հաճախ առաջանում է չոր սննդի, սուրճի չարաշահման, թունդ թեյի, անանուխով ըմպելիքների հակվածության պատճառով: Այրոց կարող է առաջանալ նաև ծանրությունից որովայնային շրջանի ճնշման բարձրացման, հղիության, գոտին ամուր կապելու կամ ծանրություն բարձրացնելու պատճառով:

Կարևոր է
Այրոցը, դա միայն կերակրափողի երկայնքով տհաճ զգացողություն չէ: Ստամոքսահյութի անընդհատ ազդեցությունը կերակրափողի վրա, կարող է առաջացնել էրոզիաներ, խոց և նույնիսկ կերակրափողի քաղցկեղ: Բացի դա, ստամոքսահյութի անընդհատ ազդեցությունը կերակրափողի, այնուհետև կոկորդի վրա, կարող է առաջացնել հազ ու խռպոտություն:

Առաջին օգնություն
Այրոցից արագ ազատվելու համար, շատերը նախընտրում են այն «մարել» կերակրի սոդայով: Սոդան, իրոք, որոշ ժամանակով օգնում է չեզոքացնել ստամոքսահյութում առկա աղաթթուն: Սակայն, այդ ռեակցիայի արդյունքում առաջացած ածխաթթու գազը, կտրուկ սեղմում է ստամոքսը:

Դա կարող է առաջացնել տհաճ զգացողություն , իսկ ստամոքսի խոցեր ունեցողների մոտ` ստամոքսի արյունահոսություն: Բացի այդ, սոդան, ընդունելուց արդեն կես ժամ հետո, հրահրում է ավելի մեծ քանակի թթվի սեկրեցիային, ինչը նշանակում է, որ այրոցի ախտանշանները միայն կուժեղանան:

Այդ պատճառով, չարժե օգտագործել այդ մեթոդը, առավել ևս, որ այրոցի վերացման համար գոյություն ունեն շատ արդյունավետ դեղամիջոցներ`անտրացիդներ:. Նրանք օգնում են չեզոքացնել աղաթթուն` առանց ածխաթթու գազի առաջացման: Այրոցն արագ «մարելու» համար, օգտագործվում են նաև ալգինատներ, որոնք աղաթթվի ազդեցության տակ վերածվում են խիտ գելի` մեխանիկորեն խոչնդոտելով թթվի կերակրափող ընկնելը:

Ժողովրդական միջոցներ

Օրական 1-2 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 1-2 ճաշի գդալ հում կարտոֆիլի հյութը այրոցից ազատվելու շատ հեշտ և մատչելի եղանակ է: Վերցրեք հավասար չափաբաժիններով ֆենխելի, սամիթի և անիսոնի մանրեցված սերմերը: Այդ խառնուրդից մեկ ճաշի գդալ լցրեք մեկ բաժակ եռման ջրի մեջ և թողեք թրմվի 20 րոպե: Քամեք և փոքր կումերով խմեք օրական 1-2 բաժակ: Այրոցի ժամանակ, կարող եք մի քանի կում կաթ խմել: Այն նույնպես, շատ արագ, կչեզոքացնի թթվայնությունը:

Կանխարգելում` որպեսզի խուսափել այրոցից

• կերեք հաճախակի և փոքր չափաբաժիններով • հրաժարվեք կծու, տապակած, յուղոտ սննդից, թթու ըմպելիքներից, սխտորից, հում սոխից, թթու մրգերից, ալկոհոլից, սուրճից, թունդ թեյից

• ուտելուց հետո մի կռացեք • ընթրեք քնելուց առնվազն 2 ժամ առաջ • 10 սանտիմետրով բարձրացրեք մահճակալի սնարը(գլխատեղը): Դա կնվազեցնի քնած ժամանակ այրոցի առաջացման հավանականությունը • գոտին ամուր մի կապեք, մի կրեք որովայնը սեխմող հագուստ

Այրոցի հաճախակիության դեպքում, անպայման դիմեք բժշկի: Շատ կարևոր է, բուժելով ախտանշանները, աչքաթող չանել բուն հիվանդությունը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика