Այսօր զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է. Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 25 տարեկան:
2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը:
Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:
Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1994-ի հունիսի 30-ին: Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում:
Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով:
2014 թվականի հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվեց նրա անունով թանգարան։ Թանգարանը հենց զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, որտեղ հավաքվել են նրա իրերը:
«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»,- ասել է Արմենն, ում այս միտքը վերածվել է թևավոր խոսքի ու զարդարում է նրան նվիրված թանգարանային անկյունը: