Տարեց կինը նավի վրա գտնվելու ժամանակ պատահմամբ ամուսնական մատանին Ուոլենփոփեք լիճն է գցել։ 86-ամյա կինը մատանին կրում էր 64 տարի, և երբ այն կորել է, նրա 89-ամյա ամուսին Կառլը դա վատ նախանշան է համարել: «Մտածեցի՝ սա մեր կյանքի ավարտն է ազդարարում: Ես սնահավատ չեմ, բայց իսկապես մտածեցի, որ մատանու կորուստը մի շարք վատ իրադարձություններ կանխատեսող նախանշան է»,- ասել է տղամարդը:
Կինը առաջարկել է նոր մատանի գնել, սակայն ամուսինը պնդել է, որ հարկավոր է գտնել լիճն ընկած մատանին: Զույգը զանգահարել է տեղի կամավոր փրկարար ծառայություն՝ օգնություն խնդրելու: Նրանց կանչին արագ արձագանքել է սուզորդ Ռիչ Սլիդջերսկին: Նա 5,5 մետր խորությունից գտել և դուրս է բերել կնոջ ամուսնական մատանին:
«Ես ասացի, որ ծառայության համար գումար չենք գանձում, սակայն նրանք պնդեցին և մեր սուզորդների թիմին գումար նվիրաբերեցին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռիչը: