Երեւանի ավագանու այսօրվա նիստը հատկապես բուռն ընթացք ունեցավ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը նախատեսող որոշման նախագծի քննարկման ժամանակ: Այս հիմնարկը, որպես «Սանիթեքին» այլընտրանք ստեղծելու մասին որոշումն ավագանին ընդունել էր ապրիլի վերջին:
Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամները նիստերի դահլիճում անծանոթ դեմքեր տեսան, այդ թվում՝ նորաստեղծ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարին: Բողոքեցին, որ նախապես չեն իմացել նրանց մասին:
Տարակուսեցին, թե ինչու է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը ներկայացել, չէ՞ որ դեռ հայտնի չէ՝ ավագանին կառուցվածքի մասին նախագիծը կհաստի՞, թե չէ: Քաղաքապետի տեղակալները պարզաբանեցին, որ նրա նշանակումն օրենքի խախտում չէ: Ավելին, օրենքի պահանջն է, որ կազմակերպությունը պետռեգիստրում գրանցվելիս ունենա նաեւ տնօրեն:
Որոշման նախագծով սահմանվել է, որ նորաստեղծ հիմնարկը կունենա 424 հաստիք՝ ամսական 96 միլիոն 570 հազար դրամ ամսական աշխատավարձի ֆոնդով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հարցրեց՝ չե՞ք կարծում, որ մի փոքր բարձր են աշխատավարձերը, մանավանդ վարչական մասում: Դրանք քաղաքապետի ու նրա տեղակալի աշխատավարձերի սահմաններում են:
Նախատեսվում է, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի աշխատավարձը կլինի 850 հազար դրամ, տեղակալինը՝ 650 հազար, գլխավոր ինժեներինը՝ 600 հազար: Բաժնի պետ- գլխավոր հաշվապահի համար նախատեսված է 650 հազար դրամ աշխատավարձ, հաշվապահի համար՝ 350 եւ այլն:
«Այո, կարծում եմ, որ բարձր է մի փոքր: Քաղաքապետի աշխատավարձից բարձր է այս ընկերության տնօրենի աշխատավարձը: Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված աշխատանքի ծավալից եւ բնույթից, որն իրականացնելու է այս հիմնարկը, որովհետեւ այն իրականացնելու է քաղաքապետի ամենակարեւոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս, մեր հավակնություններն այդպիսին են այս ընկերության նկատմամբ:
Բարձր աշխատավարձերն այն հենքն ու երաշխիքն են, որ մեզ հնարավորություն են տալու իրականացնել այս գործառույթը անգամներ ավելի լավ, քան նախկինում իրականացրել են մասնավոր ընկերությունները, որովհետեւ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողման պատճառներից մեկը նաեւ եղել է աշխատակիցների ոչ բավարար վճարումները: Նույն մեքենաների վարորդները մեքենաների նկատմամբ չեն ցուցաբերել բավական չափի խնամք եւ հոգատարություն, ինչի արդյունքում մեքենաների ծախսատարությունը եռակի եւ քառակի ավելի է դառնում, քան բարձր վճարվող ավելացման տարբերությունը, ես ձեզ վստահեցնում եմ»,- ավագանու անդամի հարցին պատասխանեց քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նշված որոշման նախագծի համաձայն, փողոցները մաքրող հավաքարարների, ինչպես նաեւ բանվորների աշխատավարձը սկսվում է 200 հազար դրամից: Ավելի բարձր օղակներում վարձատրությունը համեմատաբար բարձր է: Նախագիծն ընդունվեց միաձայն: «Լույս» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: