Ոչ մեկին տեղյակ չեն պահել, որ բակում 16 հարկանի շենք են կառուցելու: Այս մասին նշեցին Երևանի Աբովյան 22 Ա հասցեի բնակիչները քաղաքապետարանի շինթույլտվության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Նրանք ասացին, որ շինթույլտվության մեջ կետ կա, ըստ որի՝ եթե շենքերի կառուցման արդյունքում մեկը վնաս կրի, նրան պետք է փոխհատուցեն:
«Ոչ մեկի չեն մոտեցել, ոչ մեկի հետ պայմանագիր չեն կնքել, ոչ մեկին չեն իրազեկել, որ պետք է քո քթի տակ կառուցենք 16 հարկանի շենք, որը չգիտես՝ ինչ հետևանք է ունենալու մեր շենքի վրա»,-ասաց բնակիչը:
Բնակիչներն ասացին, որ ճիշտ կլիներ, եթե հանրության կարծիքը հաշվի առնեին, տեղյակ պահեին: Այսօր նրանք պահանջում են, որ շինարարությունը կանգնեցնեն, քանի որ անցյալ տարվա տվյալներով՝ մոտ 500-800 քառակուսի մետր էր ընդգրկելու դրա մակերեսը, իսկ այսօր պարզվում ՝ 2100 քմ է:
«Երբ Պարոն Մեսչյանը դարձավ ճարտարապետ, ասաց՝ Փոքր կենտրոնում բազմաբնակարան շենքերի շինարարություն թույլ չենք տալու: Այսօր ասում են՝ կոմերցիոն-սոցիալական պրոյեկտ է, որ կառուցեն 14-16 հարկանի շենք, ներքևում՝ պետական մանկապարտեզ»,-ասաց բնակիչներից մեկը:
Ցուցարարների հետ հանդիպման եկավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն, ով ասաց, որ շենքը պետք է լիներ 18 հարկ, բայց լինելու է 12-ը, պետք է լիներ 700 քմ-ի վրա, բայց լինելու է՝ 420 քմ մակարեսի վրա: Մնացականյանը նշեց, որ շենքի համար բոլոր նորմերը պահպանված են, իսկ կառուցապատողը թույլտվություն անցած ամիս է ստացել: Նրա խոսքով՝ շենքի կառուցապատումը բակի և քաղաքի բարեկարգում է իրենից ենթադրում:
Երևան քաղաքի Աբովյան 22 Ա հասցեում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել 16 հարկանի շենք կառուցելու համար:
Հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: