Փուչիկը պայթեց Սփյուռքը վերջակետ է դնում

«Հեռուստամարաթոն-2019»-ին հանգանակված ռեկորդային ցածր գումարը, որն, ըստ էության, ամենաքիչն է 2006-ից ի վեր, լրջագույն մտորումների տեղիք է տվել ու, փաստորեն, դարձել յուրատեսակ ինդիկատոր, որի ցույց տված տվյալները ոչ միայն չեն խոսում իշխանությունների օգտին, այլև ամբողջությամբ մերկացնում են այն միֆերը, որոնք շարունակաբար հյուսվել են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից:

10 մլն դոլարի օգուտ էլ չբերած ու իսկական խայտառակության վերածված «Հեռուստամարաթոն-2019», որին, ի դեպ, այս տարի իր մասնակցությունն էր բերել նաև Նիկոլ Փաշինյանը, առաջին հերթին բացահայտում է հեղափոխության համահայկականության մասին իշխանական ստերը, այն պնդումների դատարկությունը, թե Նիկոլին սեփական գլխին թագավոր են կարգել ոչ միայն հայաստանցիները, այլև համայն հայությունը, իսկ նրա խոսքի առաջ խոնարհվում են ոչ միայն ներսի, այլև դրսի մեր հայրենակիցները:

Ի դեպ՝ այժմ իշխանություն դարձած, իսկ սրանից մոտ մեկ և կես տարի առաջ ընդդիմության դերում հանդես եկողները հաճախ հենց նախկին իշխանություններին էին մեղավոր հռչակում համահայկական դրամահավաքներին ոչ այնքան տպավորիչ արդյունք ունենալու համար՝ այդ հանգամանքը կապելով նրանց «հեղինակության ցածր մակադակի» հետ, ինչից, փաստորեն, բխում է, որ ներկայիս իշխանությունների վարկը ցածր է, որի նյութական արտահայտության չափը 10 մլն դոլար էլ չի կազմում:

Բոլորին է հայտնի, թե ինչ է Հայաստանը Սփյուռքով և ինչ՝ առանց դրա: Սփյուռքի ներուժն արդյունավետորեն կապիտալիզացնելու համար, որն այսօր առավել քան երբևէ գերկարևոր խնդրի է վերածվել, նախևառաջ հարկավոր է Սփյուռքին բացատրել, թե ինչ երկիր ենք ցանկանում ունենալ, ինչ բովանդակություն է ունենալու այն Հայաստանը, որի կառուցման գործում ակնկալվում է նաև Սփյուռքի աջակցությունը:

Թվում էր՝ Փաշինյանի վոյաժներն ու հաճախ սկանդալային հայտարարություններով համեմված արտերկրյա այցերը պետք է լուծած լինեին այս գերխնդիրը: Այնինչ այսօր արդեն անհերքելի փաստ է, որ բովանդակային բացն այդպես էլ լրացված չէ, և հակառակ շատերի ունեցած սպասումների, հեղափոխությունը ոչ միայն չի կարողացել լցնել դատարկությունը, այլև է՛լ ավելի մեծ ճեղք է բացել հայրենիքի ու Սփյուռքի միջև: 10 միլիոն հայ ժողովրդի նյութական ռեսուրսն իսկապես ահռելի է, և դրանից գոնե մի փոքր կտոր պոկելու համար իշխանություններից պահանջվում էր ընդամենը տեր լինել սեփական խոստումներին, չհիասթափեցնել:

Փոխարենը միավորելու, մեկտեղելու՝ Նիկոլ Փաշինյանն այս ողջ ընթացքում հասցրել է միայն պառակտել, սևերի ու սպիտակների բաժանել ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական հանրությանը: Իսկ սևերի ու սպիտակների հոգեբանությամբ կամ աշխարհայացքով պետություն չես կառուցի, չես համախմբի: Ովքե՞ր են սևերն, ովքե՞ր՝ սպիտակները: Օրինակ՝ այն սփյուռքահայերը, ովքեր չեն անսացել Նիկոլ Փաշինյանի կոչերին ու նրան հուսախաբ են արել, կարո՞ղ են ենթարկվել իշխանությունների կողմից սևերի շարքին դասվելու ռիսկին: Բոլորովին չի բացառվում՝ հաշվի առնելով հարցի քաղաքական երանգները. պասիվ սփյուռքահայերը, փաստացի, «ջուր են լցրել հակահեղափոխության ջրաղացին», ինչը, նորհայաստանյան օրենքների համաձայն, չի ներվում…

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика