Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում:

Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին գերեզմանատանը դեռ 2017թ.: Ըստ կերամիկայի և զարդերի, գիտնականները հուղարկավորությունը թվագրում են մ.թ.ա 8-6-րդ դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր Ուրարտական թագավորությունը: Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում մինչև մ.թ.ա 6-րդ դարի ավարտը, երբ թագավորությունն ընկավ սկյութերի, կիմերների և մարերի համատեղ հարվածի արդյունքում:Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ: Զարդերը խոսում էին հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին: Առավել մանրամասն հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին անել ևս մեկ կարևոր եզրակացություն՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաև մարտիկ է եղել:

Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել: Հավանական է, որ նա նետաձիգ է եղել: Ճակատամարտերում նրա մասնակցության մասին վկայել է աղեղի երկաթը ծայրը, որը խրված է եղել ձախ ծնկի մեջ: Սակայն այս վերքը բուժվել է մարտիկի մահից երկար ժամանակ առաջ: Գիտնականների խոսքով՝ նրա մահը վրա է հասել այլ վերքերից:

Մասնագետները նրա ոսկորներում հայտնաբերել են առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր, որոնք, նախնական վարկածի համաձայն, հասցվել են կացնով և թրով: Հնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները մեկ մարդու կողմից չեն հասցվել, և եզրակացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կինը զոհվել է մարտի դաշտում:

Սրանք հին Ուրարտուից կին մարտիկների առաջին մնացորդները չեն, որ հայտնաբերվում են հնագետների կողմից: Պատմական այլ աղբյուրներն ասում են, որ այդ պետությունում կանայք մարտնչել են տղամարդկանց հետ ուս-ուսի: Այդ պատճառով են գիտնականները ենթադրում, որ հենց Ուրարտուի բնակչուհիներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի կերտման հարցում՝ պատերազմող ժողովուրդ, որը բաղկացած էր միայն կանանցից:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика