Խժդժություններ Երկրապահում. Սասուն Միքայելյանի հարցը կհայտնվի օրակարգում

«Երկրապահ կամավորական միության» Կենտրոն տարածքային բաժանմունքի ժողովի ընթացքում՝ կենտրոնի երկրապահի նախագահի ընտրության ժամանակ, բավական ուշագրավ պատկերի է հնարավոր եղել ականատես դառնալ. մի շարք կամավորներ հրաժարվել են ու հետ են հանձնել իրենց անդամատոմսերը՝ բողոքելով մի կողմից զինակիցների շրջանում ստեղծված անմիաբանությունից, մյուս կողմից՝ ընտրության անցկացման կարգից: Ի սկզբանե առաջադրված են եղել երկու թեկնածու՝ Ռոմիկ Մխիթարյանն ու Լևոն Մելիքյանն, ով ինքնաբացարկ է հայտնել:

Չնայած տեղի ունեցածը կարող է մեկնաբանվել որպես, այսպես ասած, տեղային միջադեպ, որը ԵԿՄ ներսում ստեղծված ընդհանուր վատառողջ մթնոլորտի մասին խոսելու հիմք չի կարող հանդիսանալ, սակայն ակնհայտ է նաև, որ շատ հաճախ հենց նմանօրինակ լոկալ միջադեպերն են, որ կարողանում են տալ այս կամ այն կազմակերպության ներսում տիրող իրավիճակի իրական բնութագիրը: Ինչպիսի՞ն է այժմ ԵԿՄ ներսում ստեղծված մթնոլորտը, սպասե՞լ հնարավոր խժդժությունների:

Այս հարցերի պատասխաններն, անշուշտ, այժմ ձեռք են բերել իրական քաղաքական արժեք՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան հարաբերությունների մասին ասենք՝ նույն մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների բովանդակությունը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ վարչապետի ու ԵԿՄ նախագահի հարաբերությունները խիստ լարվել են՝ կապված հատկապես Արթուր Վանեցյանի մասին Սասուն Միքայելյանի արած հայտարարությունների հետ, երբ Միքայելյանն այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող Փաշինյանի քիմքին տհաճ հայտարարություններով էր հանդես եկել՝ իր ու Վանեցյանի ընկերության ու վերջինիս ուսադիրների՝ աղբաման գցելու անհնարինության մասին: Նույնիսկ շրջանառվում էին լուրեր, որ Փաշինյանը որոշել է Միքայելյանի հարցը դնել կուսակցության վարչության քննարկմանը՝ հեռացնելու նրան կուսակցությունից: Ասվում էր նաև, որ Միքայելյանը հրաժեշտ է տալու ԵԿՄ նախագահի պաշտոնին:

Այնուհետև ստացվեց Միքայելյանի արձագանքը Անդրանիկ Քոչարյանի՝ Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված հայտնի արտահայտությունների վերաբերյալ, որը նույնպես ակնհայտորեն չէր կարող տեղավորվել թիմային միասնականության մասին իշխանությունների պատկերացումների շրջանակներում:

Վերջերս իշխանությունների ոտ հստակ միտում է նկատվում՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով հասնելու իշխանական թիմի ու նույնիսկ պետական կառավարման համակարգում ընդգրված պաշտոնյաների շրջանում միանման մտածելակերպի ձևավորմանը, խնդիր է դրված՝ վերջ տալու այլախոհությանն ու ստեղծելու սեփական կարծիք չունեցողների բանակ՝ դրանում ընդգրկված մարդկանց ավելի հեշտ կառավարելու ու հարկ եղած դեպքում նաև մանիպուլացնելու:

Ակներև է, որ Սասուն Միքայելյանը չի տեղավորվում իշխանությունների կողմից առաջ քաշված պատկերացումների շրջանակներում, և ապացուցել է, որ հարկ եղած դեպքում կարող է և դեմ գնալ բոլորին՝ սեփական դիրքրոշումը մինչև վերջ առաջ տանելու համար: Միքայելյանը, որ կուսակցության ներսում այլևս զբաղեցնում է բնավ ոչ առաջատար դիրքեր, ակնհայտորեն կարող է հայտնվել իշխանությունների թիրախում, և այս իմաստով հետաքրքիր կլինի հետևել, թե ԵԿՄ-ում խմորվող պրոցեսներն ու խժդժություններն ինչպես կարող են օգտագործվել կամ արդյոք կօգտագործվե՞ն նույն Փաշինյանի կողմից՝ Միքայելյանին «պատին դեմ տալու» համար ասենք անարդյունավետ կառավարում իրականացնելու, հեղափոխության նպատակները տապալելու կոնտեքստում:

Մյուս կողմից, իհարկե, որքան էլ Միքայելյանն այսօր համարվի Փաշինյանի համար անցանկալի անձ՝ ըմբոստության յուրատեսակ խորհրդանիշ, նրա հետ «լեզու գտնելն» իշխանությունների համար շատ ավելի գերադասելի կարող է համարվել, քան բաց առճակատման մեջ հայտնվելը: Վերջիվերջո, Միքայելյանն ինչ-որ շարքային մեկը չէ, նա մի մարդ է, ով, կարելի է ասել, շատ իմաստներով պարզերես է արել Նիկոլ Փաշինյանին՝ ոգի հաղորդելով հեղափոխությանն ու այն նաև առաջնորդելով:

Կգնա՞ Փաշինյանը բազում հարցականներով ու վտանգներով լեցուն ճանապարհով, որ կարող է վերջնարդյունքում պառակտման տանել թիմը, թե՞ կնախընտրի էմոցիաներին չտրվելու տարբերակը՝ գոնե չափավոր հանդուրժողականություն դրսևորելով այնպիսի մեկի նկատմամբ, ինչպիսին Սասուն Միքայելյանն է՝ ահա այն հարցը, որի պատասխանից է կախված լիելու ԵԿՄ նախագահի քաղաքական ճակատագիրը:

Վարդգես Սարգսյան: Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика