Գայանե Ասլամազյանը՝ «տղայական» լինելու, ոճափոխության և էլեգանտության մասին

Երեք տարվա հեռուստատեսային դադարից հետո ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը կրկին եթերում է։ Եթե էկրանին հեռուստադիտողները նրան տեսնում են առավել դասական ոճում, առօրյայում Գայանեի համար ոճային սահմանափակումներ չկան։

Tert.am Life-ը հաղորդավարուհու հետ զրուցել է ժամանակի հետ ոճափոխության, կանացիության, նախընտրելի հագուստի և տարիքով պայմանավորված ոճի փոփոխության մասին։

Հաղորդավարուհին, խոսելով տարիների ընթացքում ոճի փոփոխության մասին, ծիծաղելով նշեց՝ պատանեկան տարիքում շատ նման է եղել տղայի՝ ոչ միայն սանրվածքով, այլև հագուստով ու պահվածքով։

«Պատանեկության տարիներին շատ նման էի տղայի, ընկերներս էլ հիմնականում տղաներ էին։ Շատ կարճ սանրվածքով էի, մշտապես տաբատներ էի հագնում կամ շատ կարճ զգեստներ։ Այդ տարիներին ընդհանրապես կանացի չէի, ավելին՝ տղայի էի հիշեցնում թե՛ սանրվածքով, թե՛ հագուստով ու սանրվածքով, թե՛ պահելաձևով, թե՛ կյանքի հանդեպ իմ մոտեցումներով։ Հետագայում այդ ամենը փոխվեց՝ զգեստներս երկարեցին, տաբատներս պակասեցին կամ դարձան ավելի դասական ոճի։ Հասունացման և տարիների հետ այդ առումով ինձ մոտ շատ փոփոխություններ եղան»,- պատմեց նա։

Գայանեն նշեց, որ չնայած տարիքի հետ գալիս է նաև կանացիությունը, կինը չպետք է փորձի հագուստով ընդգծել իր տարիքը․ «Ժամանակի, տարիքի, մտքի հասունության հետ գալիս է կանացիությունը, սակայն չեմ կարծում, որ գոյություն ունի «հասուն ոճ» ասվածը, այո՛, դու հասունանում ես, որոշ փոփոխություններ են լինում, բայց դա չի նշանակում, որ դու պետք է անընդհատ շեշտես տարիքդ հագուստով։ Կա մի տարիք, երբ կանայք առավել երիտասարդ տեսք են ստանում, ինչն արտահայտվում է թե՛ հագուստի գունային երանգներով, թե՛ ոճի ազատության տեսանկյունից։ Դա բավականին հաճելի է, հատկապես, տարիքով կանանց դեպքում»։

Շարունակելով խոսել կանացիության մասին՝ հաղորդավարուհին ասաց․ «Կանացիությունը կնոջ թե՛ արտաքինում, թե՛ մտածողության մեջ պետք է լինի։ Ցավոք, մեր իրականության ու վազքի մեջ հաճախ մոռանում ենք, որ կին ենք։ Կանացիությունը բնավորություն է, մտածողություն և էություն է, որն արտահայտվում է ամեն կերպ։ Եթե դու կանացի ես, այն չի կարող չարտահայտվել, անգամ, ջինսային ազատ ոճում դու շարունակում ես այդպիսին լինել։ Կանացի կամ էլեգանտ լինելու համար առանձնապես ոչինչ չեմ անում՝ ես ուղղակի սիրում եմ այդ ոճը ու այդպես ինձ հարմարավետ եմ զգում։ Ինքս ինձ չեմ ընկալում որպես շատ ոճային կին, ուղղակի անում եմ այն ամենը, ինչ սիրում եմ, սակայն, իհարկե, հաճելի է, որ ինձ այդպես են ընկալում»։

Գայանեն նշեց, որ կան երևույթներ, որոնք ուղղակի մարդու ներսից են գալիս՝ այդ թվում՝ էլեգանտությունը։ «Դա էություն է, որքան ուզում ես դասական ոճի մեջ հագնվի, եթե ներքուստ այդպիսին չես, մարդիկ նկատում են, հասկանում, անգամ, գեղեցիկ զգեստը հագիդ չի երևում»,- ասաց հաղորդավարուհին։

Անդրադառնալով իր զգեստապահարանին՝ Գայանեն ասաց, որ ունի իրեր, որոնք միշտ կան՝ անկախ նորաձևության միտումներից․ «Զգեստապահարանումս ունեմ իրեր, որոնք միշտ ինձ հետ են։ Չգիտեմ ինչու, սակայն կան զգեստներ, որոնք անչափ շատ եմ սիրում, կարող եմ անընդհատ կրել։ Գուցե դա այնքան էլ լավ չէ, բայց ես դրանք անվերջ կարող եմ հագնել։ Կան բաներ, որոնք ինձ մոտ փոփոխության չեն ենթարկվում, օրինակ, սև, էլեգանտ, «միդի» չափսի զգեստներն են, իհարկե, փեշի երկարությունը տարիքի հետ փոխվում է, շատ եմ սիրում նաև ջինսե տաբատներ, որոնք ինձ համար անփոխարինելի են»։

Գայանեն ասաց, որ չնայած անփոխարիների իրերին՝ սիրում է փոփոխություններ հագուստի և սանրվածքի մեջ ․ «Ինձ հնարավոր է տեսնել տարբեր ոճերում՝ և՛ ջինսային, ավելի ազատ, և՛ դասական։ Ինչ վերաբերում է սանրվածքիս, այն ևս հաճախ եմ փոխել։ Միայն դիմահարդարման հետ կապված է բարդ փոփոխություն անելը, չեմ սիրում վառ դիմահարդարում, չեմ սիրում, գունային շատ ընդգծված բաներ, չնայած վերջին շրջանում սկսել եմ կարմիր շրթներկ օգտագործել»։

Հաղորդավարուհին նշեց, որ չկա այնպիսի ոճ, որն իրեն կարող է «վախեցնել», սակայն վերջին տարիների նորաձևությունը տարօրինակ է․ «Նորաձևությունն այնքան տարօրինակ է, որ դժվար է ընդունել այն, միանշանակ, կարող եմ ասել, որ մինչև հիմա համաշխարհային նորաձևության պոդյումների վրա շարունակում է առաջնային ու գերակշռող մնալ դասական ոճը, կան բաներ, որոնք չեն փոփոխվում անգամ տասնյակ տարիներ անց»։

Ինչ վերաբերում է եթերային և առօրյա հագուստների ընտրությանը՝ հաղորդավարուհին ասաց, որ դրանք բավականին տարբեր են․ «Կան բաներ, որոնք եթերում ուղղակի չի կարելի հագնել, օրինակ, մանր պրինտով հագուստը, որովհետև դա կարող է փչացնել կադրը։ Կյանքում, իհարկե, կարող ես լինել շատ ավելի ազատ, գունեղ, քո ոճի մեջ, սակայն եթերում, հաշվի ես առնում այն ձևաչափը, որում հանդես ես գալիս, հեռուստասերիալների պարագայում էլ ամեն բան կախված է կերպարից»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика