Ֆեյք մամա այսպես է կոչվում Մկրտիչ Արզումանյանը, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը նոր սիթքոմը։ Առաջին լուսանկարներն ու մանրամասներ նկարահանման հրապարակից

«Ֆեյք մամա»․ այսպես է կոչվում Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ նոր սիթքոմը, որն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 8-ից։

Սիթքոմի հիմքում հարուստ կնոջ պատմություն է, որն աչքի չի ընկնում բարությամբ, բավականին վատ է վերաբերում իր տանն աշխատանքի անցած այգեպանին: Իրադարձությունների բերումով նա կորցնում է հիշողությունն ու հայտնվում այգեպանի տանը․ իրադրության տերերը փոխվում են, և այգեպան Վրեժն իր 3 երեխայի հետ, որոշում է վրեժխնդիր լինել հարուստ կնոջից:

Tert.am Life-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է հումորային նախագծի առաջին մանրամասներն ու ֆոտոշարքը: Նկարահանումների մեծ մասն Օհանավանում են կայանում: Քաղաքից դուրս գնալն այնքան էլ հեշտ չէ, բայց իրենց ուզած կոլորիտը ստանալու համար ստեղծագործական թիմը ոչնչի առաջ կանգ չի առել:

Կադրում Մկրտիչ Արզումանյանն ու Արփի Գաբրիելյանն են․ նրանք կենտրոնացած տեքստ են ասում, հաջորդ պահին կատակում, իսկ երբ ռեժիսորն ասում է՝ «ստոպ», բոլորը փռթկում են, քանի որ տեսարանի նկարահանման ժամանակ զսպում էին ծիծաղը:

Հեռուստադիտողների համար նույնքան ծիծաղելի կլինի՞, թե՞ ոչ, պարզ կլինի հոկտեմբերի 8-ից: Այգեպանի դերակատար Մկրտիչ Արզումանյանը կարծիք հայտնեց, որ հեռուստադիտողները հետաքրքրությամբ կդիտեն իրենց նոր աշխատանքը: Պատմության հիմքը հիշեցնում է հայտնի ֆիլմ, սակայն ստեղծագործական թիմը վստահեցնում է, որ պատմությանը տվել են իրենց լուծումները:

«Կան բաներ, որոնք վերցված են հայտնի նախագծերից, սակայն գաղափարի հիման վրա գրվել է նոր սցենար: Շատ լավ սցենարական խումբ ունենք: Դերասանական կազմը ևս շատ լավն է: Երեխաներն էլ շատ տաղանդավոր ու լավ գործընկերներ են: Շնորհիվ դերասանական լավ կազմի՝ սցենարն ավելի է հարստանում»,- ասաց Մկոն ու հավելեց, որ նախագիծը կազմված է 24 մասից:

Մի նախագծի ավարտից անմիջապես հետո մյուսին անցնելը բարդ ու պարտավորեցնող է Մկոյի համար, սակայն դերասանը ջանք չի խնայում հեռուստադիտողներին լավ ներկայանալու համար:

«Շատ ծանրաբեռնված շրջան է: Գիշերը թատրոնում եմ փորձերի, ցերեկը նկարահանման: Մտավախություններ միշտ կան, որովհետև հանդիսատեսն ուզում է նորովի տեսնել քեզ: Ինքդ քեզ հետ մշտական պայքարի մեջ ես, որպեսզի ուժերդ ճիշտ բաշխես և նոր գույներ բերես էկրան: Հուսով եմ՝ կստացվի: Մարմնավորում եմ իմ ամենասիրեի կերպարներից՝ գյուղացու: Սակայն այս կերպարս տարբերվում է նախկինում խաղացածս գյուղացու դերերից, որքան միամիտ է, նույնքան էլ խորամանկություն ունի: Ես երբևէ չեմ խաղացել գյուղացու, որը մի քիչ խորամանկ է»,- պատմեց դերասանը:

Արփի Գաբրիելյանը մարմնավորում է հարուստ կնոջը, որն էլ դառնում է այգեպանի երեք երեխայի «ֆեյք մաման»: Դերասանուհին այս եթերաշրջանում նախընտրեց սքեթչերի ձևաչափում Լիկային մարմնավորելու փոխարեն նոր կերպարով ներկայանալ հեռուստադիտողներին: Նոր թիմ, նոր կերպար ու նոր խնդիրներ, որոնք պետք է լուծի: Արփին վստահեցնում է, ոչ մի օր աշխատանքի չի գալիս, ինչպես միշտ, աշխատանքն իր համար մեծագույն հաճույք է:

«Ինձ համար շատ հետաքրքիր է նորությամբ հանդես գալ, նոր մարդկանց, նոր ռեժիսորի հետ աշխատել, սովորել: Աշխատանքի ընթացքում ես մշտապես սովորում եմ: Նոր կերպարս ինձ ստիպում է անընդհատ սովորել ու է՛լ ավելի կատարելագործվել իմ աշխատանքում,- ասաց նա ու հավելեց, որ Մկոյի հետ աշխատանքը շատ հետաքրքիր ու հաճելի է: -Ես անչափ սիրում եմ մարդկանց, որոնք իրականում իրենցից շատ մեծ արժեք են ներկայացնում, բայց շատ համեստ են»

Հաճախ նախագծերում շեշտադրված է լինում Արփիի արտաքին տեսքը: Դերասանուհին ուրախությամբ նկատեց, որ այս դեպքում իր արտաքին գրավչությունը շեշտված էր միայն առաջին սերիայում: «Առաջին սերիայում արտաքինս շեշտված էր, հիմա՝ ոչ: Առաջին սերիայում լրիվ այլ կերպար եմ խաղում, հետո ամեն բան փոխվում է: Ինձ համար հետաքրքիր է խաղալ այդ կոնտրաստը: Կփորձեմ այնպես կերտել կերպարը, որպեսզի չնմանվի իմ նախորդ կերպարներից և ոչ մեկին: Հուսով եմ՝ մյուս սերիաներում չի լինի: Որպես դերասանուհի՝ դա մշտապես խնդիր է եղել ինձ համար: Առավել հաճելի և պատասխանատու է, երբ արտաքինս շեշտադրված չէ»:

Պատմությանը լրացուցիչ ինտրիգներ կհաղորդի Սունդուկյան թատրոնի դերասան Արթուր Հարությունյանի կերպարը, որը Մկոյի կերպարի բանակային ընկերն է: «Իմ կերպարը խառնվածքով շատ տարբեր է վրեժից: Ինտրիգներ ստեղծող, գույներ տվող, էներգիայի կծիկ կերպար է,- ասաց դերասանն ու վստահություն հայտնեց, որ նախագիծը հաջողելու են, քանի որ աշխատում են շատ առողջ մթնոլորտում,- շատ ուրախ եմ, որ այսպիսի թիմում եմ աշխատում»:

   

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի։ Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика