Միքայել Մինասյանը անդրադարձել է Արթուր Վանեցյանի հրաժարականին: Հենց Վանեցյանն է բացատրություններ տալու … մարդկանց վրա գործեր կարելու … համար

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին և նրա այսօրվա հայտարարություններին։

«Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային: Նայում եմ ԱԱԾ նախկին ղեկավարի վերջին հարցազրույցը: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»: Բայց այս թեմայով ավելի ուշ կխոսենք:

Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու, ռեպրեսիվ հետապնդումներ կազմակերպելու, նախագահ բանտարկելու քաղաքական պատվերի մաս կազմելու, պետական իշխանության տարբեր ճյուղերի նկատմամբ տեռորի իրականացմանը մասնակցելու կամ այդ ամենի մասին իմանալու և չբարձրաձայնելու մասին:

Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են:

Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»,-գրել է Միքայել Մինասյանը։ Հիշեցնենք, որ այսօր Արթուր Վանեցյանը կոչ էր արել իր անունը չկապել Միքայել Մինասյանի հետ։

«Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»,-ասել էր նա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика