«Վատ աղբահանությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կարող է առաջացնել: Տուրիստներն անմիջապես աղբ են նկարում, խայտառակ ենք լինում աշխարհով մեկ».

«Վատ աղբահանությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կարող է առաջացնել: Ամենավտանգավորը, որ կարող են առաջանալ, էպիգենիաներն են, որովհետև աղբի հետևանքով զարգանում են միջատները և այն միկրոբները, որոնք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ: 2-րդը` գարշահոտությունն է, իսկ 3-րդը՝ որոշ վայրերում այրում է տեղի ունենում, ինչի հետևանքով օդային ավազանն աղտոտվում է թունավոր տոքսիկ նյութերով»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով` բազմաթիվ երկրներում ընդունված է աղբն այրելու մշակույթը, սակայն դա կատարվում է շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի տոքսիկ նյութերը ոչ թե առաջանան, այլ քայքայվեն: Իսկ մեր երկրում, եթե քաղաքացիները փորձեն ինքնուրույն նման ճանապարհով վերացնել աղբը, ապա դա մեծ վնաս կհասցնի մթնոլորտին:

«Մենք վաղուց պետք է անցում կատարեինք աղբի տեսակավորմանը և վերամշակմանը: Ամիսներ առաջ Մոսկվայից ինձ մի հայ գործարար էր դիմել, որ այստեղ կազմակերպեր աղբի վերամշակում: Տևական ժամանակ դիմել է բոլոր պատկան մարմիններին: Նրան տարածք չեն տրամադրել և թույլ չեն տվել աշխատել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նա նաև ընդգծեց այն փաստը, որ այժմ տուրիստական շրջան է և զբոսաշրջիկներն այցելելով մեր երկիր` առաջինն ականատես են լինում աղբակույտերի:

«Տաքսու վարորդն ինձ պատմեց, որ տուրիստների է տեղափոխում, և հենց մտնում են քաղաք ու տեսնում են այդ աղբը, անմիջապես սկսում են նկարել: Խայտառակ ենք լինում աշխարհով մեկ»,- ասաց բնապահպանը:

Կարինե Դանիելյանն ընդգծեց նաև, որ այս ճգնաժամային պարագայում օպերատիվ լուծումներ են պետք: Օրինակ, Եվրամիությունը նպատակ է դրել 0 թափոն: Երկրներ կան, օրինակ, Ֆինլանդիան և այլ մերձբալթյան երկրներ, որտեղ հորած թափոնների տոկոսը իջել է 1 կամ 2 տոկոսի:

«Հայաստանում դա տեղի չի ունենում էկոլոգիական մշակույթի բացակայության պատճառով: Մեզանում բարբարոսական պատկերացում ունենք շրջակա միջավայրի մասին: Ունենք առանձին երիտասարդներ, որոնք պայքարում են, բայց երբեմն ապշեցուցիչ երեւույթների էլ ես ականատես լինում: Մեզ մոտ էկոլոգիական խնդիրը միշտ վերջին կետում է»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика