Գրեթե բոլոր երկրներում եղել եմ. որտե՞ղ կհանգստանա Սոֆի Դեւոյանը եւ ու՞մ հետ

Պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանը հանգստի կմեկնի սեպտեմբերին: Նա ամուսնու հետ նավով կշրջագայի Իտալիայում: Տիկին Դեւոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Քիչ թվով երկրներ կան, որտեղ պարուհին չի հասցրել լինել, դրանցից մեկն էլ Իտալիան է. «Շատ եմ ուզում գնալ, Պիզայի աշտարակը տեսնել, Սիքստինյան կապելլան: Բացի Հռոմից, տարբեր քաղաքներում կլինենք: Ասեմ, որ ակտիվ հանգստի սիրահար եմ:

Նախընտրում եմ քայլել, այցելել տարբեր տեսարժան վայրեր, մշակութային օջախներ: Պաշտում եմ նաեւ ծովը, այս անգամ էլ անպայման նաեւ ծով կայցելեմ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք երեխաների, թոռների հետ շրջագայելու պլաններ ունի, պարուհին պատասխանեց, որ թոռնիկներն արդեն հասցրել են հանգստանալ, նաեւ այս շրջանում բավական զբաղված են, ուստի նպատակահարմար է համարում ճամփորդել ամուսնու հետ: Քանի որ տիկին Դեւոյանը սիրում է միջանկյալ եղանակները՝ գարուն եւ աշուն, որոշել է, որ հենց աշնանը կմեկնի հանգստի, ոչ թե ամռանը, ինչպես անում են շատերը: Հարցին, թե որ երկրներն են մեծ տպավորություն գործել իր վրա, տիկին Դեւոյանը պատասխանեց. «Շատ եմ սիրում Ֆրանսիան: Ինձ երբեմն թվում է, թե նախորդ կյանքում այնտեղ եմ ծնվել:

Բավական տպավորիչ է եղել նաեւ այցս Հնդկաստան եւ Լատինական Ամերիկա»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ստացվում է արդյոք համատեղել աշխատանքը հանգստի հետ. «Այս աշնանը ինձ իսկապես պետք է հանգստանալ, քանի որ սեպտեմբերի վերջին համերգ ունենք, եւ հետո շատ մեծ նախագծի շուրջ եմ աշխատում, բայց ամբողջ կյանքում, այո, համատեղել եմ գործնական շրջագայություններս հանգստի հետ»,- մեկնաբանեց պարուհին: Նա նաեւ հավելեց, որ աշխատանքն իր հանգիստն է. երբ աշխատում է, մեծ բավականություն է ստանում, խաղաղվում է, երբ ոչ, հոգնում է:

Աննա Բաբաջանյան

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика