Երգչուհի Նունե Եսայանը նոր ֆոտոշարքը, 50-ամյակի, դաջվածքի և հոբելյանական համերգների մասին

Երգչուհի Նունե Եսայանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է իրեն բնորոշ դասական կերպարով: Նունեն լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և ասել, որ նոր ֆոտոշարքն իր արխիվը համալրելու համար էր:


Նոր լուսանկարները, թեև դասական ոճում են, հասցրել են քննարկումների տեղիք տալ: 49-ամյա երգչուհին իր տարիքից ավելի երիտասարդ է երևում, ինչը նկատել են շատ երկրպագուներ, սակայն ոմանք էլ կարծիք են հայտնել, թե ավելի երիտասարդ երևալու համար նա դիմել է պլաստիկ վիրահատությունների: Երգչուհին շտապեց հերքել այս խոսակցությունները:

«Երբևէ որևէ պլաստիկ միջամտության չեմ դիմել, ոչ քիթս, ոչ շրթունքներս, ոչ էլ որևէ այլ բան չեմ փոփոխել, ոչինչ չեմ ավելացրել կամ պակասացրել ինձ վրա, երիտասարդացնող միջոցների էլ չեմ դիմել: Չեմ էլ պատրաստվում որևէ փոփոխության դիմել»,- նկատեց երգչուհին:

Ի դեպ, լուսանկարներից մեկում երևում են երգչուհու ձեռքերի դաջվածքները՝ «Հ» և «Է» տառերը, որոնք խորհրդանշում են նրա և դերասան Ավո Խալաթյանի երեխաների՝ Հենրիի և Էլիզաբեթի անվան սկզբնատառերը: Նունեն ասաց, որ դաջվածքներմ արել է դեռ 4 տարի առաջ, պարզապես այս լուսանկարում ընդգծված են:

Օգոստոսի 5-ին երգչուհին կտոնի 50-ամյակը: Բուն տարեդարձի օրը Նունեն մեկ ամիս հետաձգել է: Նա իր հոբելյանը կտոնի բացօթյա մեծ խնջույքով, սակայն սեպտեմբերի 5-ին, քանի որ օգոստոսն արձակուրդային շրջան է, և շատերը բացակայում են երկրից:

Երգչուհին այս տարի տոնում է ոչ միայն իր 50-ամյակը, այլև բեմական գործունեության 30-ամյակը: Աշնանը կմեկնարկի նաև նրա հոբելյանական համերգների շարքը: Առաջին համերգը կկայանա նոյեմբերին՝ Երևանի համերգային դահլիճներից մեկում, երկրորդը՝ ապրիլին Կրեմլում, երրորդը՝ Լոս Անջելեսում: Վերջինի ժամկետը դեռ հստակեցման փուլում է: Նունեն հայտնեց, որ Երևանի համերգը բարեգործական բնույթ է ունենալու և ամբողջ հասույթը փոխանցվելու է Պաշտպանության նախարարությանը:

Նա ասաց, որ դասական համերգ է ունենալու, որի ժամանակ կարևոր շեշտադրում են արել էկրանից ցուցադրվող նյութի բովանդակության վրա: Այս անգամ երգչուհին որոշել է բեմում լինել մենակ՝ առանց շոուի և ներկայացնել 30 տարվա երգացանկի ընտրանին:

Երկար տարիներ բեմում անցկացրած երգչուհու համար աշխատանքն անբաժանելի մասնիկ է: Նա առաջին անգամ չէ տարեդարձն աշխատանքային միջավայրում տոնում: Նախորդ տարի՝ իր 49-ամյակի օրն էլ Նունեն նշեց համերգով և տեսահոլովակի շնորհանդեսով:

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика