Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը․ 15 տարի առաջ ընդհատակ անցած լրագրողը վերադարձել է

Եթե նոր իշխանությունների տեղը ես լինեի՝ կարող է ես էլ չուզեի վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը։

Armdaily.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Վահագն Ղուկասյանը, ով 2003 թ-ի հունվարին դատախազությունում հարցաքննվելուց հետո հեռացել էր Հայաստանից՝ վստահ լինելով, որ քննիչն իրեն կալանավորելու սանկցիա է տալու։ Մեկ ամիս առաջ Ղուկասյանը վերադարձել է Հայաստան։

«Ես 60-ից ավելի լրագրողական հոդվածներ եմ գրել «Հոկտեմբերի 27-ի» կազմակերպման վերաբերյալ, և եկել եմ եզրակացության, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է։

Չնայած կազմակերպչական առումով ես անուններ չեմ շեշտում, սակայն, երբ գործի մանրամասներին ծանոթ ես լինում, իսկ ես ծանոթ եմ 18 հազար թերթ գործի, դա մոտավորապես 42 հատոր է, եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի մասշտաբով բացահայտված է կազմակերպիչների ով լինելը։ Հայաստանից դուրս՝ արտաքին հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, որ այսօր թույլ չեն տա բացահայտել պատվիրատուին»,-ասաց նա։

Ղուկասյանի խոսքերով, ինքը Հոկտեմբերի 27-ից 5 ամիս հետո տպագրել է իր՝ «Դիտորդի վարկածը» գրքույկը, որտեղ նշում է, որ սպանությունների հետքերը տանում են Ռուսաստան։ «Այդ գրքում ես հավաքել եմ բոլոր ահաբեկիչներին, որոնց մեջ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներ կան, իսկ նրանց հետևում Պուտինն է կանգնած։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ ես երբեք չեմ հայտարարել, որ կազմակերպիչը նա է, բայց իմ հրապարակումներիում ցույց եմ տվել, որ Քոչարյանը անպայմանորեն դրան մանակից է եղել ու տեղյակ է եղել։ Քոչարյանը դա մի առիթով խոստովանել է։ Ամեն դեպքում, դա իմ անձնական ընկալում է։ Ես կարծում եմ, որ գործը գրեթե ամբողջովին բացահայտվել է մինչև 2000 թ-ի ապրիլին։

Այն պահից, երբ գործի նյութերը Զինվորական դատախազությունից վերցվեցին ու փոխանցվեցին Գլխավոր դատախազությանը՝ վերջինս ոչ թե սկսեց հետաքննություն անել կազմակրպիչների բացահայտման մասով, այլ հակառակը՝ սկսեց հետքերը լվանալու գործընթաց իրականացնել։

Չնայած՝ ես այն կարծիքին եմ, որ որքան փորձում էին հետքերը մաքրել-լվանալ, այնքան ավելի շատ են հետքերն ավելանում»,-ասաց նա։

Անդրադառնալով Հայաստան վերադառնալու պատճառներին՝ նա նշեց, որ երբ ընդհատակ էր անցել, հայտարարել էր, որ ժամանակավորապես է լքում Հայաստանը։ «Ես ասել էի, որ չեմ պատրաստվում ընդմիշտ ապաստանելու որևէ երկրում, երբ իմ կյանքին ուղղված վտանգները կվերանան՝ ես կվերադառնամ։

Քանի որ խոչընդոտները վերացած էին՝ ես որոշեցի վերադառնալ։ Ես 15 տարի Ֆրանսիայում ապրում էի, ինձ քաղաքական վտարանդի զգալով, հիմա ես ինձ այդպիսին չեմ ճանաչում, դրա համար էլ որոշել էին վերադառնալ։

Միայն տեխնիկական էին պատճառները, որ իմ վերադարձը մեկ տարի ձգձգվում էր» ,-ասաց Ղուկասյանը։

աղբյուր

 

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика