Պաշտպանության նախարարը շատ կարևոր հարցի պատասխան տվեց

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ուսումնասիրությունը, որի մասին օրերս հայտարարել էր նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գտնվում է ՊՆ-ում և այն կտրամադրեն Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին:

Դավիթ Տոնոյանը, որն այդ շրջանում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր, նշել է, որ պատրաստ են գործակցել հանձնաժողովի հետ և, եթե կան հանրությանը հուզող հարցեր, ապա դրանք պետք է ստանան պատասխան, որպեսզի նաև վերանան սխալ հետևությունները, որոնք կարող էին ծագած լինել հակառակորդի քարոզչական աշխատանքի հետևանքով: Նախարարը նշել է, որ ՊՆ-ում եղած ուսումնասիրությունը մասնագիտական ուսումնասիրություն է:

Մասնագիտականությունը այս օրերին բավականին աշխուժորեն քննարկվում է և ակնառու է, որ հատկապես նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր շահարկում են այն, որ խորհրդարանի հանձնաժողովը պատերազմի ուսումնասիրման մասնագիտական համարժեք հարթակ չէ: Առերևույթ դա կարող է լինել և այդպես: Մյուս կողմից, պատերազմի հանգամանքները չեն լինում լոկ մասնագիտական, այն էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:

Այդ իմաստով, եթե խոսքը ռազմական մասնագիտացման մասին է, ապա պաշտպանության նախարարի հայտարարությունը բավականին պատեհ է, վկայելով այն մասին, որ ՊՆ-ն իր մասնագիտակցվածությամբ պատրաստ է ապահովել հանձնաժողովի աշխատանքի այդ տիրույթը: Նախարարը փաստացի ակնարկում է, որ թույլ չեն տա այդ տիրույթում ապամասնագիտական շեղում:

Միևնույն ժամանակ, պատերազմի, և առավել ևս Ապրիլյան քառօրյա պատերազմի պարագայում, հանգամանքների ուսումնասիրությունը միայն ռազմական մասնագիտացում չէ, որ պահանջում է: Եվ ավելին, գուցե նույնիսկ ամենաքիչը հենց ռազմական մասնագիտական հարցերն են քննարկման և ուսումնասիրման կարիք զգում, և ավելի շատ, հիմնական, գերակշռող ուսումնասիրության կարիք զգում են ընդհանուր պետական-քաղաքական կառավարման հարցերը:

Ի վերջո, բուն պատերազմը մեր ռազմարվեստի հաղթանակն էր, երբ հայկական զինուժը կարողացավ գործնականում անհավասար պայմաններում, առավելապես ժամկետային զինվորական ստորաբաժանումներով ուղղակի կոտրել ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների մեջքը: Իհարկե, պատերազմը երբեք չի կարող լինել հրամանատարական որոշումների և կազմակերպվածության առումով անթերի:

Անկասկած, բոլոր թերացումները և սխալները պետք է ուսումնասիրվեն, դիտավորության ռիսկերը չեզոքացնելու համար, անգամ պրոֆիլակտիկ նպատակով, սակայն, ընդհանուր առմամբ, Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի ռազմական հաղթանակն էր՝ քաղաքական կամ ռազմա-քաղաքական պարտության տարիներից հետո, որով բանակը ուղղակի սրբագրեց քաղաքական պարտության հետևանքները՝ ծանր, այդ թվում՝ թանկագին կյանքերի գնով: Ահա, այդ իմաստով, պաշտպանության նախարարն էլ, հայտարարելով մասնագիտական ուսումնասիրությունը հանձնաժողովին տրամադրելու, նաև գործակցության պատրաստակամության մասին, ակնարկել է, որ խնդիրն ավելի լայն է:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները պետք է ուսումնասիրվեն, թերևս ոչ թե չորս օրերի, և ոչ էլ չորս շաբաթների կամ ամիսների, այլ, թերևս, առնվազն չորս տարիների զարգացումների համատեքստում, որովհետև, խոշոր հաշվով, այդ պատերազմը զարգանում էր մի քանի ներքին և արտաքին քաղաքական գծերի զուգահեռ ծավալումով, սկսած ներքին կառավարումից և ներհամակարգային հարաբերությունների թեժացումից, համակարգի տարբեր թևերի՝ իշխանության համար սրվող պայքարից մինչև այդ ֆոնին զուգահեռ Հայաստանի Եվրաասոցացման գործընթաց, վերջին պահին դրա տապալում Եվրասիական շրջադարձ փաստացի մեկ գիշերում, քաղաքական հետևանքներ, զուգահեռ Ադրբեջանի լկտիացում և քայլ առ քայլ ագրեսիվացում առաջնագծում, և զուգահեռ փակվող օղակով այդ ամենի ֆոնին հայկական ներքին կյանքում կառավարման տրամաբանության բացարձակ անփոփոխություն՝ չնայած ուղղակի աղաղակող արագությամբ աճող մարտահրավերներին: Ահա, թե ինչու է համարժեք խորհրդարանական ֆորմատը, որովհետև ամենևին լոկ կամ նույնիսկ առավելապես նեղ մասնագիտական և քրեաիրավական հարցեր չէ, որ պետք է պարզի հանձնաժողովը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика