Փաշինյանի վարկանի՞շն է անկում ապրել, թե՞ ժողովրդավարությունն է հաղթել

Երեկ  ՀՀ 23 համայնքում  տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:  Լրատվամիջոցների ու հանրության ուշադրության կենտրոնում էր հատկապես  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցող ընտրությունը։  Թեև հինգ թեկնածու էր առաջադրվել, այդուամենայնիվ, թեժ պայքար էր ընթանում գործող քաղաքապետ անկուսակցական Վագահն Գևորգյանի և ՔՊ-ական  Գրիգոր Գուլյանի միջև։ Դեռ  հունիսի 7-ին իր հարցազրույցներից մեկում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել էր՝ ԲՀԿ-ն չի աջակցի գործող քաղաքապետին,  քանի որ վերջինս դրա կարիքը չունի։

«Վահագն Գեւորգյանը շատ հարգված քաղաքապետ է, գործ է կատարում, նա մեր աջակցության կարիքը չունի, եթե ունենար ես քարոզարշավին կմասնակցեի, ինքն իր գործով ապացուցել է ամեն բան», — ընդգծել էր Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք՝ Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից   ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է եղել 360 թվեաթերթիկ:

Աբովյանում տեղի  ունեցած ընտրությանն անդրադառնալով՝ այսօր վարչապետ Նկոլ Փաշինյանը հայ-իտալայան բիզնես ֆորումից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց՝ տեղի են  ունեցել ընտրություններ, և  հաղթել է ժողովրդավարությունը, իսկ ահա  Կոտայքի  մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գնահատականը բոորովին այլ   էր։

«Առհասարակ, երեկվա այն իրողությունները, որ տեղ գտան Աբովյան քաղաքում գլոբալ առումով, այո՛, ազդեցին ընտրությունների ելքի վրա և 395 քվեով ավել հաղթանակ տարավ գործող քաղաքապետն ու իր հովանավոր ԲՀԿ-ն. բայց դա իրենց հաղթանակը չէ, դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր», —  այսօր  իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությանը՝ նշել էր Կոտայքի մարզպետը։

Անդրադառնալով վարչապետի և Կոտայքի մարզպետի  գնահատականների  հակասական լինել-չլինելու փաստին՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը  պնդեց՝ Կոտայքի մարզպետի և վարչապետի խոսքերում հակասություն չկա:

Խոսելով  վերոնշյալ թեմայի մասին՝ ArmDay.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը  նշեց՝   փաստ է՝ վարչապետն ու Կոտայքի մարզպետը միմյանց հակասում են։

Վերջինս  հիշեց  հայտնի  «Ոսկե հորթը» ( «Золотой телёнок») ֆիլմից մի հատված, երբ   Օստապ Բենդորը  խաբում է, ասում՝ գրոսմայստեր է, զուգահեռ խաղեր է սկսում 18  խաղատախտակի վրա և հերթով պարտվում է բոլոր պարտիաները։

«Հիմա նույն այդ իրավիճակն է  հիշեցնում Փաշինյանի և իշխանական թիմի քարոզչությունը։ Հենվելով նախկին էյֆորիկ տրամադրությունների վրա՝  իրենց գրոսմայստեր են կարծել և հիմա տարբեր տեղերում հերթով սկսել են պարտվել։

Ակնհայտ է,  որ  իշխանությունը նախկին հասարակական աջակցությունն այլևս չունի։ Ակնհայտ է, որ դժգոհությունները շատ են,  և Փաշինյանն ու իր թիմակիցները չեն արդարացնում հասարակության սպասելիքները։ Ահա  այս  երևույթների ֆոնին, օրինաչափորեն   նրանք պարտվեցին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։ Կապանում էլ էին մինչ այս  պարտվել, դեռ առաջիկայում էլ կպարտվեն։

Համայնքներում էլ  հաճախ կտեսնենք իշխող քաղաքական ուժի պարտությունը։ Չնայած նրանք դա փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ՝ ես կարծում եմ՝ դա  ընդամենը արդարացում է։ Իրական պատճառն այն է, որ հասարակությունը  օր  օրի ավելի է հիասթափվում Նիկոլ Փաշինյանից», — նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Մեր թղակցի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ևս անդրադարձավ Աբովյանում տեղի ունեցած ընտրությանը։

«Տեղի է  ունեցել  ժողովրդավարական ընտրություն։  Այդ մասին  վարչապետն էլ հայտարարեց։ Այո՛, սա ժողովրդավարական երկրում տեղի ունեցած ընտրություն էր, որտեղ ներսում որևէ բան չի կիրառվել,  իսկ  դրսում ինչ-որ ազդեցություն եղել է, թե ոչ, ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, այդ  ինֆորմացիային չեմ տիրապետում, քանի որ  երկօրյա այցով գտնվում էի  Իրանում, նոր եմ վերադառնում։

Կարող եմ ասել՝ աբովյանցին կատարել է իր ընտրությունը, արժանի է իր թեկնածուին և առաջիկա տարիների ընթացքում   ունենալու է հենց  այն քաղաքապետը, որին ընտրել է», —  ասաց Ռուստամ Բաքոյանը։

Վերջինս շեշտեց՝  համաձայն չէ այն կարծիքին,  թե վարչապետի վարկանիշն անկում է ապրել։

«Վարչապետի վրկանիշն անկում չի ապրել։ Նույնը կարող ենք ասել այն դեպքում, երբ  Կապանի ընտրությունները եղան։ Ոմանք դրանից հետո ասացին՝ վարչապետի վարկանիշն անկում է ապրել,  որովհետև ՔՊ-ական թեկնածուն չընտրվեց։ Բայց, մի քանի ամիս անց  ընտրություններ տեղի ունեցան ամբողջ Հայաստանում․ հիշենք՝ արդյունքներն ինչպիսին էին, արդյո՞ք կարելի  էր ասել, թե  վարչապետի վարկանիշն անկում է ապրել։

Հիմա էլ, վստահ եմ, եթե նույն  այդ ընտրությունը լիներ, էլի նման ցուցանիշ էր լինելու, քանի որ   երկրում ժողովրդի իշխանությունն է», —  եզրափակեց պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика